«Եվրոպական միությունն ու Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը կաջակցեն Հայաստանում 2012 եւ 2013 թթ. կայանալիք ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը», տեղեկանում ենք Հայաստանում Եվրոմիության պատվիրակության մամուլի եւ տեղեկատվության բաժնի հաղորդագրությունից: Ընդ որում, ԵՄ-ը եւ ԵԱՀԿ-ը համաձայնության են եկել համատեղ ծրագրի իրականացման շուրջը, որի արժեքը կկազմի 1.7 միլիոն եվրո: Ֆինանսավորումը կկատարվի Եվրոմիության, իսկ իրականացումը` ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի կողմից:
Այս երկու կառույցների նման նախաձեռնությունը բացատրվում է միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու հարցում Հայաստանին օգնելու ցանկության վերահաստատմամբ: Հաղորդագրության համաձայն, «Որպես հայաստանյան ընտրություններին վերաբերող առաջին համատեղ ծրագիր` այն նպատակ ունի օժանդակելու ընտրություններում ներգրավված շահագրգիռ բոլոր կողմերին:
Ծրագրով նախատեսում է ամրապնդել քաղաքացիական հասարակության հմտությունները` արհեստավարժ կերպով տեղական դիտորդական գործունեության իրականացման եւ ընտրական գործընթացների` ներառյալ ընտրարշավների, քվեարկության եւ բողոքարկումների ընթացակարգերի մասին զեկույցների պատրաստման համար, ինչպես նաեւ սատարել մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի ուժեղացմանը` տարածքային գրասենյակների հիմնման միջոցով` 2012 եւ 2013 թթ. խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից առաջ, ընթացքում եւ հետո:
Ընտրական հանձնաժողովների տեխնիկական եւ մասնագիտական ունակությունների հզորացմանը զուգահեռ կիրականացվի նաեւ հանցագործությունների մասին ստացված հաղորդագրությունների արագ արձագանքման, հասարակական կարգի պահպանության, ինչպես նաեւ ընտրություններին նախորդող բռնությունների քննության գործերում ներգրավված ոստիկանների տեխնիկական ունակությունների, գիտելիքների եւ հմտությունների բարելավում, ընտրական իրավունքների եւ ընթացակարգերի մասին հասարակության իրազեկման բարձրացում, մասնավորապես մարզերում:
Ա. Հ.