«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2012-01-13 | #5, 2012-01-14 | #6, 2012-01-17


ԻՍԿԸ` ԻՆՉՊԵՍ «ՀԻՆ, ԲԱՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ»

«Բաքէներգոն» բաժանորդներին ծանուցել է, որ պարտքը չմարելու դեպքում «ընկերությունը հունվարի 18-ից կդադարեցնի էլեկտրաէներգիայի մատակարարումը»: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները եւ ավելացնում, որ քաղաքացիները կարող են վճարումներ անել նաեւ on-line ռեժիմում` «ընկերության կայքի միջոցով»:

Մարդ ուղղակի զարմանում է հարեւանների «զարգացածությունից». եթե Բաքվի բազմահազար բաժանորդներ սպառած էներգիայի դիմաց վճարումներ չեն արել, իսկ եթե խոսքը վերաբերեր մի քանի հարյուրի, ապա այդ մասին ԶԼՄ-ներով իրազեկում չէր արվի, ուրեմն նրանք պարզապես վճարունակ չեն:

Հակառակը տրամաբանության մեջ չի տեղավորվում: Իսկ եթե մարդիկ էլեկտրաէներգիայի դիմաց վճարելու փող չունեն, ապա, բնականաբար, չունեն նաեւ համակարգիչ գնելու, ինտերնետ կապին միանալու հնարավորություն: Ուստի եւ on-line ռեժիմի մասին ադրբեջանական լրատվամիջոցների ասածը ոչ այլ ինչ է, քան «ոսկե ատամները ցուցադրելու շքեղություն», որ մեր հարեւաններին հատուկ է դեռեւս «հին, բարի ժամանակներից»:

Էլ ավելի «ցնցող» է, որ «Բաքէներգո»-ի պաշտոնական կայքի գլխավոր էջում տեղադրված է հայր եւ որդի Ալիեւների` որպես, ըստ երեւույթին, էներգետիկների «լավագույն բարեկամների» համատեղ լուսանկարը, ինչպես նաեւ սույն «հանճարեղ» ասույթը. «Ժամանակակից աշխարհում ոչ մի հասարակություն, ոչ մի երկիր առանց էլեկտրական էներգիայի ապրել չի կարող»: Հեղինակը, ինչպես ստորագրությունն է հուշում, «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւն է:

Զավեշտն այն է, որ «Բաքէներգո»-ի ընդունած որոշումն ասույթին հակասում է: Քանի որ ընկերությունը փաստորեն սպառնում է էլեկտրաէներգիայից զրկել առնվազն Բաքվի հասարակության մի մասին: Ըստ երեւույթին, այնտեղ կարծում են, որ էլեկտրականության վարձավճարները մուծելու գումար չունեցողներն ադրբեջանական հասարակության, առավել եւս պետության համար խորթ տարրեր են:

Եվ որոշել են նրանց մեկուսացնել, որպեսզի այդ կերպ «համազգային առաջնորդի» ասածը կատարելապես համապատասխանի իրականությանը: Բայց այդ դեպքում ասույթը պետք է խմբագրվի. «Վճարունակ ոչ մի հասարակություն առանց էլեկտրաէներգիայի չպետք է մնա»: Իսկ թե ինչպե՞ս անել, որ հասարակությունը վճարունակ դառնա, դա արդեն ոչ այնքան «համազգային առաջնորդի», որքան նրա «գործի արժանավոր շարունակող»-ի խնդիրն է:

Կամ, ավելի ճիշտ, նույն հասարակության. եթե ուզում է օգտվել քաղաքակրթության բարիքներից, ապա պարտավոր է այնպես կազմակերպվել, որ «Բաքէներգո»-ի պարտապան չդառնա: Թե չէ ասույթներին եթե հավատալու լիներ, ապա վաղուց «Ամերիկային հասած եւ անցած կլիներ»` ինչպես հավատացնում է Իլհամ Ալիեւից հրահանգավորված պաշտոնական քարոզչությունը:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4