Ալմա Աթիում անցկացված ձյուդոյի միջազգային վարկանիշային մրցաշարում անհաջող հանդես եկան Հայաստանի 2 պատվիրակները: Մինչեւ 66 կգ քաշային Արմեն Նազարյանը միայն մեկ փուլ հաղթահարեցՙ մաքուր հաղթանակ տոնելով ղազախստանցի Սերգեյ Լիմի նկատմամբ, որին պարտվել էր մեկ ամիս առաջ Տոկիոյում կայացած միջազգային մրցաշարում: 2-րդ փուլում Արմեն Նազարյանը զիջեց մոնղոլ Հաշբադարին: Վճռորոշ դեր խաղաց մրցավարից ստացած նկատողությունը: Արմենը գրավեց 5-րդ տեղն ու վաստակեց 80 միավոր:
Իսկ ահա Հովհաննես Դավթյանը (60 կգ) մրցապայքարից դուրս մնաց հենց առաջին փուլից հետո: Նա պարտվեց իր վաղեմի մրցակից, ճապոնացի Հիրոակային, որին զիջել էր նախորդ 3 գոտեմարտերում:
Մեր 2 մարզիկները հերթական մրցմանը կմասնակցեն փետրվարի 3-ին, Փարիզում: Իսկ մինչ այդ ՀՀ հավաքականը կմասնակցի հունվարի 28-29-ին Թբիլիսիում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը: