Նախորդ տուրում Մագնուս Կառլսենից կրած անդրանիկ պարտությունից հետո Լեւոն Արոնյանը Գատա Կամսկու հետ մրցավեճում մարտականորեն էր տրամադրված` վերականգնելու առաջատարի իր դիրքը: Եվ դա նրան հաջողվեց: Սպիտակներով խաղացող հայ գրոսմայստերը նավակային վերջնախաղում կարողացավ օգտագործել անցողիկ մեկ ավելի զինվորի առավելությունը ու ստիպեց մրցակցին 58-րդ քայլին հանձնվելու: Արոնյանը մրցաշարում 3-րդ հաղթանակը տոնեց ու Մագնուս Կառլսենի հետ 3 միավորով գլխավորեց աղյուսակը: Նորվեգացի գրոսմայստերը հաշտություն կնքեց Ֆաբիանո Կարուանայի հետ: Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Թոփալով-Հաշիմով, Իվանչուկ-վան Վելի, Գիրի-Նակամուրա, Գելֆանդ-Ռաջաբով պարտիաները: Կարյակինը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Նավարայի հետ մրցախաղում:
4 տուրից հետո 2,5-ական միավորով առաջատարներին հետապնդում են Կարուանան ու Ռաջաբովը: 2-ական միավոր ունեն Կարյակինը, վան Վելին, Իվանչուկը, Գիրին եւ Թոփալովը: Այսօր մրցաշարի մասնակիցները հանգստանում են, իսկ վաղը կայանալիք 5-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Լյուկ վան Վելիի հետ: Կառլսենի մրցակիցը կլինի Գիրին:
C խմբի մրցաշարում անհաջող ելույթներն է շարունակում Էլինա Դանիելյանը, որը 2-րդ պարտությունը կրեց Լարս Օտեսի հետ մրցավեճում: 4 տուրից հետո Էլինան 1 միավոր է վաստակել: 100 տոկոսանոց արդյունքով առաջատարը Մաքսիմ Տուրովն է, որը հերթական հաղթանակը տոնեց Անե Հաստի հետ պարտիայում: