Երբ սարքում էին «Վերնիսաժը» Վարդան Մամիկոնյանի արձանին մերձ հատվածին կապող եւ Խանջյան փողոցի այս հատվածի հետիոտնի համար նախատեսված գետնուղին, ուրախացել էինք, քանի որ Խանջյան փողոցի այս հատվածն հատկապես ամենավտանգավորներից էր հետիոտնի համար ու ամեն օր առանց կանոնների փողոցն անցնող հետիոտների` գոնե իրենց կյանքի համար դողացող հատվածը փողոցը կանցներ գետնուղով: Սակայն շուտով այն վերածվեց գարշահոտ մի վայրի, ինչպես ավելի վաղ էր, եւ մարդիկ էլ չէին օգտվում նրանից` փողոցը կտրելով ամենավտանգավոր հատվածներում: Կարծում էինք` քաղաքային իշխանությունները կգտնեն, ի վերջո, ելքը, եւ գետնուղին կդառնա մշտապես լուսավորված ու օգտագործելի անցում: Սակայն պարզվեց, որ ելքը գտնվել է այլ կերպ` նեղլիկ անցուղու երկայնքով խանութների շարք դնելով. այժմ հետիոտնի համար երեւի 1 մետր 30 սանտիմետր լայնությամբ անցում է մնացել, որը նա պետք է կիսի խանութներն այցելող հաճախորդների հետ: Թե ո՞նց կարելի էր այս մի ոտ տեղ անցումը (լայնության առումով` մի ոտք) որպես առեւտրի գոտի պատկերացրել, եւ ո՞ր խելոքի մտքով է դա անցել, չգիտենք: Տեղը հատկացնողը խանութների շարք տեղադրելուց հետո տեսնես եղե՞լ է տեղում:
Մ. Խ.