ԼՂՀ-ի ՊԲ-ի օպերատիվ տվյալներովՙ այս տարվա մեկնարկային օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները դրսեւորել են առանձնակի ակտիվություն: Միայն դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը եւ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի դիրքապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հրադադարի ռեժիմը խախտել են 90 անգամ` պաշտպանական բանակի առաջնագծի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց: Հրադադարի ռեժիմի խախտման նկատելի ակտիվություն է արձանագրվել նաեւ անցած շաբաթվա ընթացքում: Շփման գծի երեք ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդն օգտագործել է գնդացրային եւ դիպուկահար զինատեսակներ:
Պաշտպանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տուրք չեն տվել ադրբեջանական բանակի նմանօրինակ նախահարձակ գործողություններին, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ առաջնային գծի ողջ երկայնքով պաշտպանել են մարտական դիրքերը: