Նոր տարվա առաջին օրերից հիվանդանոցային ծանր վիճակում գտնվելուց հետո, շաբաթ օրըՙ հունվարի 14-ին Լոնդոնում վախճանվել է տեղի հայկական համայնքի կազմավորման գործում նշանակալի ներդրում ունեցած ազգային-հասարակական գործիչ դոկտ. Անդրեաս Ծուլիկյանը:
Մասնագիտությամբ ոսկրաբան-վիրաբույժը ծնվել էր Կահիրեում (Եգիպտոս) 1934 թվի մայիսի 21-ին, կեսարացի գաղթական ծնողների ընտանիքում: Միջնեկն էր երեք եղբայրների, որոնցից ավագըՙ Տիգրանը, մասնագիտությամբ դեղագործ-քիմիկոս է, իսկ կրտսերըՙ Հակոբը, մանկավարժ, անգլերեն լեզվի մասնագետ եւ թարգմանիչ:
Նախնական եւ միջնակարգ կրթությունը ստացել էր տեղի հայկական «Մխիթարյան», Բ. Գյոզուբոյուքյանի «Արարատյան» եւ անգլիական «Ինգլիշ Միշըն» քոլեջներում: Այնուհետեւ ընդունվել եւ 1961-ին ավարտել էր «Քասր էլ Այնիի» եգիպտական բժշկական պետական համալսարանը: Դոկտ. Նուբար Բերբերյանի խմբագրապետության շրջանում 1952-54 թվականներին աշխատակցել էր Կահիրեի ՌԱԿ պաշտոնաթերթ «Արեւ» օրաթերթին որպես խմբագրի օգնական եւ թարգմանիչ:
Անգլիա էր տեղափոխվել 1967-ի վերջերին, որտեղ, խորացնելով իր մասնագիտական գիտելիքները, հասել էր խորհրդատուի (Consultant) պատասխանատու պաշտոնին եւ արդեն 1977-ին, ստանալով FRCS վկայականը, դարձել «Արքայական վիրաբուժական քոլեջի» անդամ: 1974-ին ամուսնացել էր կիպրահայ Մարի Համբարձումյանի հետ, ով անմնացորդ նվիրումով մնաց նրա կյանքի ընկերն ու գաղափարական կողակիցը:
Վաղ հասակից Անդրեասը ներգրավված է եղել ազգային-հասարակական աշխատանքների մեջ: Հավատարիմ մնալով հիմնականում երեք հայկական կազմակերպություններիՙ ՌԱԿ-ի, ՀԲԸՄ-ի եւ ԹՄՄ-ի գաղափարախոսություններին եւ գործունեությանը, դոկտ. Ծուլիկյանը անձնուրաց նվիրվածությամբ ծառայել է Մայր հայրենիքին եւ Սուրբ Էջմիածնին: Ի գնահատումն իր օգտաշատ ծառայություններիՙ արժանացել է ՌԱԿ-ի եւ ՀԲԸՄ-ի վետերան անդամի վկայագրերի:
Անգլիայում 1979-ին ընտրվել է անգլիահայ համայնքի եւ եկեղեցական խորհրդի անդամՙ որոշ շրջան դառնալով դրա գործադիր նախագահը: Նշանակվել է Լոնդոնի Գեւորգ Թահթայան ազգային կիրակնօրյա վարժարանի հոգաբարձության ներկայացուցիչ: Եղել է Լոնդոնի ՌԱԿ «Տամատյան» ակումբի վարչության անդամՙ նախ որպես ատենապետ, ապաՙ 1992-ից, որպես նախագահ: Հիմնադիրներից է Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի (Tekeyan Trust), որը 1997-ին Երեւանում կանգնեցրեց «Թեքեյան կենտրոնի» շքեղ շենքը: Հիմնադիրներից է նաեւ այդ խնամակալ մարմնի պաշտոնաթերթիՙ «Էրեբունի» երկշաբաթաթերթի, որի պատասխանատու խմբագրի պաշտոնն է զբաղեցրել 1980-96 թվերին, ինչպես նաեւ «Անգլիահայ բժիշկների միության»: Գործուն անդամներից է եղել անգլիահայ գաղութի Հայ դատի միացյալ մարմնի եւ հանրային հավաքների եւ միջոցառումների ժամանակ բազմիցս բեմերից ելույթներ է ունեցել ի պաշտպանություն Հայ դատի եւ մեր ժողովրդի պահանջատիրական իրավունքների:
Բնավորությամբ խիստ սկզբունքային, նպատակալսաց եւ հետեւողական անձնավորություն էր: Նաեւ լավատես ու կենսուրախ: Ապրեց բովանդակալից ու իմաստալից կյանքով:
Հայրենասեր գործչի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների հոգում ու սրտում:
***
Դոկտ. Անդրեաս Ծուլիկյանի մահվան կապակցությամբ «Ազգ» օրաթերթի խմբագրակազմն իր խորազգաց վիշտն ու ցավակցությունն է հայտնում հանգուցյալի այրունՙ տիկին Մարիին, Ծուլիկյանների ողջ ընտանիքին եւ մասնավորապես թերթի հիմնադիր աշխատակիցներիցՙ հրաշալի թարգմանիչ Հակոբ Ծուլիկյանին, Լոնդոնի Թեքեյան Թրասթին, ՌԱԿ Մ. Տամատյան ակումբին ու ՀԲԸՄիության Լոնդոնի մասնաճյուղին: