Օրերս Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մայր աթոռի կառույցներում եւ թեմերում:
Մայր աթոռի միաբան Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը ծառայության է կոչվել Արմավիրի թեմում: Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը, ազատվելով Սեւանի Վազգենյան դպրանոցի տեսչի պարտականություններից, ծառայության է անցել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում: Տ. Նշան աբեղա Հմայակյանը, ազատվելով Սեւանի Վազգենյան դպրանոցում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կշարունակի Հառիճավանքի հոգեւոր ընծայարանում:
2011-ի դեկտեմբերին ձեռնադրված հոգեւորականներից Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանը, ավարտելով ծառայությունը ՀՀ զինված ուժերում, ծառայության է կոչվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնումՙ որպես ծիսական-հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու: Տ. Ահարոն աբեղա Շախվերդյանը նշանակվել է Սեւանի Վազգենյան դպրանոցի փոխտեսուչ: Տ. Հուսիկ քահանա Սարգսյանը կշարունակի իր ծառայությունը Մայր աթոռի դիվանատանը, իսկ Տ. Ենովք քահանա Եսայանը` Հայոց բանակում: