Սարալանջի, Մյասնիկյան պողոտայի եւ Աթենքի փողոցի արհեստական քարաթափման եւ ամրացման պաշտպանիչ-կանխարգելիչ միջոցառումները պետք է շուտ ավարտել: Հանձնարարությունը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանինն է` աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Սանիտարական պատշաճ վիճակի ապահովման նպատակով քաղաքապետը հանձնարարել է վերացնել անցումների թերություններն ու հատկապես ուշադրություն դարձնել լուսավորության վերականգնմանը եւ ապահովմանը: Քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետը տեղեկացրել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին մատուցվող սննդի կազմակերպման, պիտանելիության ժամկետների պահպանման իսկությունը պարզելու եւ խախտումները հայտնաբերելու նպատակով կատարվում են անակնկալ ստուգայցեր: «Եթե մենք ստանձնել են 28.000 երեխաների անվճար հաճախելիության ապահովման ծախսերը, ապա պարտավոր ենք պատշաճ ձեւով հոգալ նաեւ նրանց սննդի կազմակերպման բոլոր հարցերը: Հակառակ դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն հաստատությունների ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու»: Ինչ վերաբերում է Չինաստանից ներկրվող ավտոբուսներին, ապա ավտոբուսների առաջին խմբաքանակը` 139 ավտոբուս, արդեն Երեւանում է: «Ազգ»-ը բազմիցս անդրադարձել է այս թեմային ու հատկապես փաստին, որ չինական ավտոբուսների մուտքը Երեւան անընդհատ ձգձգվում է: Չինական ավտոբուսները կգործեն փաստաթղթային ձեւակերպումներից հետո` երթուղային նոր ցանցի ներդրմանը զուգահեռ:
Հ. Հ.