«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2012-01-13 | #5, 2012-01-14 | #6, 2012-01-17


«ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ» ԱՆՑՅԱԼ ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ

Իսկ ամենանշանակալիցը Եվրոմիության որոշ երկրներում ծայր առած ճգնաժամն է

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Անցյալ տարվա թերեւս ամենաաղմկահարույց միջազգային իրադարձությունը արաբ բռնապետների տապալմանը հանգեցրած ժողովրդական խռովություններն էին Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում: Այդ խռովություններն Արեւմուտքում հորջորջվեցին որպես «արաբական գարուն»: Թեեւ այդ գարունն արդեն վերածվել է խստաշունչ ձմռան, մասնավորապես Եգիպտոսում եւ Լիբիայում, սակայն Արեւմուտքը, ելնելով երկրի նպատակահարմարությունից, շարունակում է խրախուսել խռովությունները, որպեսզի ժողովրդական խռովության միջոցով չեզոքացնի տարածաշրջանում սեփական քաղաքականության համար խոչընդոտ հանդիսացող վարչակարգերին:

Տվյալ պարագայում խոսքը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի մասին է: Նրա չեզոքացումը Արեւմուտքին կտա ոչ միայն Սիրիայի դրածո իշխանությունների միջոցով հետնաբեմից կառավարելու հնարավորություն, այլեւ նա դրանով տարածաշրջանում Իրանին կզրկի ռազմավարական գլխավոր, գուցե եւ միակ դաշնակցից:

Որքան էլ, բացի Թուրքիայից, գործի դրվի նաեւ Արաբական լիգան, նախագահ Ասադի վարչակարգը տապալելու հարցում Արեւմուտքը շարունակ ձախողվում է: Ըստ երեւույթին կշարունակի ձախողվել, որովհետեւ Արեւմուտքի առջեւ ծառացել է նաեւ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիին տապալելու առաջադրանքը: Դրա անհրաժեշտությունը պատճառաբանվում է Իրաքում Իրանի ազդեցությանը նպաստելու Մալիքիի գործելակերպով: Մինչդեռ Իրաքի բնակչության շուրջ 65 տոկոսը շիաներ են, հետեւաբար Իրանն ազդեցություն մշտապես ունեցել է, իսկ հակաիրաքյան պատերազմը, որը տեղիք է տվել Իրաքում հակաամերիկյան տրամադրությունների առաջացմանը, համատարած բնույթ է հաղորդել իրանական ազդեցությանն այդ երկրում:

Այլ կերպ, Իրաքի վարչապետ Մալիքիին վերագրվող երկրում Իրանի ազդեցությանը նպաստելու գործելակերպը ոչ այլ ինչ է, քան երկրում շիաների եւ սուննիների միջեւ միջդավանանքային բախումներ հրահրելու պատրվակ Արեւմուտքի համար, որպեսզի հնարավոր լինի պահպանել սեփական դիրքերը նաեւ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:

Համենայն դեպս, եթե մինչեւ անցյալ տարվա վերջերը Սիրիայում ժողովրդավարություն հաստատելու պատճառաբանությամբ նախագահ Ասադի վարչակարգին իշխանությունից հեռանալու պահանջ ներկայացնող Արեւմուտքը Ամանորից հետո այդ նույն պահանջը սկսել է ներկայացնել Իրաքի վարչապետ ալ Մալիքիին:

Պահանջների նմանության պայմաններում միանգամայն տրամաբանական է, որ Արեւմուտքը վերանայի նախագահ Ասադի վարչակարգի նկատմամբ դիրքորոշումը, վերջինին հրաժարականի պահանջ ներկայացնելու փոխարեն Սիրիան պահի օտարերկրյա միջամտության, այսինքնՙ ռազմական ներխուժման սպառնալիքի տակ, ինչն արդեն արվում է:

Ժամանակին «Ազգի» էջերում անդրադառնալով Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի արաբական երկրներում ծայր առած հակակառավարական ցույցերին, որոնք արտաքին միջամտությամբ խռովության բնույթ ստացան, նշել էինք, որ այդ ցույցերը համաժողովրդական խռովությունների վերածելու Արեւմուտքի նպատակը ամենեւին էլ տարածաշրջանում ժողովրդավարության հաստատմանը նպաստելը չէ, այլՙ ամերիկյան քաղաքականության շարունակականությունն ապահովելը:

Դա ենթադրում է Արեւմուտքի ծրագրերին հակադրվող վարչակարգերի չեզոքացումը: Այդ իսկ պատճառով էլ Արեւմուտքը լայնախոհությամբ հանդուրժում է տապալված բռնապետների համար տասնյակ տարիներ պատվարի դեր կատարած բանակի իշխանությունը որոշ երկրներում, ինչպիսին Եգիպտոսն է: Հակառակ դրան, Մոհամմար Քադդաֆիին ոչնչացնելու համար պատերազմական գործողությունների է դիմում Լիբիայում, իսկ նախագահ Ասադի վարչակարգին տապալելու համար փորձում է ռազմական ներխուժման սպառնալիքի տակ պահել Սիրիային:

Որքան էլ «արաբական գարունը» լինի անցյալ տարվա ամենաաղմկահարույց իրադարձությունը, դա տարածաշրջանում ժողովրդավարության հաստատմանը այնքան է նպաստելու, որքան նպաստեցին հակաաֆղանական եւ հակաիրաքյան պատերազմները կամ Քադդաֆիի դաժան սպանությունը:

Խնդիրը, սակայն, իրադարձության աղմկահարույց բնույթը չէ, այլՙ նշանակալիությունը: Դրանով էլ թերեւս առանձնանում է Հունաստանի գլխավորությամբ Եվրոմիության որոշ երկրներում ծայր առած ճգնաժամը, որը հղի է եվրոպական այդ կառույցի ճգնաժամով: Սակայն սա առանձին խնդիր է, մասնավոր մոտեցում է պահանջում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4