Թբիլիսիի Կարմիր Ավետարան եկեղեցին հսկայական մի կառույց է, հսկայածավալ մի եկեղեցի` պատերի այնպիսի հաստությամբ, որ գերազանցում է մեկ մետրը, սակայն եկեղեցին վաղուց խոնարհված, անգմբեթ ու կիսավեր է, Հավլաբարի կենտրոնական հատվածից ընդամենը մեկ զուգահեռ փողոց հեռու` բնակելի շենքերով «քողարկված» մի տեղ, ինչպես ասում են` աչքից հեռու:
Հունվարի 9-ին բռնկված հրդեհի պատճառով հանկարծ այս ու այնտեղ հիշեցին Կարմիր Ավետարանի` անտերության մատնված ճակատագրում լիովին բախտը կիսող մեկ այլ հայկական եկեղեցի` Սուրբ Նշանը, որ հրդեհի ոչ ճիշտ մարելու հետեւանքով սպառնում է նմանվել Կարմիր Ավետարանին: Ու հերթական անգամ, ինչպես դա արվեց Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու փլուզման ժամանակ, առատորեն խոստումներ ենք հավաքում:
Հունվարի 11-13-ը Թբիլիսիում էր Հայաստանի մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության աշխատանքային խումբը` գործակալության պետ Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ: Պարզվում է, արդեն հունվարի 13-ին Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետարանը սկսել է եկեղեցու ներսի աղբի ու մոխրի մաքրման աշխատանքները:
Այն, ինչ պետք է վաղուց արվեր, նոր են սկսել կազմակերպել, եթե, միեւնույն ժամանակ, եկեղեցուն չվնասեն նաեւ աղբահավաքները ճիշտ այնպես, ինչպես դա արեցին վրացի հրշեջները: Վաղուց անելիքների շարքից նաեւ, պարզվում է, վրացի մասնագետները դեռեւս 2011-ին կազմել են եկեղեցու վերականգնման նախահաշվային արժեքը, որն, ըստ նույն վրաց մասնագետների, կազմում է 1 մլն 400 հզ. լարի, այսինքն` մոտ 900 հզ. դոլար:
Այսպիսի գումարով վերականգնում իրականացնելու նախագիծը, գրեթե առանց կասկածի, իրականություն չի դառնա, համենայն դեպս մոտ ապագայի Վրաստանում: Գրեթե 900 հզ. դոլար որեւէ պարագայում վրացական իշխանությունները չեն հատկացնի հայկական եկեղեցու վերականգնմանը, որքան էլ հավակնություններ ունենան այդ եկեղեցին վրացական տեսնելու: Այսինքն` Սուրբ Նշանի վերականգնման աշխատանքների իրականացմանը վրացական միջոցներով հաստատ սպասել պետք չէ, քանի որ դրանից առաջ այդ վերականգնմանն է սպասում Մուղնեցոց Սուրբ Գեւորգը:
Ինչեւէ, հայկական կողմը վրացականի հետ, ըստ մշակույթի նախարարության, պայմանավորվածություններ է ձեռք բերել, նախ, հուշարձանի անվտանգ պահպանության նպատակով ներսի կիսաայրված զանգվածը հեռացնելու, հուշարձանի տարածք մուտքը կանխարգելելու, փլված հարավարեւելյան սյան վերականգնման աշխատանքներն իրականացնելու առնչությամբ: Վերականգնման առումով էլ վրացական կողմը նախ պետք է 2012-ի Վրաստանի բյուջեի շրջանակներում ճշգրտումներ անի, եւ ապա միայն հստակ կլինի, թե ինչպես, երբ կիրականացվի վերականգնումը:
Իսկ այն, որ Հայաստանի մշակույթի նախարարության պատվիրակությունը վրացական կողմին առաջարկել է Սուրբ Նշանից ոչ շատ հեռու գտնվող Սուրբ Նորաշեն եկեղեցուց դուրս բերել այնտեղ պահվող գրականությունը, քիչ ավելի զավեշտի է նման, քանի որ այդ եկեղեցու պարագայում պետք է առաջին հերթին հեռացվեն վրացի այնպիսի հոգեւորականները, ինչպիսին հայր Թարիելն էր, որ ամեն գնով ուզում էր խցկվել հայկական եկեղեցի կամ վրացական ծիսական սիմվոլիկայով պատել հայկական տաճարը: Ու թեեւ գրականության հեռացման դեպքում «անզգույշ» հրդեհը Սուրբ Նորաշեն եկեղեցում կարելի է բացառել, սակայն քանի դեռ այդ եկեղեցիները չեն վերադարձվել իսկական տիրոջը, շինությունների փլուզման տարբեր «պատճառներ» կգտնվեն:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ