ԵԱՀԿ-ն դեռեւս դեկտեմբերի 22-ին իր Մշտական խորհրդի նիստում, կազմակերպության ընդհանուր բյուջեն հաստատելիս, քննարկել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ֆինանսավորման ավելացման հարցը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարության երեկ տարածած հաղորդագրության համաձայն, այդ քննարկումը պայմանավորված է եղել անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ամրապնդման անհրաժեշտությամբ` հաջակցություն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հնարավոր միջադեպերի հետաքննության անցկացմանը: Ֆինանսավորման ավելացումը հնարավորություն կտար նաեւ կատարել 1995 թ. փետրվարի 6-ի պայմանավորվածությունները, որոնք ստորագրել են հակամարտության երեք կողմերը (ԼՂՀ, Ադրբեջան եւ Հայաստան) ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի համանախագահների միջնորդությամբ:
Անձնական ներկայացուցչի գրասենյակի բյուջեի ավելացման գաղափարը լայն աջակցություն է գտել ԵԱՀԿ անդամ-պետությունների շրջանում, կտրականապես դեմ է եղել միայն Ադրբեջանի պատվիրակությունը, պատճառաբանությամբ, թե չի կարող հավանություն տալ գրասենյակին հավելյալ միջոցների տրամադրմանը, քանի դեռ վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել միջադեպերի հետաքննության մեխանիզմի մանրամասների շուրջը:
«Ցավոք, մենք արդեն առաջին անգամ չենք բախվում նման իրավիճակի, երբ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները ամբողջովին հակասում են բարձր մակարդակով արված նախկին հայտարարություններին, մասնավորապես այն հայտարարությանը, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից հնչել է 2011 թվականի մարտի 5-ին Սոչիում», ասված է ԼՂՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ, շեշտադրմամբ, որ այս կերպ ակնհայտ է Ադրբեջանի անշահագրգիռ մոտեցումը շփման գծի միջադեպերի հետաքննությանը: Եվ դա, ըստ ԼՂՀ արտգործնախարարության, այն պատճառով, որ «արդյունքում ի հայտ է գալու, որ հենց ադրբեջանական կողմն է պարբերաբար իրականացնում սադրանքներ, դրանով իսկ խորացնելով հակամարտող կողմերի փոխադարձ թշնամանքն ու անվստահությունը եւ բանակցային գործընթացը կանգնեցնելով փակուղու առաջ»: