«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2012-01-14 | #6, 2012-01-17 | #7, 2012-01-18


ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ. ԹԵՐԵՎՍ ԵԿԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՆԱՏՕ-ԻՑ ՎՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ամերիկյան Տեխաս նահանգի նահանգապետ, Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու Ռիկ Փերրին «Fox News»-ի եթերում հունվարի 16-ին կազմակերպված բանավեճի ժամանակ հայտարարել է, թե թերեւս եկել է Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու, դուրս շպրտելու ժամանակը:

Ինչպես տեղեկացնում է «Mediaite.com» կայքէջը` հղում անելով «Fox News» հեռուստաընկերությանը, Փերրին եթերում նաեւ տվել է իր խոսքերի բացատրությունը, պարզաբանելով, որ Թուրքիան ղեկավարվում եւ ղեկավարվել է «շատերի ընկալմամբ` իսլամիստ-ահաբեկիչների կողմից»:

Ամերիկյան լրատվամիջոցները Փերրի հայտարարությունը մեկնաբանել են որպես «շատերի համար անակնկալ», քանի որ «Թուրքիան ԱՄՆ-ի երկարաժամկետ դաշնակիցն է ՆԱՏՕ-ում եւ կարեւոր դիվանագիտական գործընկերըՙ արաբական աշխարհում 2011-ի փոփոխություններն ուրվագծող կարեւոր, բայց քիչ քննարկված զարգացումների առումով»:

Հաղորդումը վարող Բրեթ Բայերի հարցին, թե արդյոք կարծո՞ւմ եք, որ իսլամիստ կառավարող իշխանությամբ, կանանց շրջանում սպանությունների բարձր ցուցանիշներով, խոսքի ազատության ոտնահարմամբ, ռազմական տարածաշրջանային խնդիրներով հանդերձ Թուրքիան առաջվա պես ՆԱՏՕ-ի անդամ է, Ռիք Փերրին պատասխանել է. «Երբ երկիրը ղեկավարվում է շատերի կողմից, իսլամիստ ահաբեկիչներ ընկալվողների կողմից, երբ նման գործողություններ են իրականացվում սեփական քաղաքացիների դեմ... ապա Միացյալ Նահանգների համար արդեն ժամանակն է ոչ միայն ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամության հարցի, այլեւ նրան տրամադրվող արտաքին օգնությունը զրոյացնելու քննարկման համար»:

Փերրին իր խոսքին ավելացրել է. «Թուրքիան շատ է հեռացել այն երկրից, ինչպիսին էր 1970-ականներին», երբ Փերրին որպես օդաչու ծառայում էր Թուրքիայում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4