Հունվարի 16-ից Երեւան քաղաքում առաջին անգամ սկսեց գործել ճանապարհային իրավախախտումների արձանագրման կենտրոնը: Մայրաքաղաքի 10 խաչմերուկներ, փողոցներ, նաեւ միջպետական ճանապարհներ, արդեն հսկվում են տեսախցիկներով եւ արագաչափ սարքերով: Նորամուծության ներդրումից հետո առաջին օրվա ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է 300-ից ավելի իրավախախտումներ, տեղեկացրեց «Աքիլլես» վարորդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը : Որքանո՞վ է իրատեսական մեր երկրում տեսախցիկներով ու արագաչափերի միջոցով իրավախախտումների արձանագրումըՙ «Ազգի» հարցին պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Առաջին իսկ օրը իրենց կազմակերպության հեռախոսը չէր դադարում զանգեր ընդունելուց: Զանգահարում էին ինչպես վարորդներ, այնպես էլ լրագրողներ, քաղաքացիներ, եւ բոլորին հետաքրքրում էր, թե ի՞նչ է տալու այս նորույթը վարորդներին: Մենք այս իրադարձությանը սպասում էինք երեք տարի շարունակ, եւ կառավարությունը մեր բոլոր գրություններին, առաջարկներին պատասխանում էր, որ գումարներ չկան: Ի վերջո, գտնվեց այդ շատ թանկ հաճույքի գումարը եւ ներդրվեց, որը շատ կարեւոր գործ է: Ձեր հարցին, թե ինչ է տալիս վարորդներին, ասեմ, որ վերջին երեք տարիներին, երբ սկսվեց կիրառվել ու գործել Վարչական դատարանը, մենք ունեինք 400 դատական գործ կապված վարորդների կողմից թույլ տված երթեւեկության կանոնների խախտմանը: Արդեն ավարտվել են երեք դատական գործ արագության գերազանցում, եւ երեքն էլ մենք շահել ենք: Այսինքն չի ապացուցվել արագության գերազանցում: Նման դատական գործերը կարող էին չլինել, եթե տեսանկարահանման ու արագաչափ սարքերը վաղուց տեղադրվեին ու արձանագրություններ չէին կազմվի»:
Պրն Հովհաննիսյանն ասաց, որ այցելել է նորաբաց «Սեկուրիտի Դվին» կազմակերպություն ու զարմացած է մնացել, որ ամենավերջին նորագույն տեխնիկայով զինված սարքավորումներով որեւէ խախտում հնարավոր չէ աչքաթող անել կամ թաքցնել: Իսկ այն հարցին, թե գոլդ համարներով ավտոմեքենաները դուրս կմնա՞ն հսկողությունից, պրն Հովհաննիսյանն ասաց. «Գործառույթն այնպես է ընթանում, որ հնարավոր չէ որեւէ խախտում չարձանագրվի: Նախ օպերատորը ֆիքսում է իր մոտ ամբողջական խախտումները 20-40 վրկ. եւ նա չի տեսնում ավտոմեքենայի պետհամարանիշը եւ հնարավոր էլ չէ: Իսկ երկրորդ փուլըՙ նա ուղարկում է այդ խախտումները, որտեղ բացվում է ու նոր հստակեցվում համարանիշը: Հաջորդ փուլըՙ հայտնաբերված խախտումը հստակ անհատական ծածկագրով ուղարկվում է ճանապարհային ոստիկանություն, որից հետո տպվում է խախտումը եւ ուղարկվում տվյալ խախտումը կատարած վարորդի հասցեով»:
Տեղեկացնենք, որ նման ծրար ստացած յուրաքանչյուր անձ կարող է իր թույլ տված խախտման լուսանկարող եւ տեսանկարող նյութերին մանրամասնորեն ծանոթանալ www.police.am ինտերնետային կայքի «Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներ» բաժնումՙ մուտքագրելով վարչական տույժ նշանակելու մասին որոշման անհատական ծածկագիրը: Պրն Հովհաննիսյանը նշեց, որ առաջին օրվա ընթացքում գրանցված 300-ից ավելի խախտումներում հիմնականում տեղ էին գտել արագության գերազանցում, հոծ գիծը հատելու, երթեւեկելի երեք գծերը երկուսի դարձնելը, կարմիր լույսի տակով անցնելը, խաչմերուկում հետիոտնին չզիջելը եւ այլն»: Գրանցված ամենակոպիտ խախտումը եղել է 180 կմ/ժամ արագություն Արշակունյաց փողոցի վրա երկու մեքենաների վարորդների կողմից, որն անթույլատրելի է համարում պրն Հովհաննիսյանը եւ առաջարկում է նման խախտման վարչական տույժը 30.000-ից բարձրացնել, քանզի նույն չափ տույժ է նախատեսված ընդամենը 100 կմ/ժամ արագությունը գերազանցելու համար:
«Տեսախցիկներով արձանագրված խախտումները կտան մեզ նյութ, երթեւեկության կանոնների, վարչական օրենսգրքի, ճանապարհային անվտանգ երթեւեկության մասին օրենքներում որոշ փոփոխություններ անելուն: Մենք այսօր իրոք ունենք միջազգային կոնվենցիային չհամապատասխանեցված երթեւեկության կանոններ, եւ որոշ կետեր անգամ վիճելի ու անլուծելի խնդիրներ են առաջացնում»:
Խախտումներ արձանագրող կազմակերպությունը յուրաքանչյուր դեպքից 70 տոկոս գումար գանձում է իր օգտին, եւ նա շահագրգռված է չթաքցնել որեւէ խախտում եւ հնարավոր էլ չէ, քանզի ամբողջ իրավիճակը վերահսկվում է: Մեր հանրապետությունում օրական գրանցվում է 2130 խախտում, իսկ 10 խաչմերուկների սարքերի արձանագրությունը մեկ օրում կազմել է 300, որն էլ մոտ 5 տոկոս է կազմում, որն էլ այդ չափով կնպաստի կոռուպցիայի նվազեցմանը: Նշենք, որ անցած տարի ՀՀ-ում գրանցվել է 780.000 խախտում: Իսկ այն վարորդները, ովքեր մտածում են, որ պետհամարանիշները ցեխոտելով, յուղ կամ մազի լաք փչելով կփորձեն մոլորեցնել տեսախցիկներին, չի ստացվի, քանզի վերջիններս աշխատում են ռադարով եւ ամեն կերպ կարող են ճշգրիտ «տեսնել»: Պրն Հովհաննիսյանը նշեց, որ Ազգային ժողովում վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ մտցնելու առաջարկները առաջին ընթերցում անցել են, եւ այս համակարգը ներդնելուց հետո, մեկ ամիս անց հնարավոր է, որ լրացուցիչ փոփոխությունների առաջարկներ լինեն: Իսկ որ ամենակարեւորն էՙ փողոցներում չենք տեսնի վարորդ-տեսուչ փոխհամաձայնությունը: Տեղեկացնենք նաեւ, որ տեսասարքերը հարսանիքի կամ մահվան առիթով մեքենաների խախտումները նույնպես արձանագրելու են:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ