«Հանրապետությունում արձանագրվել է ծնելիության բացարձակ թվի նվազում: Այն կլինի տեւական եւ հարաճուն, քանի որ ծնող տարիք է մտնում 90-ականներին ծնված փոքրաքանակ սերունդը»: Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը կրկին ահազանգում է, որ հեռու չէ այն օրը, երբ մեզ մոտ ծնվածների թիվը կսկսի ավելի քիչ լինել, քան մահացողներինը, հայերն էլ կդասվեն ծերացող ազգերի շարքին: Մասնագետը հավելում է, որ վաղուց ենք ոտք դրել վտանգավոր շեմ, քանի որ բնակչությունը գնալով նվազում է, մահացությունները շատ են, ծնունդներըՙ քիչ: Եվ դա ոչ միայն բացասական միգրացիայի, այլեւ բացասական վերարտադրողականության հետեւանք է:
Ազգագրագետ Աղասի Թադեւոսյանն էլ միգրացիայի խնդրում ոչ միայն ժողովրդական, այլեւ տնտեսական, իրավական եւ մշակութային առումներ է տեսնում: Նրա մեկնաբանությամբՙ եթե իշխանությունները երկրի զարգացման ռազմավարական ծրագիր ունենային, որի մեջ կմտներ տարբեր տեսակի ոլորտների զարգացումը, ապա մարդկային ռեսուրսների անհրաժեշտություն կզգացվեր, եւ այս առումով ռեսուրսների զարգացման երաշխիքներ կտրվեին: «Միգրացիան բնական արձագանք է այսօր երկրում տարվող քաղաքականության», ասում է նա:
Մասնագետները համոզված են, որ միայն երեխայի ծնվելու պահին տրվող գումարով անհնար է դեմոգրաֆիկ անկումը կանխել: Եգանյանի համոզմամբ` միայն ոչ հոռետես մարդիկ կարող են պահի ազդեցությունից ոգեւորվել պետությունից տրվող նպաստի հանգամանքից եւ երրորդ կամ ավելի երեխա ունենալ: Նա առաջարկում է, որ պետությունն արդեն երկրորդ երեխայի ծնունդի համար վճարի, քանի որ մեկ երեխա ունեցող ընտանիքների թիվը մեծանում է:
Հ. Հ.