Հունվարի 23-28-ը Շեֆիլդում կայանալիք գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը տղամարդկանց մենասահքում կներկայացնի 15-ամյա Սլավիկ Հայրապետյանը: Նման որոշում է կայացրել գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի մարզչական խորհուրդը:
Նախապես որոշվել էր, որ Սլավիկ եւ Սարգիս Հայրապետյան եղբայրները, որոնք Ռիգայում մարզվում են իրենց ծնողներիՙ Սամվել եւ Արմինե Հայրապետյանների ղեկավարությամբ, պետք է մասնակցեին հունվարի 5-8-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայանալիք այդ երկրի բաց առաջնությանը, որպեսզի որոշվեր, թե եղբայրներից որ մեկն է մեկնելու Շեֆիլդ: Սակայն վիզայի հարցերի ձգձգման պատճառով նրանք չկարողացան մասնակցել Լեհաստանի առաջնությանը:
Սպասվում է, որ եղբայրները հանդես կգան փետրվարի 2-7-ը Գերմանիայի Օդերդորֆ քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին կամ էլ ելույթ կունենան փետրվարի 12-17-ը Հելսինկիում անցկացվելիք մրցաշարում: Բացի այդ, 19-ամյա Սարգիս Հայրապետյանը Հայաստանը կներկայացնի մարտի 25-ից ապրիլի 1-ը Ֆրանսիայի Նիցա քաղաքում կայանալիք գեղասահքի աշխարհի մեծահասակների առաջնությունում: