Լեւոն Արոնյանը հաջող է մեկնարկել Հոլանդիայի Վեյք Ան Զեե քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարում: Առաջին 2 տուրերում նա հաղթանակներ տոնեց Սերգեյ Կարյակինի եւ Հիկարու Նակամուրայի նկատմամբ ու արդեն մեկնարկից միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Մեկնարկային տուրում Անիշ Գիրին հաղթեց Բորիս Գելֆանդին, Մագնուս Կառլսենը պարտության մատնեց Վուղար Հաշիմովին: Հաշտություն կնքեցին Դավիթ Նավարան ու Վեսելին Թոփալովը, Թեյմուր Ռաջաբովն ու Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան ու Վասիլի Իվանչուկը, Գատա Կամսկին ու Լյուկ վան Վելին:
2-րդ տուրում բացի Արոնյանից, հաղթեց միայն Կարուանանՙ առավելության հասնելով Կարյակինի նկատմամբ: Թոփալով-վան Վելի, Հաշիմով-Կամսկի, Իվանչուկ-Կառլսեն, Գիրի-Ռաջաբով, Նավարա-Գելֆանդ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Երեկ մրցաշարում կայացավ 3-րդ տուրը, որի կենտրոնական մրցախաղը Լեւոն Արոնյանի մրցավեճն էր Մագնուս Կառլսենի հետ:
Համառ պայքարից հետո 68-րդ քայլին սեւերով խաղացող Արոնյանը հանձնվեց: Կառլսենը 2,5 միավորով գլխավորեց աղյուսակը: 2-ական միավոր են վաստակել Արոնյանն ու Ռաջաբովը, որը պարտության մատնեց Նավարային: 2 անընդմեջ պարտություններից հետո անդրանիկ հաղթանակը տոնեց Սերգեյ Կարյակինը, որի մրցակիցը Անիշ Գիրին էր: Գելֆանդ-Թոփալով, Նակամուրա-Կարուանա, Կամսկի-Իվանչուկ, Վան Վելի-Հաշիմով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
C խմբում հանդես եկող Էլինա Դանիելյանը 3 հնարավորից վաստակել է 1 միավոր: Առաջին տուրում նա պարտվեց Մաքսիմ Տուրովին, ապա հաշտություն կնքեց Լիզա Չուտի եւ Անե Հաստի հետ: 3 միավորով առաջատարը Մաքսիմ Տուրովն է: