«Արաբական գարունը», ինչպես եւ դժվար չէր ենթադրել, վերջապես, գոնե խոսակցությունների ու սպառնալիքների մակարդակով, հասավ բուն նպատակին` Իրան: Այս օրերին չեն դադարում խոսակցությունները, որ ԱՄՆ-ը, եւ իհարկե նաեւ Իսրայելը կարող են հարվածել Իրանին, ու այս համատեքստում հնչում են փորձագիտական որոշ կարծիքներ, որ դա կլինի «երրորդ աշխարհամարտի» սկիզբը: Այս կապակցությամբ հրեա քաղաքագետ Ավիգդոր Էսկինը բավական ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել: Ադրբեջանական vesti.az կայքին տված հարցազրույցում Էսկինը հայտնել է. «Կարծում եմ, որ Իսրայելը մի քանի հարվածներ կհասցնի Իրանին` վերջինիս ատոմային ծրագրերը կասեցնելու նպատակով: Թեհրանը պատասխան հրթիռները կարձակի Իսրայելի ուղղությամբ, ինչին կհաջորդի Իրանի համար խիստ ցավալի պատասխանը. միջազգային հանրությունը` ԱՄՆ-ի գլխավորությամբ, կմիջամտի` ռազմական գործողությունները կասեցնելու նպատակով», ասել է Էսկինը:
Միեւնույն ժամանակ Իրանի հետ ռազմական գործողությունները, եթե բաց ընթանան, ապա հրեա գործչի խոսքերով` «Ադրբեջանը հրաշալի հնարավորություն կստանա ռազմական ճանապարհով լուծելու ԼՂ-ի հարցը»: Էսկինի հայտնած դիրքորոշումները ոչ այնքան անկախ վերլուծաբան-փորձագետի դիրքորոշումների են նման, որքան հրեական պետության շահերին համահունչ քաղաքականության ներկայացման: Սակայն մի շարք կարեւոր հանգամանքներ Իրանին հարվածողներն ու այդ ընթացքում ԼՂ հարցը, այն էլ ռազմական ճանապարհով լուծել պատրաստվողները մոռանում են: Նախ, եթե պատկերացնենք անգամ, որ Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ են սկսվում, ապա դժվար չէ պատկերացնել, որ դրանք բառացիորեն աղետալի կլինեն ողջ տարածաշրջանի համար: Վերհիշենք թեկուզ միայն այն, որ ՆԱՏՕ-ն «սովորություն ունի» ռմբակոծել ոչ ճիշտ թիրախները: Հետեւաբար` ենթադրյալ այդ պատերազմի ժամանակ տարածաշրջանում ոչ մի երկիր ուղղակի չի կարող մտածել իր այլ նպատակների իրագործման մասին, բացի սեփական անվտանգության ապահովման գերխնդրից: Բացի սրանից, եթե պատերազմ է սկսվում Իրանի դեմ, ապա տարածաշրջանի բոլոր երկրներից բացի, որոնք ուզեն թե չուզեն ներքաշված են լինելու, կասկած չկա, որ «ներկայանալու է» նաեւ Ռուսաստանը:
Մասնավորապես ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը օրերս հայտարարեց. «Իրանի նկատմամբ հարվածը հարված է ՌԴ անվտանգությանը», իսկ երեկ էլ ՌԴ ԱԳ փոխնախարար Գենագի Գատիլովը հայտարարությամբ հանդես եկավ, որում ասված է. «Իրանին ռազմական հարված հասցնելը անթույլատրելի է»: Այդուհանդերձ Ռուսաստանում գործող Եվրասիական միջազգային շարժման ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Դուգինը այս կապակցությամբ նկատել է. «Ոչ մեկին չի հետաքրքրումՙ Պուտինը ցանկանո՞ւմ է պատերազմել, թե՞ ոչ, նրան ուղղակի կարող են պարտադրել: Վերջին հաշվով Հիտլերը նույնպես չհարցրեց Ստալինին, թե ցանկանո՞ւմ է արդյոք վերջինս պատերազմել»:
Դուգինը, այնուամենայնիվ, ընդգծել է, որ ամեն կերպ պետք է կասեցնել Իրանի նկատմամբ հնարավոր պատերազմը, քանի որ «կյանքից կզրկի տարածաշրջանի բոլոր երկրներին»: Մնում է միայն ենթադրել, որ Դուգինն ու Էսկինը կամ բոլորովին ծանոթ չեն իրար, կամ համախոհներ չեն, թե չէ ինչպե՞ս կարող է Իրանի հետ բաց ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը լուծել ԼՂ հարցը ռազմական ճանապարհով, երբ նույն այդ «իրանյան պատերազմը» կյանքից զրկելու է նաեւ Ադրբեջանին:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ