Երբ Վրաստանում հայկական եկեղեցիների հանդեպ վերաբերմունքը, լավագույն դեպքում, ուղղակի անտարբեր է, որի հետեւանքով անտերության մատնված եկեղեցիները խոնարհվում են ժամանակի ու որոշ տխմարների «մանր-մունր» հանցանքների պատճառով, հարեւան երկրում, հատկապես մայրաքաղաքում կան էլի բազում հուշարձաններ, որոնցից կա՛մ հայկականի հետքն են փորձում ջնջել, կա՛մ էլ ուղղակի վերացնել:
Այն, ինչ կարող է տեղի ունենալ Հովհաննես Թումանյանի տան հետ Թբիլիսիում, ոչ միայն վրացական իշխանությունների թերեւս դիտավորյալ անտարբերության ու Վրաստանում հայկական համայնքի եւ մշակույթի անմխիթար վիճակի արդյունք կարող է լինել, այլեւ հենց հայկական աշխարհի տարբեր երկրներում ծվարած ներկայացուցիչների բացակա վերաբերմունքի հետեւանք. Թումանյանի տունը կարող է դառնալ ներկայումս այդ բնակարանի միակ գնորդ ներկայացող թուրք-վրացական «ԳեոԹուրան» համատեղ ընկերության սեփականություն` հետագայում որպես թուրք բանվորների հանրակացարան ծառայելու համար:
Թբիլիսիի հայերի միությունը տեղեկացնում է, որ դեռեւս նախորդ դարի 30-ականներին Թումանյանի ընտանիքի անդամների կողմից Թիֆլիսին նվիրատվությամբ հանձնված այդ բնակարանի մի հատվածը, որ տարիներ շարունակ ծառայել է որպես Թումանյանի անվան գրադարան, կարող է հանձնվել թուրք-վրացական ընկերությանը, ընդ որում, վերջինս դիմել է Թումանյանի ծոռնուհի Ալյոնա Թումանյան-Կոլեսնիկովային` ձեռք բերելու նաեւ բնակարանի այն հատվածը, որտեղ դեռեւս ապրում է Թումանյանի ժառանգը: Տիկին Ալյոնան մերժել է բնակարանի իր հատվածը վաճառելու առաջարկը:
Ըստ էության, այս պատմությունը շարունակությունն է այն բոլոր քայլերի, որ կատարվել են դեռեւս 90-ականների սկզբից Թումանյանի տունը Թբիլիսիում «ձեռք գցելու» ուղղությամբ. Վրաստանի քաղաքապետարանը բենզինի մատակարարման պարտքերի դիմաց նշված ընկերությանն է հանձնել մի շարք գրադարանային տարածքներ մայրաքաղաքում, այդ թվում` Թումանյանի տունը, որտեղ ներկա դրությամբ ակտիվ նորոգման աշխատանքներ են ընթանում:
«Ներկա դրությամբ Թբիլիսիում է պատմական հուշարձանների պահպանության բաժնի հանձնախումբը, որ շտապ ժամանել է հայկական Սուրբ Նշան եկեղեցու հերթական մասնակի փլուզման ու հրդեհի փաստի առնչությամբ, որը պարտավոր է գոնե դադարեցնել բարբարոսությունը մեր պատմության հանդեպ: Հովհաննես Թումանյանը, ճիշտ այնպես, ինչպես Իլյա Ճավճավաձեն եւ Միրզա Ֆաթալի Ախունդովը, հանգչում են վրացական հողում, պատկանում են աշխարհին, եւ ողջ աշխարհն էլ պարտավոր է պաշտպանել նրանց հիշատակը», ասված է Թբիլիսիի հայերի միության հայտարարության մեջ` կոչով. «Օգնեք կանխել աղետը»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ