Ֆրանսիական օրինագիծը լռության մատնելու համար թուրքական թերթը ապերախտության մեջ է մեղադրում Ադրբեջանին
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Որքան էլ Թուրքիան եւ Ադրբեջանը համարվեն մեկ ազգի երկու պետություններ, նրանք նույնպես տարաձայնություններ ունեն: Օրինակ, հակառակ Անկարայի համառ պահանջներին, Ադրբեջանը շարունակ հրաժարվում է Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ անցագրային ռեժիմի կիրառումից: Մինչդեռ Թուրքիան այդ ռեժիմը երկու երկրների միջեւ վաղուց հանել է:
«Ազգը» բազմիցս անդրադառնալով թուրք-ադրբեջանական տարաձայնություններին, որոնք ժամանակ առ ժամանակ հակասությունների են վերաճում, ինչպես վերաճել են Իսրայելի հետ հարաբերությունների հարցում, նշել էր, որ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ գործում է այն ժամանակ, երբ խնդրո առարկա են դառնում հայերն ու Հայաստանը:
Ինչպես երեւում է, կարգախոսի գործունեությունը սկսել է խաթարվել նաեւ այս պարագայում: Այլապես «Ենի շաֆաքը» երեկվա համարում չէր հրապարակի «Ո՞ւր մնացիր, ազերի՛ եղբայր» հոդվածը, որը թուրքական թերթի ինտերնետային տարբերակում ստացել է «Մեկ ազգ, երկու պետություն եւ ֆրանսամետ Ալիեւ» ձեւակերպումը:
Հոդվածի առիթը Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումն է: «Ենի շաֆաքը» այս փաստին անտարբեր մնալու համար նախատում է Ադրբեջանին, նախատման հարցում թուրքական թերթին են միանում թուրք քաղաքական գործիչները:
Նրանցից «Մեծ միասնություն» կուսակցության նախագահ Մուստաֆա Դեսթիջին լռություն պահպանելու համար դատապարտելով Իլհամ Ալիեւի իշխանություններին, ասել է. «Օրինագծի հարցում ազերի ժողովուրդը պաշտպանում է Թուրքիայի դիրքորոշումը եւ ատելություն է դրսեւորում Ֆրանսիայի հանդեպ: Սակայն Ադրբեջանի վարչակարգը անտեսում է ժողովրդի կարծիքը: Մինչդեռ մենք ազերիներին կորցնելու մտավախությամբ հրաժարվեցինք բացել Հայաստանի հետ սահմանը: Ադրբեջանի ղեկավարությունը դա չի նկատում: Նա պետք է հայտարարեր, որ հակաթուրքական օրինագծի ընդունման դեպքում կհակազդի Ֆրանսիային»:
Դեսթիջիին է միացել Ազգայնական շարժում կուսակցության փոխնախագահ Մուսաֆա Էրդեմը: Նա Ղարաբաղի, այսպես կոչված, օկուպացման համար տուժող կողմ համարելով Ադրբեջանին, նշել է. «Ֆրանսիական օրինագծով փորձ է արվում, որ տուժող կողմ դառնա նաեւ Թուրքիան: Եղբայրական երկու երկրներն էլ պարտավոր են միասնական դիրքորոշում դրսեւորել հայկական հարցում»:
Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նեջդեթ Ունուվարը հավելել է. «Ժխտողականությունը քրեականացնող օրինագիծը Ադրբեջանի համար նույնքան մտահոգիչ է, որքան Թուրքիայի: Ժամանակին Ալիեւը հավաստել է, որ Ադրբեջանը ՄԱԿ-ում եւ միջազգային այլ ֆորումներում համատեղ կգործի Թուրքիայի հետ»:
Միջազգայնագետ, պրոֆ. Մեսութ Ջասինը, ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականությունը համարելով սխալներով լի, այս հանգամանքը պայմանավորել է Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու նախագահ Ալիեւի մոտեցումով: Մոտավորապես նույն մոտեցումն է դրսեւորել «Սելջուկ» համալսարանի դասախոս Բիլալ Աքգյունը, ասելով. «Ֆրանսիայի հարցում Ադրբեջանը զերծ է մնում հակազդեցությունից, որովհետեւ Իլհամ Ալիեւը վախենում է կորցնել աթոռը: Ալիեւին մտավախություն է պատճառում նաեւ «արաբական գարնան» ազդեցության տարածման հավանականությունը սեփական երկրում: Այդ իսկ պատճառով էլ խուսափում է Թուրքիայի հետ մերձեցումից»:
Ինչ վերաբերում է «Ենի շաֆաքին», ապա այս թերթն էլ օրինագծի հարցում լռությունը բացատրում է Ֆրանսիայի նկատմամբ Մեհրիբան Ալիեւայի ջերմ զգացումով: Ըստ թուրքական թերթի, պարզվել է, որ Մեհրիբան Ալիեւան Ֆրանսիայի անկեղծ բարեկամն է, այդ իսկ պատճառով, չնայած հայամետ օրինագծի ընդունման, չի հրաժարվում Ադրբեջան-Ֆրանսիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնից, ինչը մթագնում է երկու ցեղակից երկրների եղբայրությունն ու շփոթմունք է պատճառում Անկարային:
«Ենի շաֆաքի» բնութագրմամբՙ Ֆրանսիան, լինելով Մինսկի խմբի համանախագահող երկիր, միշտ անտարբեր է եղել Ադրբեջանի հոգսերին, անտեսել է Խոջալուի կոտորածներն ու ադրբեջանցի փախստականներին, ավելին, հոկտեմբերի 6-8-ը Հարավային Կովկաս այցելության ընթացքում նախագահ Նիկոլա Սարկոզին Բաքվում ընդամենը 2 ժամ է մնացել, Երեւանում ծաղկեպսակ է դրել ցեղասպանության հուշարձանին, իսկ Բաքվում նրա մտքով անգամ չի անցել այցելել շեհիդների պուրակ, եւ այս վիրավորանքի համար Անկարան դատապարտել է Ֆրանսիայի նախագահին:
«Ենի շաֆաքը» նաեւ «Ղարաբաղում Թուրքիայի անձնազոհությունը մոռանալու համար» ապերախտության մեջ է մեղադրում Ադրբեջանին եւ հիշեցնում. «Անկարան հակադրվելու գնով ԱՄՆ-ին ու Եվրոմիությանը, հաշվի էր նստել Ադրբեջանի իղձերի հետ եւ աղբաման էր նետել հայ-թուրքական արձանագրությունները, որոնք Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացում էին նախատեսում: Սակայն Ֆրանսիայում ընդունված հայկական օրինագծի առնչությամբ նա եղբայրական համարժեք վերաբերմունք չտեսավ Իլհամ Ալիեւից»: