«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2012-01-13 | #5, 2012-01-14 | #6, 2012-01-17


ԹՈՒՄԱՆՅԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐ

Մոտ 9 տասնամյակ է անցել Հովհաննես Թումանյանի մահից, մեր գրականագիտության ամենամեծ բաժինը նվիրված է ամենայն հայոց բանաստեղծի կյանքի ու գործի ուսումնասիրությանը, սակայն թումանյանական աշխարհը դեռ բացահայտվելու եւ բացվելու բազում շերտեր ունի: Հատկապես շատ բան կարող են ասել նրա զավակները: Տասնամյակներ շարունակ նրանց արխիվը փակ ու անձեռնմխելի է եղել: Բայց պե՞տք է ինչ-որ մեկը վերջապես պարզ լույս սփռեր այն գրավոր գանձերի վրա, որոնք էությամբ այսպես թե այնպես առնչվում են Թումանյանին:

Վերջին տարիներին բանաստեղծի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը ձեռնամուխ էր եղել Թումանյանի ժառանգների արխիվը վերջապես գաղտնազերծելու եւ ուսումնասիրելու գործին: Այդ հսկայածավալ նյութը փաստաթղթով ոչ մեկին պատկանելիս չի եղելՙ ո՛չ ընտանիքին, ո՛չ թանգարանին: Դատարանի միջամտությամբ թանգարանին վերջապես թույլ է տրվել բացել ու բացահայտել ամբողջ նյութը, որն ի պահ էր տրված հենց այս հաստատությանը: Այստեղ է գտնվում Թումանյանի զավակներիՙ Աշխենի, Արտավազդի, Մուշեղի, Նվարդի արխիվը: Աշխեն Թումանյանի բավականաչափ ծավալուն ժառանգությունն արդեն ուսումնասիրված է, եւ թանգարանը պատրաստվում է գիտական հրատարակությամբ այն շատ շուտով հանրահռչակել: 1907 թվականին, երբ Թումանյանին ձերբակալել են, Աշխենի ուսերին են ընկել տան ավագի հոգսերն ու պարտականությունները: Աղջիկը պատմում է իր կյանքի մասին, որը ողբերգական ու ծանր էջեր շատ է ունեցել: Աշխենը կրթություն չի ստացել, բայց օժտված է եղել գեղարվեստական նուրբ ճաշակով ու զգացողությամբ: «Գրավոր ժառանգությունից երեւում է, որ Աշխենը լիարժեք չի տիրապետել ո՛չ հայերենին, ո՛չ ռուսերենին, բայց գրել է, թարգմանություններ արել: Նա թարգմանել է Կ. Պաուստովսկու «Պողպատե մատանի» պատմվածքը: Աշխենը չի հասցրել այն խմբագրել, փաստորեն դա սեւագրություն է, բայց երեւում է, թե գրական երկը, գեղարվեստական խոսքը զգալու ինչ բնատուր շնորհ է ունեցել: Մենք այդ թարգմանությունն առանց որեւէ միջամտության տպագրության ենք հանձնել: Եվ ընդհանրապես արխիվային ամբողջ նյութն ենք հրատարակելու առանց որեւէ բառ փոխելու կամ շտկելու: Կարծում եմՙ դրա իրավունքը ոչ ոք չունի: Ամեն ինչ տպագրվելու է այնպես, ինչպես գրել է Աշխենը», նշում է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը:

Գրքում առանձին անդրադարձ կլինի նաեւ հուշագրություններին: Աշխենը հուշեր է գրել հոր մասին, որի հետ շատ կապված է եղել: Նրանք գնացքի նույն վագոնում են եղել Մոսկվա մեկնելիս, Աշխենը հոր հետ է եղել նաեւ նրա կյանքի վերջին օրերին: Աղջիկն ու դերասան Պահարեն նամակներում քննարկում են բանաստեղծի մասունքները Խոջիվանքի գերեզմանատնից տեղափոխելու եւ վերահուղարկավորելու հարցը: Աշխենն այնքան հեռատես է եղել, որ գրի է առել իրենց տանը հորից ու մորից լսած պատմությունները: Հետաքրքրական է նաեւ նրա նամակագրությունն ընտանիքի անդամների հետ: Գրքում ներկայացվելու են Աշխենի նամակները, զուգահեռՙ դրանց պատասխանները: Առանձին բաժին է հատկացվել հոր հետ նամակագրությանը: Բացահայտվում են նաեւ Աշխենի կյանքի տխուր ու ապերջանիկ մանրամասներըՙ նրա անսեր ամուսնությունը ՀՀ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի եղբորՙ փաստաբան Գեւորգ Խատիսյանի հետ, որից նա հետո բաժանվում է. նրանց ամուսնության պտուղըՙ Հովիկը մահանում է թոքախտից: Աշխենը հիմնադրում է Թումանյանի տուն-թանգարանը: Պատմում է, թե ինչ անհոգի, նենգ մարդկանց է նա հանդիպում իր ճանապարհին: Նշում է իրեն տառապանք պատճառողների, հալածողների անունները, պարզ են դառնում, թե խորհրդային վարչակարգում բյուրոկրատական քաշքշուկները, չարությունն ու չկամությունն ինչ հոգեկան տառապանքի են հասցրել բանաստեղծի ժառանգին:

Պահպանվել է նաեւ Աշխենի ու մշակույթի այլ գործիչների միջեւ ծավալված նամակագրությունը: «Նամակներից մեկում, օրինակ, Աշխենը դիմում է դերասան, ասմունքող Սուրեն Քոչարյանինՙ խնդրանքով, որ նա տարբեր գործիչներից հուշեր հավաքի իր հոր մասին: Հայտնի է, որ Սուրեն Քոչարյանը կատարել է Թումանյանի դստեր խնդրանքը, նա այդ նպատակով աշխատել է նաեւ Մոսկվայում: Հայաստանի ռադիոյում եւս եղել են ձայնագրություններ. Թումանյանին տեսած ու ճանաչած մարդիկ Սուրեն Քոչարյանին հուշեր են պատմել մեծ բանաստեղծի մասին: Մենք շատ փնտրեցինք դրանք, բայց ո՛չ Մոսկվայի, ո՛չ մեր ռադիոյի որոնումներն արդյունք չտվեցին», - պատմում է Նարինե Թուխիկյանը:

Աշխեն Թումանյանի արխիվին վերաբերող գիտական հրատարակությունը շուտով դուրս կգա տպարանից: Թանգարանի տնօրենը տեղեկացրեց, որ գիրքը թումանյանասերներին կներկայացվի ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրըՙ փետրվարի 19-ին: Հաջորդ անդրադարձը լինելու է Թումանյանի Արտավազդ որդու արխիվին, որը շատ ավելի ծավալուն է եւ լույս կտեսնի հատորներով: Իսկ բանաստեղծի Արեգ որդու արխիվը գտնվում է Ռուսաստանումՙ նրա ծոռան մոտ, որի անունը նույնպես Արեգ է: «Արեգը սթափ մարդ է, ես խոսել եմ նրա հետ իր պապի ժառանգության մասին, հայտնել, որ շատ կուզեինք այն ուսումնասիրել: Կարծես թե նա եւս ոգեւորված է եւ շուտով մեզ կվստահի իր Արեգ պապի արխիվը: Սա թարմ, չբացահայտված, հետաքրքրական նյութ կլինիՙ նոր աշխարհ, որ դարձյալ առնչվում է մեր մեծ բանաստեղծին», նկատում է Նարինե Թուխիկյանը:

Այս տարի տուն-թանգարանը կհրատարակի նաեւ «Հովհաննես Թումանյան. Մտքեր» ժողովածուն: Այն ներկայացնելու է բանաստեղծի խոհերն արվեստի, փիլիսոփայության, մեր ազգային որակների, մամուլի, լեզվի, կյանքի տարբեր երեւույթների մասին, մեծ մտածողն անգամ վերլուծում է թուրք ժողովրդի տեսակը: Նախատեսվում է գիրքը հրատարակել նաեւ ռուսերեն:

Ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանի այցելուներին անակնկալ է սպասվում, որը եւս կներկայացվի նրա ծննդյան օրը:

Նորագույն տեխնոլոգիաները նոր չեն մուտք գործել այստեղ, սակայն դրանք նոր խոսք կասեն Վերնատան այցելուներին: Այս սրահում կտեսնենք իրենՙ Թումանյանինՙ շարժվող, գործողության ընթացքում: Նա գլխարկն է հանելու, նստելու է, «Մշակ» է կարդալու, վեր է կենալուՙ մոտենա այցելուներին: Նորագույն գրաֆիկական, լուսային պատկերները բանաստեղծին «կենդանացնելու» են: Հետագայում Թումանյանին կմիանան նաեւ Վերնատան մյուս մեծերը: Այս նորամուծությունն աննախադեպ է: Աշխարհում շատերն են տարբեր առիթներով դիմել տեխնիկայի այս վերջին հնարավորությանը, սակայն առաջին անգամ է այն կիրառվում թանգարանումՙ թանգարանային մթնոլորտը դարձնելով կենդանի, անմիջական ու զգացական: «Գաղտնիքներ կան, որոնք առայժմ չեմ ուզում բացել, բայց վիրտուալ Թումանյանի կերպարն ստանալու համար դարձյալ պարտական ենք բանաստեղծի ժառանգներին», ավարտեց զրույցը Նարինե Թուխիկյանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4