«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2012-01-14 | #6, 2012-01-17 | #7, 2012-01-18


ՄԱՐԿՈՍ ՊԻԶԵԼԻ. «ԿՈՒԲԱՆ» ՏԵՂԱՓՈԽՎԵԼՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՔԱՅԼ ԷՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ»

Կրասնոդարի «Կուբանի» հետ օրերս եռամյա պայմանագիր կնքած Մարկոս Պիզելին թիմի հետ մեկնել է Իսպանիայի Օլիվա Նովա քաղաք, որտեղ մասնակցում է ուսումնամարզական հավաքին: Բրազիլացի հարձակվողը հարցազրույց է տվել «Կուբանի» պաշտոնական կայքին, որը ներկայացնում ենք «Ազգի» ընթերցողներին:

- Մարկոս, ֆուտբոլային քո կարիերան կարելի է արտասովոր համարել: Դու բրազիլացի ես, սակայն խաղում ես Հայաստանի ազգային հավաքականում: Ինչպե՞ս դա պատահեց:

- 20 տարեկանում հանդես էի գալիս բրազիլական մի թիմում, որտեղ միայն երիտասարդ ֆուտբոլիստներ էին ընդգրկված: Իմ խաղն արժանացել էր Երեւանի «Արարատի» սելեկցիոներներից մեկի ուշադրությանը: Ընդունեցի առաջարկը եւ մեկնեցի Հայաստան: Առաջին մրցաշրջանում «Արարատում» կարողացա ամրապնդվել հիմնական կազմում, իսկ հետագայում սկսեցի նաեւ լավ խաղ ցուցադրել ու աչքի ընկնել արդյունավետությամբ: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ու ազգային հավաքականի գլխավոր մարզիչն առաջարկեցին հանդես գալ Հայաստանի ընտրանում: Համաձայնվեցի, քանի որ Բրազիլիայի հավաքականում ընդգրկվելը շատ բարդ է: Իսկ Հայաստանի հավաքականում հանդես գալով կարող էի հաջողության հասնել ֆուտբոլային կարիերայում:

- Փաստորեն այդպես էլ ստացվում է: Հայաստանից սկզբում տեղափոխվեցիր ուկրաինական պրեմիեր լիգա, այժմ էլ հանդես ես գալու ՌԴ առաջնությունում:

- Այո, այդպես է, թեեւ հարկադրված եմ եղել նաեւ հետքայլ կատարել: Դա, իհարկե, ինձանից կախված չէր: «Արարատը» ֆինանսական խնդիրներ ուներ, ուստի ակումբի ղեկավարությունը որոշեց ինձ ուղարկել Ֆրանսիա, որտեղ խաղացի տեղի սիրողական թիմում: Կես տարի անց արդեն ինքս կարող էի տնօրինել ճակատագիրս: Պայմանագիր կնքեցի Հայաստանի ուժեղագույն ակումբիՙ «Փյունիկի» հետ:

- Իսկ ինչո՞ւ որոշեցիր վերադառնալ Հայաստան:

- Կարելի է ասել, որ ինձ հարազատ էի զգում այդ երկրում: Արդեն տիրապետում էի հայերենին, ընկերներ ունեի, լավ ծանոթ էի առաջնության մասնակիցներին: Բացի այդ, դա հիանալի առիթ էր որոշ ընդմիջումից հետո կրկին հրավիրվել Հայաստանի հավաքական:

- Պատմիր Դոնեցկի «Մետալուրգում» ֆուտբոլային կարիերայիդ մասին:

- Ուրախ էի, որ ինձ հնարավորություն ընձեռվեց խաղալու ավելի ուժեղ առաջնությունում: Ստացվում է, որ իմ ջանքերը գնահատեցին: Իհարկե, Ուկրաինայում խաղալն ավելի բարդ էր: Կիեւի «Դինամոն», «Շախտյորը», «Մետալիստը», «Դնեպրը» Եվրոպայում լավ համբավ ունեն: Իհարկե, Ուկրաինայում բարձր արդյունավետությամբ աչքի ընկնել չհաջողվեց: Դա պայմանավորված էր նաեւ այն փաստով, որ «Մետալուրգում» խաղում էի հարձակողական կիսապաշտպանի դիրքում, երբեմն էլ հարկ էր լինում գործել միջին օղակի եզրերում:

- «Կուբան տեղափոխվելուն ինչպե՞ս ես վերաբերվում:

- Դա ինձ համար զգալի առաջընթաց քայլ էր: ՌԴ առաջնությունը լավագույններից է Եվրոպայում, իսկ «Կուբանը» երկրի ուժեղագույն ակումբներից է:

- Դան Պետրեսկուի թիմում ո՞ր դիրքում կնախընտրես խաղալ:

- Ենթահարձակվողի: Սակայն եթե մարզիչն ինձ այլ դիրքում կտեսնի, կաշխատեմ օգտակար լինել թիմին:

- Քեզ ծանո՞թ է «Կուբանի» խաղային մոդելը:

- Առաջին տարին չէ, որ հետեւում եմ ՌԴ առաջնությանը: «Կուբանի» մասնակցությամբ շատ խաղեր եմ դիտել: Թիմը հավասարակշռված ֆուտբոլ է ցուցադրում: Գնդակը կորցնելուն պես կիսապաշտպանները նահանջում եւ օգնում են պաշտպաններին, ինչի շնորհիվ թիմը քիչ գոլեր է բաց թողնում: Իսկ հարձակման գծում թիմում խաղում են արագաշարժ, հզոր հարձակվողներ: Մի խոսքով, «Կուբանը» ժամանակակից ֆուտբոլ է ցուցադրում, որում յուրաքանչյուր խաղացող կարողանում է տարբեր խնդիրներ լուծել:

- Ի՞նչ կարող ես ասել Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի մասին:

- Հետաքրքրական մրցաշար էր, որում մինչեւ ավարտական տուրը հայտնի չէին ուղեգրերի տերերը: Դեռ երբեք Հայաստանի հավաքականը ուղեգիր նվաճելու հնարավորություն չէր ունեցել, ինչպես այս անգամ: Խաղային բոլոր առումներով հավաքականն առաջադիմել է, լավ արդյունքի հասավ: Հոգեբանական առումով էլ առաջընթացն առկա է: Այդ մասին է վկայում այն փաստը, որ հյուրընկալվելիս միայն երկու թիմիՙ ՌԴ-ին եւ Իռլանդիային պարտվեցինք, որոնք էլ ի վերջո Եվրո-2012-ի ուղեգիր նվաճեցին: Ուրախ եմ, որ Հայաստանի հավաքականի առաջընթացում նաեւ իմ ներդրումը կա:

- Ի դեպ, ՌԴ հավաքականի հետ խաղում դու ՀՀ հավաքականի խփած միակ գոլի հեղինակ դարձար: Լա՞վ ես հիշում այդ խաղը:

- Իհարկե: Ինձ հաջողվեց բացել խաղի հաշիվը: Շատ երջանիկ էի, որ նման խաղում հաջողության հասա: Ցավոք, այդ խաղում պարտվեցինք: Բայց այդ խաղը մեզ համար զգալի փորձ էր:

- Դու արդեն հասցրել ես մասնակցել «Կուբանի» մի քանի մարզման: Առանձնացնելու որեւէ բան կա՞:

- Այս փուլում հիմնական շեշտը դրվում է ֆիզիկական որակների վերականգնման վրա: Ես ընդամենը մեկ շաբաթ առաջ եմ վերադարձել արձակուրդից, ուստի նոր եմ սկսում մարզվել: «Կուբանում» հիանալի մթնոլորտ է, շատ համերաշխ կոլեկտիվ է: Ինձ թիմում շատ ջերմ ընդունեցին: Այնպիսի տպավորություն է, որ թիմում ոչ թե մի քանի օր, այլ 3 տարի եմ գտնվում: Ուստի զարմացած չեմ, որ «Կուբանին» հաջողվել է լավ արդյունքների հասնել:

- Ի՞նչ կցանկանաս փոխանցել թիմի երկրպագուներին:

- Թող վստահ լինեն, որ ամեն ջանք կգործադրեմ նպաստելու «Կուբանի» հաջող ելույթներին: Ինձ աչքի ընկնելու հնարավորություն է տրվել եւ պետք է օգտվել դրանից: Թիմը կարող է պայքարել Եվրոլիգայի ուղեգրի համար, թեեւ դրա նվաճումը շատ դժվար կլինի: Գիտեմ, որ «Կուբանի» երկրպագուները ջերմորեն աջակցում են թիմին, մարզադաշտը մշտապես լեփլեցուն է: Վստահ եմ, որ նրանց աջակցությամբ «Կուբանն» ունակ է եւս մեկ քայլ առաջ գնալու:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4