Օրերս ԶԼՄ-ների տարբեր տեսակներով տարածվեց ՀՅԴ-«Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հայտարարությունը ընտրությունների մեծամասնական-համամասնականՙ երկար տարիներ վիճարկվող հարցի շուրջ: Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը գոնե մինչեւ առաջիկա ընտրությունները ոչինչ չի փոխի եւ համոզված եմ, որ այն հետապնդում է երկու կարեւոր նպատակ: Նախ` սա ընդամենը առիթ է, քաղաքական գործառույթ, որ ի ցույց դնի ՀՅԴ-«Ժառանգություն» միասնականությունը, ջանքերի համատեղումը խորհրդարանական ընտրությունների նախադռանը: Եվ այս դեպքում այնքան էլ կարեւոր չԷ, թե ինչի տակ կլինի այդ միասնական ստորագրությունը: Գլխավորը` որ այն ֆիքսվի եւ մարսվի ժողովրդի, քաղաքական ուժերի ու իշխանությունների կողմից: Այնուհետեւՙ սա փիար ակցիա է, որն, ինչ խոսք, լրացուցիչ խթան կդառնա հայտարարության հեղինակ կազմակերպությունների վարկանիշը դույզն չափով բարձրացնելու համար:
Ինչ խոսք, այսօր, երբ ընտրությունների նախաշեմին ենք, հարցի քննարկումը, մեղմ ասած, ժամանակավրեպ է: Սակայն, օգտվելով առիթից, կուզենայի այնուամենայնիվ շատ հակիրճ ներկայացնել որոշ նկատառումներ.
Մեծամասնական ընտրաձեւի լրիվ բացառումն, անկասկած, ոչ միայն սխալ է, այլեւ մարդու ազատ ընտրելու եւ ընտրվելու սահմանադրական իրավունքի տարրական նորմերի ոտնահարում: Այլ հարց է, թե ինչ քանակական հարաբերակցությամբ է հարկավոր ձեւավորել խորհրդարանը:
Մեծամասնական տեղերի լրիվ բացառումը կդառնա յուրակերպ պարտադրանք մարդկանց արհեստականորեն կուսակցականացնելու եւ կուսակցությունների մեջ ստիպողաբար խցկելու առումով: Իսկ այն մտահոգությունը, թե մեծամասնականով փաստորեն ընտրվել կարող են միայն ֆինանսական մեծ կարողությունների տեր անձինք, տեղին է եւ անհանգստացնող: Որովհետեւ ֆինանսական հզոր միջոցների տեր անձինք գործարարներ են եւ մեր իրականությունը հաշվի առնելով, մեծի մասամբ իշխանական կառույցներից կախման մեջ գտվողներ, հետեւապես` նրանց պոտենցիալ կամակատարը: Եվ հետո, եթե հաշվի առնենք այն պարզ ճշմարտությունը, թե մեզանում իրենցից իրականում ինչ են ներկայացնում կուսակցությունները, որոնց մեծ մասը մարդ-կուսակցություն, դրամագլուխ-կուսակցություն, իշխանություն-կուսակցություն ձեւատեսակում են, ապա ավելի պարզ կդառնա իրերի իսկական վիճակը:
Որպես ռամկավար ազատական (լիբերալ դեմոկրատական) արժեքների դավանող ես կարծում եմ, որ միշտ չէ ճիշտ եղածը քանդելով վերափոխելը, այլ հարկավոր է եղած օրենսդրական նորմերը, գործող լծակներն ու մեխանիզմները աստիճանաբար փոփոխելը, փնտրել, լավագույն լուծումները գտնելը եւ դրանք կատարելագործելը: Օրինակ` հարկավոր է մշակել որեւէ համակարգ, երբ ասենք, հնարավոր դառնա մեծամասնական համակարգով ընտրելու հնարավորություն ընձեռնվի ժողովրդի կյանքում եւ տնտեսության, մշակույթի որեւէ ասպարեզում բացառիկ ներդրում, հայտնագործություն կատարած, նոր տեխնոլոգիաներ ու գաղափարներ լավագույնս իրականացրած, հասարակության շահերի համար կարեւոր զոհողություններ հանձն առած անհատների, ինչը կարող է նախապես որոշվել համաժողովրդական հարցմամբ, կամ անկողմնակալ հանձնախմբի միջոցով, ինչպես արվում է, ասենք, պետական մրցանակների շնորհման դեպքում:
ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչության դիվանի անդամ