Հունվարի 16-ից եռօրյա այցով Հայաստան ժամանած ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի` Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը երեկ Ազգային ժողովում հանդիպեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներին, ինչպես նաեւ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներին:
Բնականաբար, հանդիպումների ընթացքում շոշափվող թեման վերաբերել է հիմնականում առաջիկա ընտրություններին: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ Պրեսկոտը կարեւորել է առաջիկա խորհրդարանական ընտրությունները` մեր երկրի վարկի եւ հետագա ճակատագրի առումով: Համազեկուցողն ասել է, թե հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ էլ պարզ է դարձել, որ հասարակության ակնկալիքները առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների որակից այս անգամ այլ են: ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը անդրադարձ է արել Հայաստանում ընթացող բարեփոխումներին, փոփոխված ընտրական օրենսգրքին, ինչպես նաեւ նշել է ընտրությունների կեղծման կանխարգելիչ մեխանիզմները կիրառելու քաղաքական կամքի մասին, նոր ընտրական օրենսգրքի դրույթները կիրառելու առումով քաղաքական կամքից է խոսել նաեւ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը : ՀՅԴ-ից պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը կարեւոր է համարել մեծամասնական կարգը վերացնելու նախաձեռնությունը: ՀՅԴ-ն Պրեսկոտի հետ հանդիպման ընթացքում հենց այդ նախաձեռնության մասին էլ խոսել է, ինչպես նաեւ ընտրակեղծիքների դեմն առնելու մեխանիզմների վերաբերյալ ՀՅԴ տեսակետներից մի քանիսի մասին: Պրեսկոտը կողմ է եղել մեծամասնական կարգը պահպանելուն, բայց եւ նշել է, թե որոշումը քաղաքական ուժերինն է:
ՕԵԿ խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Պրեսկոտը խոսել է Հայաստանում տեղի ունեցած բավականաչափ փոփոխությունների մասին, որոնք այսօր էլ դեռ ընթացքի մեջ են: Իսկ ՕԵԿ-ի ներկայացուցիչներն էլ Պրեսկոտին ասել են այսօր երկրում ստեղծված հանդուրժողականության մթնոլորտի մասին:
ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի եւ Պրեսկոտի հանդիպման ընթացքում, ըստ ԱԺ կայքի, համաձայնություն է ձեռքբերվել ԵԽ-ի դիտորդական առաքելություն ձեւավորելուց հետո հանդիպելու Հայաստանի պատվիրակության հետ եւ ուշադրության առարկա խնդիրները քննարկել:
ՀՀԿ խմբակցության հետ հանդիպման ընթացքում Պրեսկոտը լավատեսություն է հայտնել առաջիկա ընտրությունների վերաբերյալ, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ իր հերթին գոհունակ է եղել, որ իր եւ Պրեսկոտի գնահատականները համընկնում են` ավելացնելով, թե ամեն ինչ արվում է ընտրությունները լավ անցկացնելու եւ երկրի միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար:
«Ժառանգություն» խմբակցությունը Պրեսկոտի հետ հանդիպումից հետո հայտարարություն տարածեց, թե համազեկուցողին է հանձնվել կուսակցության նամակը` 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հիմնավորումներով: «Ժառանգության» նամակում 2012-ը ընտրությունները ժողովրդավարության թեստ է անվանված եւ անդրադարձ անելով անցյալին` եզրակացված է, թե ընտրական գործընթացի այլասերումը վերջին ընտրություններում ավելի է խթանվել եւ ուժգնացել երկրի խորհրդարանի խառն ընտրակարգի մեծամասնական բաղադրիչի պատճառով, մեծամասնական 41 տեղերը խորհրդարանի ապաքաղաքական բնույթը կանխորոշող մարդկանց համար խորհրդարան անցնելու հնարավորություն են, որոնք ընտրվում են «իշխանությանը հնազանդ լինելու ու վարվող քաղաքականությանը չխոչընդոտելու դիմաց» բանաձեւի շրջանակում: Իսկ մեծամասնական ընտրակարգը խորացնում է ընտրակաշառքի արատավոր գործելակերպի արմատավորումը` իմաստ հաղորդելով հանուն ընտրողի քվեի օլիգարխիկ ապաքաղաքական դեմքերի եւ խմբերի միջեւ աննախադեպ աճուրդին, որտեղ քաղաքական ծրագրերն ու քաղաքական գործունեությունը տեղ չունեն, իսկ քաղաքական ուժերն ու թեկնածուները մրցունակ չեն: Մի խոսքով` նամակում պատմվում է «Ժառանգության» ու ՀՅԴ-ի` մեծամասնական կարգը վերացնելու նախաձեռնության մասին, եւ, հիշեցնելով ԵԽԽՎ 1837 բանաձեւի այն կետը, որտեղ Հայաստանի առաջիկա ընտրությունները ժողովրդավարության զարգացման տեսակետից վճռորոշ եւ հայ հանրության վստահությունը քաղաքական հաստատությունների հանդեպ ապահովող են որակվել, համազեկուցողներին (Ջոն Պրեսկոտին եւ Աքսել Ֆիշերին) առաջարկվում է ստանձնած հանձնառության շրջանակում նպաստել ընտրական օրենսգրքի լրամշակման եւ «Ժառանգություն»-ՀՅԴ առաջարկի` 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի որդեգրման գործում: Նամակը ստորագրել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Ժառանգականներն անդրադարձ են արել նաեւ մարտի 1-ի դեպքերի զոհերի մահվան հանգամանքներին` նշելով, թե հատուկ քննչական ծառյության վերջին նոր զեկույցում նորություն չկա: «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը լրագրողներին ասում էր Ջոն Պրեսկոտի ժխտողական տրամադրվածությունը 100 տոկոս համամասնական կարգի վերաբերյալ, այլ աղբյուրներ նշել են, որ նա անգամ ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանի խոսքի ժամանակ զայրացել է այդ առումով (ԵԽԽՎ պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ), սակայն «Ժառանգության» հետ հանդիպման վերջում Պրեսկոտը, երեւում է, զսպել է իրեն, եւ այլեւս այդքան հստակ արտահայտված նախատրամադրվածություն չի արտահայտել:
Երեկ ավելի ուշ Ջոն Պրեսկոտը հանդիպել է նաեւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ, որոնք, բնականաբար, դրել են բոլոր ընտրատեղամասերում միջազգային դիտորդական առաքելության ներկայացվածություն ապահովելու հարցը:
Մ. Խ.