«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2012-01-14 | #6, 2012-01-17 | #7, 2012-01-18


ՊՐԵՍԿՈՏԻՑ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԻՆ ԳՈՀ

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի` Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը երեկ դեռ Հայաստանում էր եւ մի քանի հանդիպում եւս ունեցել է: Ջոն Պրեսկոտին ընդունելով` նախագահ Սարգսյանը որոշակի դրական զարգացումներ է արձանագրել համագործակցության դաշտում ԵԽԽՎ համազեկուցողի հետ վերջին հանդիպումից հետո, Պրեսկոտն էլ իր կողմից կտրուկ տարբերություն է տեսել իր վերջին այցից հետո, դա մանավանդ ակնհայտ է եղել նրա համար Հայաստանի քաղաքական գործիչների հետ տեղի ունեցած հանդիպումների բովանդակությունից:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ հանդիպմանը նա, ըստ ԱԺ կայքի, նշել է, թե Հայաստանում արձանագրվել են զգալի դրական փոփոխություններ եւ առաջընթաց` ներքաղաքական կայունությունն ապահովելու ուղղությամբ, ընդ որում` նա կարեւորել է այդ գործում ԱԺ դերակատարությունը: 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործին եւս անդրադարձ է արվել: Հետաքրքական է, որ Ջոն Պրեսկոտը առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ անդրադարձի ընթացքում նշել է, թե իր իրավասություններում չէ` ի՞նչ ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Հայաստանում, մինչդեռ ընտրական օրենսգրքի փոփոխությունները տպավորիչ է գնահատել, դատաիրավական բաեփոխումներն էլ ` խոստումնալից:

Երեկ տեղի է ունեցել նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան-Պրեսկոտ հանդիպում, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաեւ մարտի 1-ի իրադարձությունների 10 զոհերի մահվան հանգամանքների քննությունը, առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման եւ իրավապահ համակարգի բարեփոխումների խնդիրները: ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարության մեջ նույնպես նշվում է Պրեսկոտի դրական գնահատականը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ Հայաստանում: Իսկ ահա Հայաստանի գլխավոր դատախազի (նաեւ` հատուկ քննչական ծառայության պետի եւ այլ պաշտոնատարների) հետ հանդիպման ընթացքում Պրեսկոտի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող նախաքննության արդյունքներինՙ ներկայացնելով նախաքննության առջեւ ծառացած խնդիրները, ձեռնարկվող քայլերը:

Ա. Հովսեփյանը տեղեկացրել է, որ կատարած աշխատանքների վերաբերյալ նախաքննական մարմինը հրապարակել է տեղեկատվական հաղորդում, որը տեղադրվել է համացանցումՙ ապահովելով դրա հրապարակայնությունը եւ հասանելիությունը բոլոր շահագրգիռ անձանց` նշելով, թե դիտարկվող քրեական գործով նախաքննական մարմինն այսուհետ նույնպես նախաքննության արդյունքների մասին կշարունակի իրազեկել հանրությանը:

Իսկ նախորդ օրը Պրեսկոտի հետ հանդիպման ընթացքում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ու ՀԱԿ-ական Գագիկ Ջհանգիրյանն էին 2008 թվականի դեպքերի 10 զոհվածների վերաբերյալ ՀՔԾ զեկույցի բացթողումներին անդրադարձել:

Հետեւելով հանդիպումների ընթացքին` մենք տպավորություն ունեցանք, թե Ջոն Պրեսկոտի հետ հանդիպումներից առավել գոհ էին իշխանական շրջանակները, եւ դժգոհ` ընդդիմադիրները: Սակայն հազար թվից էլ պարզ է` եվրոպացիները սիրում են աշխատել կառավարությունների եւ իշխանությունների հետ, ձեռի հետ էլ լսում են ընդդիմադիրներին` ժողովրդավարության ցուցափեղկը պահելով:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4