Երբ անցյալ տարի Նոբելյան մրցանակակիր եմենցի Թավաքուլ Քարմանը այցելեց Փարիզ, ճիշտ այն ժամանակ, երբ Եմենում էլ մարդիկ դուրս էին եկել փողոցները` հանուն ազատության եւ ժողովրդավարության, հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի հետ: Այս հանդիպման ընթացքում Քարմանը, անդրադառնալով Եմենի ու առհասարակ ամբողջ արաբական աշխարհի հեղափոխություններին ու դրանց փորձերին, հատուկ ընդգծեց, որ իրենց պատկերացմամբ «ժողովրդավարությունը հավասարությունն է, եղբայրությունը եւ կանանց արժանապատվության հարգումը»: Քարմանը ոչ մի խոսք չասաց, թե որքան կարեւոր է արաբական երկրներում «արեւմտյան արժեհամակարգին համապատասխան ինստիտուտների ձեւավորումը, որտեղ տեղացի մասնագետներին իրենց խորհուրդներով կօգնեն արեւմտյան ժողովրդավարները», հետեւաբար ամեն մեկը, ու ամեն երկիր եւ ժողովուրդ` ժողովրդավարության սեփական ընկալումն ունեն:
Եթե, համաձայն Freedom House-ի վերլուծությունների, Չինաստանը, Բիրման, Հյուսիսային Կորեան, Կուբան եւ այլք շարունակվում են համարվել «անազատ» երկրներ, ի՞նչ եք կարծում, մենք ազատ ու ժողովրդավար աշխարհո՞ւմ ենք ապրում: Հիշեցնենք` հիշյալ երկրները իրենց բնակչությամբ կազմում են երկրագնդի ամբողջ բնակչության շուրջ մեկ քառորդը: Հիշեցնենք նաեւ, որ Freedom House կենտրոնը ստեղծվել է 1941-ին` «ամերիկյան իշխանության պաշտպանության եւ ազգայնամոլական ամբողջատիրության դեմ պայքարի եւ քաղաքացիական իրավունքի ու կրոնական ազատությունների պահպանման համար»: Հետեւաբար` եթե մի կազմակերպություն ի սկզբանե ստեղծվել է` պաշտպանելու համար որեւէ պետության իշխանություններին ու սրա «արանքում»` նաեւ հանուն «զանազան անհասկանալի բաների», ապա ստացվում է, որ ժողովրդավարության բանաձեւը խիստ սուբյեկտիվ է, ավելին` սեփականացված ու ուրիշների համար պարտադրված: Հենց նման պարտադրանքի ականատես եղանք անցյալ տարվա «պատմական» գարնանը: Սակայն հիմա Թունիսի, Եգիպտոսի կամ Լիբիայի մասին կարելի՞ է ասել ժողովրդավարական երկրներ: Եթե լսենք արեւմտյան շատ վերլուծաբանների, «ապա հիշյալ երկրներին ժամանակ է պետք, որպեսզի կարողանան ստեղծել պետական իշխանությունից անկախ գործող ինստիտուտներ», սակայն, օրինակ, իրաքցիներին այդ ժամանակը արդեն մի քանի տարի տրված է, սակայն իրաքյան ժողովրդավարության ականատեսը կարծես թե էլի չենք: Խոսելով արաբական գարնան մասին` շատ փորձագետներ նշում են, թե «քանի որ ժողովրդավարություն այդ երկրներում չհաստատվեց, ու, դատելով իրադարձությունների ընթացքից, դժվար էլ հաստատվի, համենայն դեպս` մոտ ապագայում, ապա սա նշանակում է, որ ԱՄՆ-ը արաբական աշխարհում պարտություն կրեց»: Լավ, մի՞թե այս ամենը լուրջ է. ո՞վ ասաց, որ ԱՄՆ-ը հենց արաբական երկրները ժողովրդավար դարձնելու նպատակ ուներ` այդ երկրների ժողովրդի վրա, իհարկե «պատահականորեն» ռումբ գցելով: Եվ մի՞թե այն, ինչ այս օրերին կատարվում է արաբական հետհեղափոխական երկրներում, հենց ԱՄՆ-ի հաղթանակը չէ. անորոշություն, կարգ ու կանոնի բացակայություն, հետեւաբար` նավթի առատ արտահոսք: Ի՞նչ է այս ամենը նշանակում, կամ արդյոք այս ամենից հետո կարելի՞ է ԱՄՆ-ը համարել ժողովրդավար երկիր: Ի դեպ, վրաններում քնող բնակչությամբ Լիբիան եւ տուրիստական առատ հոսքերից զրկված ու առանց այն էլ քիչ աշխատատեղերից զրկված Եգիպտոսը, համաձայն Freedom House-ի, հանվել են «անազատ երկրների» ցուցակից ու այժմ «էական առաջընթաց ունեն գրանցած ժողովրդավարության հաստատման ճանապարհին»:
Իսկ ո՞վ է ժողովրդավարը. Ֆրանսիա՞ն, որի նախագահը գրեթե բռնի վտարեց գնչուներին, կամ որը «մեծ դժվարությամբ» էր ընդունում Հյուսիսային Աֆրիկայից «հանուն ժողովրդավարության» այստեղ եկած փախստականներին, թե՞ Իտալիան, որի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի երկարամյա կառավարման տարիներին երկրում ծաղկեց կոռուպցիան եւ ոչ միայն կոռուպցիան: Միգուցե անցյալ տարի ԵՄ-ում նախահագող Հունգարիա՞ն, որի նախագահ Վիկտոր Օրբանի հեղինակած օրենքները եվրոպացի շատ վերլուծաբաններ համարում են «ժողովրդավարության համար մահացու...»: Այսինքնՙ անգամ ԵՄ-ում տոն տվող երկրներում այսօր ժողովրդավարություն չկա, համենայն դեպս այնպիսի ժողովրդավարություն, որը հաստատելու համար պատերազմներ են սկսում կամ պատվիրակություններ ուղարկում «կիսազատ երկրներ»` խորհուրդներ տալու:
Իսկ կարելի՞ է Ռուսաստանը համարել ժողովրդավար, չմոռանաք` վերադառնում է Պուտինը, ընդամենը մեկ նախագահություն «բաշխելով» Մեդվեդեւին: Չինաստա՞նն է ժողովրդավար, ինչպես վերը նշեցինք` համաձայն Freedom House-ի` ոչ: Ուրեմն` փոխվում է աշխարհը, ըստ ամենայնի` դեպի ոչ լավ ճանապարհ: Իսկ այդ ճանապարհին շատ կարեւոր է հիշել երկու բան. Երկրորդ աշխարհամարտի ավարտից 75 տարի է անցել, իսկ այդ պատերազմը բռնկվեց հենց ժողովրդավարության «համաշխարհային ճգնաժամից», եւ երկրորդը, որն ավելի պարզ է` ժողովրդավարություն աշխարհում երբեք էլ չի եղել: Հետեւաբար, նա ով ձեզ կասի` «ես ժողովրդավար եմ ու կարող եմ քեզ օգնել` դառնալու ժողովրդավար», ասացեք նրան. «Դուք երբեւէ տեսե՞լ եք, թե ինչ գեղեցիկ է հոսում գետը»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ