ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քաղաքական քննարկումների առիթ է դարձել միջազգային մակարդակով: Անցյալ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի հաստատած օրինագիծը բարկացրել է թուրք առաջնորդներին, որոնք կշտամբում են թուրք-ֆրանսիական հարաբերություններին «անդարմանելի վնաս» հասցրած այդ քայլը եւ սպառնում պատժամիջոցներով հակազդել, եթե Ֆրանսիայի Սենատը վերջնականապես վավերացնի այն, ըստ նախատեսվածի, հունվարի 23-24-ին:
Անցյալում Անկարան սովորաբար որոշ ժամանակով հետ էր կանչում իր դեսպանին եւ աստիճանաբար մոռանում էր վրեժխնդրական իր սպառնալիքների մասին: Այս անգամ գործողությունները կարծես մի փոքր այլ են: Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն Անկարայում համապատասխան խորհրդակցություններից հետո իրոք վերադարձել է Փարիզ, Ֆրանսիայի Սենատում օրինագծի վավերացման դեմ քաղաքական պայքարը ղեկավարելու հստակ հանձնարարությամբ: Դեսպանին Ֆրանսիայից հեռու պահելու փոխարեն այս անգամ Թուրքիան սպառնում է ընդհատել Փարիզի հետ իր քննարկումները Սիրիայի զարգացումների վերաբերյալ:
Ինչպես արդեն բոլորին է հայտնի, Վաշինգտոնը փոխել է իր ռազմավարությունը Միջին Արեւելքում եւ փոխանակ 4500 ամերիկացի զինվորներ զոհաբերելու (ինչպես տեղի ունեցավ Իրաքում), սկսել է օգտագործել այդ տարածաշրջանի իր համախոհներինՙ տապալելու համար Իսրայելին թշնամի վարչակարգերը (ինչպես տեղի ունեցավ Լիբիայում):
Հերթական թիրախը Սիրիան է, որը պարտադրում է համագործակցություն Փարիզի եւ Անկարայի միջեւ: Թուրքիան սպառնում է նաեւ վերանայել Ֆրանսիայի հետ իր ռազմական եւ տնտեսական հարաբերությունները: Ֆրանսիան Թուրքիայի հետ արտահանման 5-րդ խոշորագույն շուկան է եւ 6-րդ խոշորագույն ներդնողըՙ 2011-ին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 14 միլիարդ դոլարի, եւ այդ թիվը շարունակում է աճել:
Ֆրանսիան նաեւ հավակնում է Թուրքիայում ատոմակայան կառուցել, որը ներկայիս լարված մթնոլորտում նույնպես դարձել է քաղաքական դժվար լուծելի մի խնդիր:
Միաժամանակ Ֆրանսիայի սահմաններում եւ դրանցից դուրս կատարվող որոշ զարգացումներ կարող են ազդեցություն ունենալ Սենատի որոշման վրա: Դրանցից մեկը այդ հարցի վերաբերյալ Ֆրանսիայի ընդդիմադիր կուսակցության դիրքորոշումն է: Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վավերացումը դարձել է նախագահական ընտրարշավի գլխավոր խաղաթուղթը ինչպես Նիկոլա Սարկոզիի, այնպես էլ սոցիալիստների թեկնածու Ֆրանսուա Հոլլանդի համար, որը նույնպես բարձրաձայնեց, որ պաշտպանելու է օրինագծի ընդունումը:
Վերջինիս այս հայտարարությունը երկսայր սրի վերածեց խնդիրը, քանի որ եթե մի կողմից ճիշտ է, որ դրանով օրինագիծը ստանում է երկկուսակցական պաշտպանություն (ինչը նպաստավոր է), մյուս կողմից, սակայն, կորցնում է իր ներքաղաքական արժեքըՙ թողնելով, որ հայերը քվեարկեն հօգուտ երկու թեկնածուների (ինչը կարող է այնքան էլ նպաստավոր ելք չապահովել):
Մյուս զարգացումը Անկարայում Ֆրանսիայի վարչապետ Ալեն Ժյուպեի «սայթաքումն» էր, եթե կարելի է այդպես արտահայտվել:
Ֆրանսիան ավանդաբար նախազգուշական քաղաքականություն է վարել: Հիշենք այն օրը, 70-ական թվականների վերջին, երբ հանգուցյալ նախագահ Ֆրանսուա Միտերանը առանց պայմանավորվածության ներկա էր գտնվել հայկական մի հավաքույթի, որպեսզի հայտնի հայ ժողովրդի հանդեպ ունեցած իր անսահման սերն ու վերահաստատի իր պաշտպանությունը ցեղասպանության ճանաչման հարցում: Դա տեղի էր ունեցել քաղաքական բռնությունների համար Ֆրանսիայում ձերբակալված մի քանի հայ երիտասարդների դատավճռի արձակման նախօրյակին: Հետագայում միայն հայերը հասկացան, որ նախագահի այդ «ժեստը» հարվածը «մեղմելու» նպատակ էր հետապնդում:
Նման մի «ժեստ» էր նաեւ Ֆրանսիայի վարչապետի քայլը: Երեւանում Սարկոզիի արձակած «ռումբից» հետ, որով Անկարային զգուշացնում էր քայլեր ձեռնարկել մինչեւ տարեվերջ, Ֆրանսիան, նախքան դեկտեմբերի 22-ի քվեարկությունը կարիք ուներ հարվածը «մեղմելու», եւ Ժյուպեն Անկարա ուղեւորվելիս հավանաբար պարտավորված զգաց վրդովված թուրքերին մի փոքր հանգստացնել ասելով, որ երկու կողմերից կազմված ներկայացուցչական մի խումբ կարող էր «ուսումնասիրել» հարցը: Թե ինչ էր մնացել ուսումնասիրելու 20 պետությունների եւ բազմաթիվ միջազգային ճանաչման արժանացած գիտնականների հրապարակումներից հետո, պարզ չէ:
Թուրք առաջնորդները շատ լավ գիտեն, որ իրենք փորձում են խաբել միջազգային հանրությանը «պատմությունը պատմաբաններին թողնենք» ասելով եւ շարունակելով պնդել, որ «ցեղասպանություն չի եղել Թուրքիայի պատմության մեջ», երբ գիտեն այդ ուսումնասիրության արդյունքը, «անկողմնակալ հանձնախումբ» պահանջելը հավասարազոր է քաղաքական վանկախաղի, քանի որ թուրք գիտնականներից ո՞վ է համարձակվելու «ցեղասպանություն» բառն արտասանել, երբ գործում է ՔՕ-ի 301 հոդվածը եւ երբ Ռեջեփ Զարաքոլուն բանտարկված է հենց որպես «անկողմնակալ գիտնական» բարձրաձայնելու համար:
Պարոն Ժյուպեի հայտարարությունը Թուրքիայում ֆրանսահայերի մեջ հրածին փոթորիկ առաջացրեց եւ չնվազեցրեց թուրքերի վճռականությունը` պայքարելու օրինագծի դեմ:
Մեկ ուրիշ փոթորիկ էլ «հասունանում» է Ալժիրում: Երբ Թուրքիայի վարչապետը Ֆրանսիային մեղադրեց գաղութարարական պատերազմի օրերին ալժիրցիներին «ցեղասպանության» ենթարկելու մեջ, այդ երկրի վարչապետ Ահմեդ Ույահիան պատասխանեց, որ «ոչ ոք իրավունք չունի զբաղվելու ալժիրցիների արյան հարցերով»: Սա էլ հնարավորություն տվեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը գործարկելու իր իսլամական խաղաթուղթը: Պահպանելով իր արժանապատիվ կեցվածքըՙ Էրդողանը ոտքի հանեց Ալժիրի իսլամիստական կուսակցություններինՙ պայքարելու ընդդեմ իրենց վարչապետի եւ Ֆրանսիայի խորհրդարանի: Առաջին կուսակցությունը, որ արձագանքեց «կոչին», Ալժիրի «Հանուն խաղաղության սոցիալական շարժումն» էր, «Մահմեդական եղբայրների» հետ համագործակցող հսկայական մի կուսակցություն, որի առաջնորդ Բուջերա Սուլթանին անմիջապես պաշտպանեց Էրդողանին:
Մեկ այլ ընդդիմադիր կուսակցություն «Էննահդա» անունով, որը ճանաչված է որպես «Իսլամական վերածննդյան շարժում», նույնպես բացասաբար արձագանքեց երկրի վարչապետի հայտարարությանը: Թվում է, թե բանավեճը քաղաքական ճգնաժամի առիթ է ստեղծում երկրում, քանի որ նույնիսկ Ույահիայի կոալիցիոն գործընկերներն են միացել քննադատությունների հեղեղին:
Թուրքիան եւ Ադրբեջանը հմտորեն են կարողանում օգտագործել իսլամական գործոնը հատկապես իսլամական ամենամյա կոնֆերանսների անցկացման ժամանակ, որոնցում սովորաբար ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որոշումներ են կայացվում, եւ Հայաստանը միշտ մեղադրվում է:
Եվրոմիությանն անդամակցելու նպատակով աշխարհին իր արեւմտյան դեմքը ցույց տալուն զուգահեռ, Թուրքիան, միեւնույնն է, մնում է հզոր մի միջնորդ իսլամական աշխարհում, որտեղ երանգավորված քաղաքականություն վարելը ոչ մի իմաստ չունի, որովհետեւ ամեն ինչ կամ սեւ է, կամ սպիտակ: Բավական է միայն որեւէ հարց ներկայացնել որպես կրոնական հակամարտություն եւ ամբողջ իսլամական աշխարհը միաձայն կպաշտպանի այն:
Երկրների եւ կուսակցությունների իրար դեմ դուրս գալու այս ամբողջ իրարանցման մեջ մի մեղմ ձայն էլ Ստամբուլի պատրիարքարանից հնչեց: Թուրքերը խոսքը տվեցին Ստամբուլում պատանդ դարձած հայկական պատրիարքարանին, որի անունից Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարեց, որ խնդիրը Թուրքիայի ներսում պետք է քննարկվի, եւ որ հայերը (Թուրքիայում ապրող) կարող են «իրենց խնդիրները լուծել իրենց (թուրքական) պետության ղեկավարների հետ», եւ ոչ մի «երկրորդական ուժեր կամ գաղափարներ չպետք է խառնվեն այդ հարցին»:
Իհարկե, այլ բան չէր կարելի սպասել խեղճ հոգեւորականից, որն ինքն է քաղաքական «խաղազինվոր» դարձել: Անշուշտ, նա իրավունք չունի խոսելու ամբողջ հայության անունից, քանի որ ցեղասպանությունը եւ մեկուկես միլիոն հայերի սպանությունը ծխական հարցեր չեն: Թուրքիայի կառավարությունը պաշտպանեց Աթեշյանի թեկնածությունըՙ հաջորդելու Մեսրոպ արք. Մութաֆյանին, որին շահագործում էր հօգուտ իր քաղաքական նպատակների եւ որից միայն ստվերն է մնացել այժմ: Աթեշյանի պետական պաշտպանությունը այսօր տալիս է իր քաղաքական դիվիդենտները: Հասկանալով հանդերձ արքեպիսկոպոսի ծանր դրությունը, այդուհանդերձ, կարծում ենք, ավելի ճիշտ կլիներ ձեռնպահ մնալ հայտարարություններից: Նրա նախորդներից Շնորհք արք. Գալուստյանն, օրինակ, ավելի շրջահայաց էր գտնվել Թուրքիայի ամենադաժան քաղաքական բռնատիրության ժամանակներում եւ ոչ մի հակահայկական նախադասություն չէր արտասանել, որպեսզի Թուրքիայի կառավարությանը հնարավորություն չտա հետագայում օգտագործելու այն համայն հայության դեմ:
Աթեշյան սրբազանին ամբողջ հայության անունից խոսելու իրավունքից զրկելովՙ մենք միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ տեղական համայնքի որեւէ առաջնորդ միշտ ի մտի պետք է ունենա, որ թուրքական կառավարությունը ամեն րոպե կարող է սանձազերծել սեպտեմբերի 6-ի նմանությամբ նոր կոտորածներ:
Վերադառնալով ֆրանսիական Սենատի քվեարկությանըՙ նշենք, թե բանաձեւը կարծես թե առաջ է գնում իմպուլսային արագությամբ, բայց, անշուշտ, մինչեւ գործընթացը չավարտվի, ոչ մի հստակ բան ասել չի կարելի: Պատմության ընթացքում ֆրանսիացիները շատ անգամ են հայերի հետ վարվել ասպետավայել ձեւով: Սարկոզին քաղաքական նպատակահարմարությունից դրդված իր թիմակիցների դեմ դուրս գալու համբավ ունի: Մաղթենք, որ այս անգամ քաղաքական նպատակահարմարությունը կառաջնորդի նրան ճիշտ ուղղությամբ:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ.ՙ Հ. Ծ.