«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2012-01-14 | #6, 2012-01-17 | #7, 2012-01-18


ԻՐԱՆԱՀԱՅԵՐԸ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՎ

Հայաստանի անշարժ գույքի շուկայում ստեղծված իրավիճակին երեկ լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը :

Ըստ Հակոբ Բաղդասարյանի, վերջին 1-2 տարվա ընթացքում Հայաստանի անշարժ գույքի շուկայում կայուն իրավիճակ է տիրում, եւ չնայած շինարարությունում գրանցված անկմանը, անշարժ գույքի շուկայում գնանկում չի արձանագրվել: «Ակցեռն» կորպորացիայի նախագահի կանխատեսումներով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում 1-3 տարվա ընթացքում գները շատ չեն փոխվի, բայց դրանից հետո դրանք կարող են բարձրանալ:

Գագիկ Մակարյանի կարծիքով, առաջիկա ամիսներին Երեւանում անշարժ գույքի գները կնվազեն: Դա կապված է ընտրությունների հետ, քանի որ ընտրական գործընթացների ժամանակ երկրում գործարար ակտիվությունը նվազում է:

«Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը տեղեկացրեց նաեւ, որ Սիրիայի եւ Իրանի հայերի կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, ինչը պայմանավորված է այդ երկրներում լարվածությամբ: Նրա խոսքերով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների 10-15 տոկոսը հենց այդ երկրների հայերի հետ է կատարվում: Հակոբ Բաղդասարյանը նշեց, որ իրանահայերը եւ ընդհանրապես իրանցիները միշտ էլ հետաքրքրություն են դրսեւորել Հայաստանի նկատմամբ, քանի որ մեր երկրում ազատության մակարդակն ավելի բարձր է:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ավելացրեց, որ իրանցիների համար Հայաստան գալն ու այստեղ անշարժ գույք գնել ավելի հեշտ է, քան Եվրոպայում: Եվրոպայում անշարժ գույքի գները բավականին բարձր են, իսկ միգրացիոն քաղքականությունն էլ խստացվում է: Դա, ըստ նրա, նշանակում է, որ անշարժ գույքի պահանջարկը շուկայում կավելանա: Այդուհանդերձ, Գագիկ Մակարյանը այն կարծիքին է, որ իրանական ու սիրիական դեպքերը կարճաժամկետ ազդեցություն կունենան մեր անշարժ գույքի գների բարձրացման վրա, եւ մենք ավելի շատ պետք է հույս դնենք տնտեսության զարգացման վրա:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4