Ռուսական «Սպորտ Էքսպրես» օրաթերթն ամփոփել է նախկին ԽՍՀՄ տարածքի լավագույն ֆուտբոլիստի որոշման համար անցկացված «Զվեզդա» մրցույթի արդյունքները: Հարցմանը մասնակցել են նախկին ԽՍՀՄ-ի 15 հանրապետությունների 45 լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք անվանել են լավագույն ֆուտբոլիստների հնգյակի իրենց տարբերակները:
Հարցման արդյունքներով Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վաստակած 20 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը: Բնականաբար, Հայաստանից հարցմանը մասնակցած 3 լրատվամիջոցներն էլՙ «Ֆուտբոլ պլյուսը», Հանրային հեռուստատեսությունն ու «Արմենիա» հեռուստաընկերությունը հարցաթերթիկում առաջին տեղում նշել են Հենրիխ Մխիթարյանին, ինչի շնորհիվ նա վաստակել է 15 միավոր: Մնացած 5 միավորը նա վաստակել է 5 հարցաթերթիկում 5-րդ տեղում նշված լինելու շնորհիվ: Մխիթարյանին հիշատակել են Լիտվայի, Մոլդովայի, Ռուսաստանի մեկական լրատվամիջոցներ, իսկ ահա Թուրքմենստանից միանգամից 2 լրատվամիջոց հարցաթերթիկում նշել է Մխիթարյանի ազգանունը: Նշենք, որ յուրաքանչյուր երկրից հարցմանը մասնակցել է 3 լրատվամիջոց:
Հաղթող է ճանաչվել Ուկրաինայի հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Անդրեյ Վորոնինը, որը վաստակել է 175 միավոր: Հետաքրքրական է, որ Վորոնինի ազգանունը չեն նշել միայն Թուրքմենստանի 2 լրատվամիջոցները: 23 հարցաթերթիկում Վորոնինի ազգանունը նշվել է առաջինը, 6-ումՙ 2-րդը, 10-ումՙ 3-րդը, 2-ումՙ 4-րդը, 2-ումՙ 5-րդը:
2-րդ հորիզոնականում Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» եւ ՌԴ հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կերժակովն է, որը վաստակել է 119 միավոր: 3-րդ տեղում նրա թիմակից, դարպասապահ Վյաչեսլավ Մալաֆեեւն է, որն ունի 63 միավոր:
Բացի Հենրիխ Մխիթարյանից, լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Անատոլի Տիմոշչուկը, Ալան Ձագոեւը, Իգոր Դենիսովը, Օդիլ Ահմեդովը, Ռոման Պավլյուչենկոն եւ Անդրեյ Արշավինը: Ընդհանուր առմամբ լրատվամիջոցները հարցաթերթիկներում նշել են 21 ֆուտբոլիստի ազգանուն:
«Զվեզդա» մրցույթն անցկացվում է 2004-ից: Առաջին դափնեկիրը «Միլանի» եւ Ուկրաինայի հավաքականի հարձակվող Անդրեյ Շեւչենկոն էր, որը հաջորդ տարի եւս հաղթող ճանաչվեց մրցույթում: 2006-ին լրագրողները նախապատվությունը տվեցին Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեեւին: Այնուհետեւ 3 տարի շարունակ դափնեկիր դարձավ «Զենիթի», հետագայում Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Անդրեյ Արշավինը: Անցած տարի նախկին ԽՍՀՄ տարածքի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Զենիթի» եւ ՌԴ հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կերժակովը:
«Սպորտ Էքսպրեսը» կազմել է նաեւ մրցաշրջան-2011-ի 10 կարեւորագույն իրադարձությունների ցանկը: Այդ ցանկում Հայաստանի ազգային հավաքականի տպավորիչ հաղթանակը Ժիլինայում Սլովակիայի ընտրանու նկատմամբ (4-0) 7-րդ տեղում է: Ահա թե ինչ է գրում թերթն այդ առիթով. «Սլովակների նկատմամբ Հայաստանի հավաքականի տոնած փայլուն հաղթանակը հույսեր արթնացրեց, որ հայերը հաջողությամբ կավարտեն Եվրո-2012-ի ընտրական մրցաշարը: Ցավոք սպասելիքները չարդարացան: Բայց Ժիլինայում կայացած հանդիպումը կընդգրկվի Հայաստանի հավաքականի տարեգրությունում որպես ամենատպավորիչ խաղերից մեկը»:
1-ին տեղում Ուզբեկստանի հավաքականի Ասիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ մտնելն է: ՌԴ հավաքականի ուղեգիր նվաճելու փաստը համարվել է 2-րդ կարեւորագույն իրադարձությունը: