Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս Մարիա Կուրսովան, որը 5 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքի էր հասել: 4-րդ եւ 5-րդ տուրերում Կուրսովան հերթական հաղթանակները տոնեց Լիանա Աղաբեկյանի եւ Նաիրա Մովսիսյանի նկատմամբ: Առաջատարին 4 միավորով հետապնդում էր Աննա Հայրապետյանը: Նա ոչ-ոքի խաղաց Նարինե Գասպարյանի հետ ու հաղթեց Շուշան Սարգսյանին:
4-րդ տուրում Լիա Մարտիրոսյանը հաղթեց Անահիտ Խառատյանին: Անդրանիկ հաղթանակը տոնեց Մարիա Գեւորգյանըՙ պարտության մատնելով Նելլի Աղինյանին: Հաշտություն կնքեցին Շուշան Սարգսյանն ու Եվգենիա Դոլուխանովան, Հասմիկ Ղամբարյանն ու Նաիրա Մովսիսյանը:
5-րդ տուրում կայացած բոլոր 5 պարտիաները (Աղաբեկյան-Աղինյան պարտիան չկայացավ) արդյունավետ ելք ունեցան: Բացի Կուրսովայից եւ Հայրապետյանից, հաղթեցին նաեւ Նարինե Գասպարյանը, Անահիտ Խառատյանը եւ Եվգենիա Դոլուխանովան, որոնք խաղում էին համապատասխանաբար Մարիա Գեւորգյանի, Հասմիկ Ղամբարյանի եւ Լիա Մարտիրոսյանի հետ: 6-րդ տուրից առաջ պարզ դարձավ, որ Նելլի Աղինյանը հիվանդության պատճառով չի կարող շարունակել ելույթները: Նրա մասնակցությամբ պարտիաներում գրանցված արդյունքները չեղյալ են համարվել:
6-րդ տուրում Մարիա Կուրսովան շարունակեց հաղթարշավը` առավելության հասնելով Անահիտ Խառատյանի նկատմամբ: Այս հաջողությունից հետո Կուրսովան պահպանեց մինչ այդ վաստակած 5 միավորը, քանի որ 2-րդ տուրում Աղինյանի նկատմամբ տոնած հաղթանակը չեղյալ էր համարվել: Դա հնարավորություն ընձեռեց Աննա Հայրապետյանին միավորներով հավասարվել Կուրսովային շնորհիվ Լիա Մարտիրոսյանի նկատմամբ տոնած հաղթանակի:
3,5 միավորով 3-րդ տեղում Եվգենիա Դոլուխանովան է, որը պարտության մատնեց Հասմիկ Ղամբարյանին: 3 միավոր ունի Շուշան Սարգսյանը, որը ոչ-ոքի խաղաց Նարինե Գասպարյանի հետ: Մարիա Գեւորգյանը հաղթեց Լիանա Աղաբեկյանին:
Տղամարդկանց մրցաշարում չեմպիոնի կոչման համար պայքարն ավելի թեժ է: Մեծ թիվ են կազմում ոչ-ոքիները: 4-րդ եւ 5-րդ տուրերում նման արդյունք գրանցվեց Պետրոսյան-Փաշիկյան, Մելքումյան-Ավետիք Գրիգորյան, Սիմոնյան-Մինասյան, Անդրեասյան-Պետրոսյան, Մինասյան-Տեր-Սահակյան, Ավետիք Գրիգորյան-Սիմոնյան պարտիաներում: Լեւոն Բաբուջյանը հաղթեց Կարեն Գրիգորյանին, որը հաջորդ տուրում զիջեց նաեւ Մելքումյանին: Իսկ Բաբուջյանը 5-րդ տուրում պարտվեց Փաշիկյանին: Տեր-Սահակյանն էլ զիջեց Ռոբերտ Հովհաննիսյանին:
6-րդ տուրից հետո 4 միավորով առաջատարի դիրքը պահպանեց Հրանտ Մելքումյանը` հաշտություն կնքելով Արման Փաշիկյանի հետ: 3,5-ական միավորով 2-3-րդ տեղերը բաժանում են Զավեն Անդրեասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք հաղթեցին համապատասխանաբար Լեւոն Բաբուջյանին եւ Արտաշես Մինասյանին: Վերջինս 6-րդ տուրում խաղից ազատ Տիգրան Պետրոսյանի հետ ունի 3 միավոր:
4 անընդմեջ պարտություններից հետո վերջապես հաղթեց Կարեն Գրիգորյանը, որը մրցում էր Հրայր Սիմոնյանի հետ: Սամվել Տեր-Սահակյանն ու Ավետիք Գրիգորյանը հաշտություն կնքեցին: Նրանք Փաշիկյանի հետ վաստակել են 2,5-ական միավոր: Այսօր առաջնությունում հանգստյան օր է: