Միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն արգենտինացի Պաբլո Ֆարիասի նկատմամբ նոկաուտով տարած տպավորիչ հաղթանակով սկսեց նոր մրցաշրջանըՙ նվաճելով 2-րդ միջինքաշային կարգում WBO-ի վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում անցկացված մենամարտում Արթուր Աբրահամը 5-րդ ռաունդում ընդամենը մեկ րոպեի ընթացքում 3 անգամ գետնին տապալեց մրցակցին եւ մրցավարը գրանցեց նոկաուտՙ հաղթանակը շնորհելով հայ բռնցքամարտիկին: Պրոֆեսիոնալ ռինգում դա Արթուրի 33-րդ հաղթանակն էր եւ առաջինըՙ 2-րդ միջինքաշային կարգում կրած 3 անընդմեջ պարտություններից հետո: Վերջին անգամ Արթուրը ռինգ էր դուրս եկել անցյալ տարվա մայիսինՙ Super Six մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին:
«Ընդհանուր առմամբ գոհ եմ մենամարտի արդյունքից: Սակայն չեմ կարող ամբողջովին բավարարված լինել անցկացրած մենամարտից: Մենք մեր առջեւ նպատակ չէինք դրել այս մենամարտում չեմպիոնական գոտի նվաճել: Կարող էի ավելի հաջող հանդես գալ: Խոստովանում եմ, որ տակտիկական որոշ սխալներ թույլ տվեցի, որոնց վերացման վրա հարկավոր է առաջիկայում աշխատել: Մնացած ամեն ինչը նորմալ էր: Մրցակիցն «ամուր ընկույզ» էր եւ ուժեղ հարվածների էր տիրապետում: Սակայն ես պատրաստ էի դրանց: Մենամարտից առաջ հոգեբանական ուժեղ ճնշվածություն էի զգում: Ճիշտ է, լինելով հոգեբանորեն հավասարակշռված անձնավորություն, առանց խնդիրների կարողացա հաղթահարել այն:
Ակնհայտ էր, որ Ֆարիասը փորձել էր լավ նախապատրաստվել մենամարտին: Սակայն ես էլ երկար ժամանակ շատ ջանք ու եռանդ էի գործադրել: Խոստումս կատարեցիՙ հրամցնելով դիտարժան մենամարտ եւ հասնելով հաղթանակի: Ինձ համար նոր հաղթանակների մեկնարկը տրված է: Ինչպես խոստացել եմ, այս տարի կրկին նվաճելու եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ուժի, ոգու, կամքի եւ մտքի հաղթանակ բոլորիդ», մենամարտից հետո նշել է Արթուր Աբրահամը :
«Դա լավ մենամարտ էր, որը ես վատ չսկսեցի: Սակայն ցավոք այն տխուր վերջաբան ունեցավ: Աբրահամը շատ ուժեղ բռնցքամարտիկ է: Սկզբում նրա հարվածներն ընդհանրապես չէի զգում, սակայն հետո նա այնպիսի ուժգին հարվածներ հասցրեց գլխիս եւ որովայնիս, որ արդեն ուժ չունեի վեր կենալու», հայտարարել է Պաբլո Ֆարիասը :
Իր սանի ելույթից գոհ էր Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները. «Գիտեինք, որ Ֆարիասը բարդ մրցակից է: Արթուրը կատարեց իր առջեւ դրված խնդիրը ու հուսախաբ չարեց երկրպագուներին: Աբրահամը հսկայական ներուժ ունի: Նա նպատակաուղղված անձնավորություն է, ինչը մշտապես դրսեւորում է մարզումների ժամանակ: Բոլոր հիմքերը կան, որ նա կրկին նվաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը»:
Ըստ գերմանական «Բիլդ» հանդեսի, Ֆարիասի հետ մենամարտում Աբրահամի պարգեւավճարը շատ փոքր էրՙ 95 հազար եվրո: Մինչդեռ նախկինում այն կազմում էր մոտ 1,5 մլն եվրո: Նույն հանդեսի տվյալներով, Ֆարիասը Բուենոս Այրեսում աշխատում է աղբահանության ոլորտում: Անցյալ տարի նա ոտքից եւ ձեռքից հրազենից վիրավորվել էր: Ըստ գերմանական Quotenmeter.de կայքի, Գերմանիայում Աբրահամ-Ֆարիաս մենամարտը դիտել է 5,09 մլն հեռուստադիտող, ինչն այդ պահին հեռուստահաղորդումներին հետեւող մարդկանց 22,5 տոկոսն է: Այդ մենամարտը ցուցադրվել է ARD հեռուստաալիքով տեղական ժամանակով ժամը 23-ին: Հետաքրքրական է, որ ռուսաստանցի Ռոբերտ Շտիգլիցի եւ գերմանացի Հենրի Վեբերի մենամարտը, որը նախորդել էր Աբրահամի մրցամարտին, ARD հեռուստաալիքը ցուցադրել էր ավելի ուշՙ տեսագրությամբ: Այդ մենամարտին Գերմանիայում հետեւել էր 3,18 մլն հեռուստադիտող: Այդ մենամարտում Շտիգլիցը հաջողությամբ պաշտպանել էր WBՕ-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը: Մենամարտի ավարտից հետո նա նշել էր, որ պատրաստ է մրցավեճի բռնվել Արթուր Աբրահամի հետ, եթե վերջինս իրեն մարտահրավեր նետի: