- Ինչպե՞ս եք գնահատում նախագահ Միշել Սուլեյմանի այցը Հայաստան, երբ երկու երկրների հարաբերությունները համարվում են խիստ բարեկամական:
- Հայ-լիբանանյան հարաբերություները պատմականորեն ամուր ու խորն են համարվում ոչ միայն պետական, այլ նաեւ հասարակության մակարդակով: Լիբանանում հայերը լիարժեք քաղաքացիներ են. պահպանելով իրենց հայկական ծագումը եւ չտարանջատվելով լիբանանյան հասարակական, քաղաքական եւ տնտեսական կյանքից` հայերը Լիբանանում դառնում են երկու երկրների հարաբերությունների զարգացման աղբյուրը : Տնտեսության ոլորտում հայերը Լիբանանում կարողացան կամուրջ լինել Հայաստանի եւ Լիբանանի Հանրապետությունների միջեւ: Ինչ վերաբերում է քաղաքական եւ դիվանագիտական հարաբերություններին, ապա վստահորեն կարող ենք ասել, որ դրանք գերազանց ու ջերմ են. երկու հանրապետությունները համատեղ աշխատում են միջազգային ասպարեզում եւ ՄԱԿ-ի շրջանակներում: Նախագահ Միշել Սուլեյմանի այցը Հայաստան մի անգամ եւս ուշադրություն է սեւեռում երկու երկրների խոր հարաբերությունների վրա: Նախագահի հետ Երեւան ժամանեց բարձր մակարդակի պատվիրակությունըՙ արդյունաբերության, տուրիզմի, կրթության նախարարները, ինչպես նաեւ ծագումով հայ պատգամավորներ, գործարարներ, ԶԼՄ-ների, վարչական ու անվտանգության ներկայացուցիչներ: Այս պատվիրակությունը համարվում է ամենամեծը նախագահ Սուլեյմանի միջազգային այցելությունների ժամանակ: Այցի արդյունքում ստորագրվեց 7 պայմանագիր` բարձրացնելով երկու երկրների միջեւ ստորագրված պայմանագրերի թիվը 27-ի: 20 պայմանագիր ստորագրվել էր 2004 թվականին նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի այցի ժամանակ:
- Ի՞նչ ճանապարհներ է բացում Հայաստանը Լիբանանի համար Անդրկովկասում: Միեւնույն ժամանակ Լիբանանը ի՞նչ դեր է խաղում Հայաստան-Մերձավոր Արեւելք հարաբերության մեջ:
- Ցանկանում ենք ձեռք բերել տնտեսական, առեւտրական, տուրիստական, ինչպես նաեւ կրթական ու մշակութային զարգացած հարաբերություններ, ինչը ճանապարհ կհարթի Լիբանանի համար` մուտք գործելու Հայաստան եւ այդպիսով նաեւ անդրկովկասյան երկրներ, միեւնույն ժամանակ Լիբանանը Մերձավոր Արեւելքի երկրների վրա բացված լայն դարպաս կդառնա Հայաստանի առաջ:
Հայաստանի եւ Լիբանանի միջեւ ստորագրված բազմաթիվ պայմանագրերը անզոր էին երկու երկրների միջեւ ստեղծված տնտեսական եւ առեւտրական հարաբերությունները հասցնելու քաղաքական փոխհարաբերության գերազանց մակարդակին: Անընդունելի է այն փաստը, որ երկու երկրների առեւտրական շրջանառությունը ըստ տնտեսական տվյալների գրանցում է խայտառակ ցուցանիշեր այն պարագայում, երբ Երեւանի ու Բեյրութի միջեւ հեռավորությունը չի գերազանցում մեկուկես ժամն անգամ: Շատերը դրա հիմքը տեսնում են Հայաստանի ոչ հզոր արդյունաբերության եւ Լիբանանի բնական ռեսուրսների աղքատության մեջ: Սակայն երկու երկրները հնարավորություն ունեն այլ ոլորտներում ներդրումներ կատարելուՙ բանկերի, տուրիզմի, ինչպես նաեւ կրթության եւ մշակութային դաշտերում եւ, ինչու չէ, կարող են հանդես գալ որպես տարանցող պետություններ:
Լիբանանը հնարավորություն ունի Հայաստանից ներմուծելու էներգետիկա եւ ժամանակակից տեխնոլոգիա, իսկ Հայաստանը Լիբանանիցՙ տուրիստական, ֆինանսական ու բանկային ոլորտում մեր ունեցած փորձառությունը:
Քաղաքական առումով նախընտրում եմ խոսել փոխհարաբերությունների մասին: Լիբանանի Հանրապետության նախագահի վերջին այցը Հայաստան եւ պատգամավորների պալատի նախագահ Նեբիհ Բրրիի նախորդած այցը Երեւան ապացույց է, որ Հայաստանը կարեւոր նշանակություն ունի Լիբանանի ղեկավարների համար:
- Ի՞նչ է Լիբանանի հայերի դերակատարությունը հայ-լիբանանյան հարաբերության մեջ:
- Մեկ անգամ եւս շեշտում եմ, որ Լիբանանի հայերը այդ երկրի լիարժեք քաղաքացիներ են. հիմնվելով այս ճշմարտության վրա` ասեմ, որ հայ լիբանանցիները կատարում են այսպես կոչված catalyst դերը, առավել եւս տնտեսական եւ առեւտրական մակարդակի վրա: Այնուամենայնիվ, եթե նրանք պասիվություն ցուցաբերեն, ինչը ես չեմ ցանկանա, ապա պետությանը հարկավոր կլինի այլ միջոցներ ապահովել` ակտիվացնելու տնտեսական փոխհարաբերությունները: Լիբանանի հայերը շահ ունեն այս զարգացման ընթացքից առաջին հերթին որպես Լիբանանի քաղաքացիներ: Նրանք կաշխատեն ամեն ինչ ձեռնարկել հայրենական պարտքը կատարելու համար. նախագահ Սուլեյմանի պատվիրակության մեջ կային հայ նախարարներ, պատգամավորներ ու գործարարներ, որոնք մեծ ոգեւորություն ներշնչեցին տնտեսական փոխհարաբերությունների խորացման գործընթացում: Այստեղ հարկավոր է նշել, որ Լիբանանի եւ Հայաստանի ներքին խնդիրները, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա մարտահրավերներն ու իրադարձությունները խոչընդոտում են վերոնշյալ տնտեսական ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Նախագահ Սուլեյմանի այցը վերականգնեց այս թեման` նոր շունչ տալով եւ հարթելով արգելքները:
- Ներկայումս շատ երկրներ տնտեսական ճգնաժամ են ապրում. ինչպե՞ս եք Դուք տեսնում Լիբանանի եւ Հայաստանի տնտեսական-առեւտրական փոխհարաբերությունները:
- Որեւէ խնդիր լուծելու համար առաջնային է խոստովանել դրա գոյությունը, այնուհետեւ ուսումնասիրել ու լուծման ճանապարհը գտնել: Եթե խոսենք Հայաստանի եւ Լիբանանի տնտեսական փոխհարաբերության մասին, ուրեմն հարկավոր է առաջին հերթին տնտեսական հանձնաժողով հիմնել, որը ընդգրկում է երկու երկրների նախարարներ, գործարարներ եւ պատգամավորներ, մանավանդ որ Լիբանանի պատգամավորների պալատում ունենք 6 հայ պատգամավոր: Այս հանձնաժողովի նպատակը կլինի հնարավորինս հարթել երկու երկրների տնտեսական ու առեւտրական ոլորտներում առկա խնդիրներն ու խոչընդոտները:
Նախագահ Սուլեյմանը Հայաստան կատարած այցի ժամանակ անդրադարձել է երկու երկրների բարձրագույն պետական հանձնաժողովի անհրաժեշտության խնդրին, ի դեպ, 2004 թվականին նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրին իր` Հայաստան կատարած այցի շրջանակներում գլխավորեց բարձրագույն պետական հանձնաժողովի առաջին ժողովը: Սպասում ենք այս հանձնաժողովի երկրորդ ժողովի կայացմանը Երեւանում կամ Բեյրութում` երկու երկրների վարչապետների գլխավորությամբ: Այնուհետեւ կկազմվեն ենթահամաժողովներՙ տնտեսական, ֆինանսական, առեւտրական, արդյունաբերական, բանկային ոլորտներում համագործակցելու նպատակով:
- Ի՞նչ ճակատագիր է սպասում Հայաստանի եւ Լիբանանի միջեւ ստորագրված պետական պայմանագրերին:
- Հայաստանի եւ Լիբանանի կառավարությունները ստորագրել են 27 պետական պայմանագրեր, որոնցից քսանը գործում են, իսկ մնացած յոթը ՙ տուրիստական, արդյունաբերական եւ կրթական ոլորտներում, տակավին ուսումնասիրման ընթացքի մեջ են:
Երկու երկրների պետական փոխայցելությունները մեծ նշանակություն ունեն այս պայմանագրերը ուժի մեջ դնելու գործընթացում:
- Լիբանանը հայտնի է աշխարով մեկ որպես տուրիստական երկիր: Կա՞ն արդյոք ծրագրեր այս ոլորտի շրջանակներումՙ իրագործելի ներկայումս կամ մոտ ապագայում:
- Աշխատում ենք ավելի ակտիվ լինել տուրիստական ոլորտում, բայց ոչ ներկայումս ունենք հստակ ծրագիր եւ ոչ էլ մոտ ապագայում կունենանք: Արդյունավետ քայլ կլինի երկու կողմերի տուրիստական ընկերությունների միջեւ համագործակցության ծրագրերի համատեղ մշակումը, մասնավորապես զբոսաշրջության շրջաններում: Զբոսաշրջիկները կարող են Լիբանանից այցելել Հայաստան. այստեղ կան տեսարժան վայրեր, կարելի է վայելել Հայաստանի բնական գեղեցկությունը:
- Վերջերս բողոքի ալիք է բարձրացել Երեւան-Բեյրութ թռիչքների հետ կապված, ինչպիսի՞ն է լիբանանյան կողմի վերաբերմունքը այս խնդրին:
- Նպատակ կա ուղիղ չվերթ ստեղծելու. «Middle East» ավիաընկերությունը Բեյրութ-Երեւան-Բեյրութ նոր չվերթ կապահովի շաբաթը 2 կամ 3 անգամ: Ներկայումս մեկ թռիչք կա Հայաստանի ու Լիբանանի միջեւ:
- Ձեր սպասելիքները եւ դիվանագիտական նպատակները Հայաստանում 2012 թվականին:
- 2012 թվականը լինելու է աշխատանքային տարի: Պետք է իրականացնել նախագահ Միշել Սուլեյմանի ընդհանուր հեռանկարային ծրագրերը Հայաստանի եւ Լիբանանի միջեւ: Կարեւոր է նաեւ Բարձրագույն պետական հանձնաժողովի ժողովի գումարումը: Այնուհետեւ մասնավոր հաստատությունների կողմից ներդրումներ իրականացնելու ճանապարհը հարթ է լինելու:
- Ձեր տպավորությունները Հայաստանի մասին այստեղ 3 ամիս ապրելուց հետո:
- Տպավորությունս դրական է: Ես ուրախ եմ այստեղ, մանավանդ որ երկու կարեւոր պետական այցերը` նախագահ Միշել Սուլեյմանի եւ վարչապետ Նեբիհ Բրրիի, կազմակերպվեցին հաջողությամբ :
Դուրեկան է հայ ժողովրդի ջերմ լինելը եւ հյուրընկալությունը, ինչպես նաեւ այլազգիների հանդեպ հանդուրժողականությունը: Այստեղ տոնական օրերին մարդիկ մեկ շաբաթ շարունակ շնորհավորում են միմյանց, նվերներ են փոխանակում, դա ջերմացնում է մթնոլորտը, ինչ չենք նկատում ժամանակակից այլ երկրներում:
Հարկավոր է նշել, որ Հայաստանը ապահով երկիր է, Երեւանում մարդիկ հանգիստ կարող են զբոսնել երեկոյան ժամը 8-ից հետո:
Հավանում եմ Հայաստանի չոր կլիման, քանի որ ես աշխատել եմ Վաշինգտոնում եւ Տոկիոյում, որտեղ խոնավությունը բարձր է Լիբանանի նման:
Ինձ դուր եկավ հայկական խոհանոցը. ես եկել եմ մի երկրից, որ հայտնի է իր համեղ խոհանոցով, ու դժվարանում եմ որոշել, թե որ հայկական ճաշատեսակը ավելի շատ սիրեցի:
Հարցազրույցը վարեց` ՄՈՎՍԵՍ ԽԵՉՈ
Նկար 1. Լիբանանի եւ Հայաստանի ղեկավարները` ասուլիսի ժամանակ, Երեւան:
Նկար 2. Հավատարմատար Զիադ Աթալլան