Հայ երաժշտարվեստը ծանր կորուստ կրեց: Կյանքի 65 տարեկանում կյանքից անսպասելի հեռացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազային արվեստի երախտավոր, հմուտ մանկավարժ Ակսել Վահանի Բակունցը : Նա ավարտելով Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի կոնտրաբասի դասարանը, իր շուրջն է համախմբում երիտասարդ երաժիշտների ու հիմնում երաժշտական խմբեր: Բակունցը տարբեր ժամանակներում ղեկավարել է «Կռունկ», «Սերպանտին», «Արմենիա» էստրադային երաժշտական համույթները: Տասնամյակների պատմություն ունեցող հայկական ջազը մշտապես հիացրել է երկրպագուներին: Եվ ահա այդ ընդունված ավանդույթը նոր շարունակողներով համալրելու գաղափարը երկար ժամանակ հանգիստ չի տվել Ակսել Բակունցին, եւ նոր ծրագրեր մշակելուց հետո նա հիմնադրում է Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի քոլեջը: Իր տարեկիցները եւ երաժշտասերները, ովքեր գեթ մեկ անգամ ներկա են գտնվել Բակունցի ղեկավարած խմբերի համերգներին, այսօր մեծ ցավ են ապրում, որ կորցրեցին մի այնպիսի գիտակ երաժիշտի, որի շնորհիվ երեք տասնյամյակ կրթվել ու դաստիարակվել են մի քանի սերունդ ու հայ էստրադային արվեստը բազմիցս ներկայացրել արտերկրում:
Ակսել Բակունցը նաեւ երկար տարիներ հանդիսացել է «Հայհամերգի» գեղարվեստական ղեկավարը, ղեկավարել է «Հայհամերգին» կից էստրադային ստուդիան, որը հետագայում վերանվանվել է Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի քոլեջ:
Բակունցի 30 տարիների մանկավարժական գործունեությունը գնահատվել է ըստ արժանվույնՙ արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի: Հայաստանում վոկալ եւ գործիքային խմբերի հիմնադիրներից էր Ակսել Բակունցը, որը մեծ ճանաչում ուներ եւ մեր երկրում, եւ Խորհրդային Միության մյուս հանրապետություններում, նաեւ արտերկրում: Նա մեծ ավանդ է ունեցել էստրադային արվեստի ոլորտի կադրերի պատրաստման գործում:
«Ազգը» զրուցեց Ակսել Բակունցի սան, երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ, որն այժմ ղեկավարում է Երեւանի մշակույթի պետական քոլեջը: «Ինձ որպես երգչուհու հայտնաբերել է Ակսել Բակունցը, մեր բոլորին սիրելի Կոկան: Ես երգում էի ինքնագործ մի խմբում եւ Կոկան լսելով ինձ հավանեց ու ճանապարհ հարթեց որպես երգչուհի իմ կայացման հարցում: Նա մի անձնավորություն էր, որը բազմաթիվ երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ է կրթել ու դաստիարակել մեր հայ ազգի համար: Նա առաջիններից էր, որ հայ ժողովրդական երգերը մշակեց էստրադային ժանրում: Մինչ այսօր Ակսել Բակունցի մի քանի տասնյակ մշակումներ կատարվում են, որոնցում հնչում է անաղարտ ու մաքուր հայկական երաժշտական հենքը: Թվենք մի քանիսըՙ «Նազան յար», «Կանչում եմ յար, արի», Կոմիտասյան երգերի շարքը եւ այլն: Մենք երախտապարտ ենք, որ ունեցել ենք նման ուսուցիչ, որի շնորհիվ ուսում ենք առել, բազմաթիվ բեմերի ու մրցանակների արժանացել: Եվ այն կրթությունը, որ առել ենք Ակսել Բակունցից, այսօր մենք փոխանցում ենք նոր սերունդներին ի հարգանս մեր մեծ ուսուցչի, մանկավարժի եւ ազնիվ ու բարի մի անձնավորության, որն էր Ակսել Բակունցը, մեր Կոկան»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ