ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի կազմակերպած համաժողովին ներկա էին, կարելի է ասելՙ Հայաստանի համարյա բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Անկախ նրանից, որ համաժողովի օրակարգը վերաբերում էր միմիայն մեծամասնական ընտրակարգը վերացնելու եւ 100 տոկոս համամասնական կարգին անցնելու` երկու ուժերի օրենսդրական նախաձեռնությանը, քաղաքական բոլոր դերակատար ուժերին միատեղ տեսնելու մեջ խորհուրդ փնտրողներ, անշուշտ եղան:
Համաժողովը բացած ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հնչեցրեց իրենց առաջարկի բոլոր հիմնավորումները` նշելով, թե մեծամասնական կարգը միշտ գործիք է եղել ընդդիմությանը դուրս մղելու համար, քանի որ ընդդիմությունը եթե անգամ 50+1 տոկոս ձայն հավաքի համամասնական կարգով, մեծամասնություն չի ունենա խորհրդարանում, քանի որ իրենցից պակաս հավաքած իշխանության մանդատներին միշտ գումարվելու է 41 մանդատ: Նա պատկերավորեց, թե եթե մրցման դուրս եկած ուժերն ունեն 131 մետրանոց վազքուղի ու ընդդիմությունն առաջարկում է հավասար ելման կետից վազքն սկսել, ապա իշխանությունն ուզում է իր վազքը սկսել 41 մետր գծից: Նրա կարծիքով, գլխավոր հակափաստարկը` ընտրություններին ժամանակ չմնալու առումով, քննադատության չի դիմանում, քանի որ իրենք ընդամենը 1 խնդրի են անդրադառնում, դա լիարժեք հնարավոր է հասցնել մինչեւ ընտրությունները, եւ մեծամասնության ցանկության դեպքում ընտրակարգը հնարավոր կլինի փոխել առանց խոչընդոտելու մոտեցող ընտրությունների անցկացմանը: Մանավանդ` բոլորը համաձայն են, ուղղակի մի մասն ասում է հիմա, մյուսներն ասում են` հետո կանցնենք 100 տոկոս համասնական ընտրակարգին: Նախաձեռնողների հարցադրմամբ` այս նախաձեռնության հանդեպ վերաբերմունքով է հասկանալի լինելու` իշխանությունն ուզո՞ւմ է ժողովրդավարական ընտրություններ անցկացնել, թե՞ միայն վերարտադրվելու խնդիր է լուծելու: Եթե ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն չտա` ընդդիմադիր խմբակցությունները, միեւնույն է, անհետաձգելի հարց են ճանաչելու նախագիծը եւ քննարկելու են:
Նրանից հետո ձայնը տրվեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանին , ում կարծիքով մեծամասնականով իշխանությունն ապաքաղաքական տարրերին դրդում է կեղծիքների, իսկ հետո էլ դրա դիմաց նրանց համամասնականով ընտրվելու հնարավորություն տալիս` «պարզ բազար է»: Չնայած նրա կարծիքով` համամասնական կարգն էլ մինչեւ վերջ չի լուծում արդար ընտրություննների հարցը, բայց չեզոքացնում է մեծ թվով կեղծիքներ անելու հնարավորությունը: Միեւնույն ժամանակ` նա մարդու իրավունքների տեսակետից 100-տոկոսանոց ընտրակարգը թերի համարելը քողածածկույթ համարեց ընդդիմացողների համար:
ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը նախ նշեց, որ ԲՀԿ-ն դեռ կքննարկի հարցը եւ տեսակետ կմշակի, այնպես որ ինքը սեփական կարծիք հայտնեց, սակայն հիմնված ԲՀԿ ծրագրային հենքի վրա, որտեղ 100 տոկոս համամասնական կարգը նպատակ է: Ըստ նրա` քաղաքական շարժառիթներով ձեւավորված խորհրդարան ունենալու առումով ճիշտ է 100 տոկոս համամասնականը. «41-ից քանիսի՞ն են ճանաչում», հարցադրեց նա` նկատի ունենալով տեղերում մեծամասնական պատգամավորների մեծ մասին ընտրողների չճանաչելու հանգամանքը: Չնայած, ըստ Զոհրաբյանի, այնպես չէ, որ համամասնական ցուցակներում միայն մտքի գիգանտներ են ներառվում, բայց դե ճիշտ ցուցակ կազմելն էլ կուսակցությունների խնդիրն է:
ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը նշեց իր պատկանած կուսակցության բազմաթիվ քննարկումները, որտեղ միշտ կողմ են արտահայտվել 100 տոկոս համամասնականին («քաղաքական հեղինակությունները պետք է խորհրդարանում ավելանան, ոչ թե թաղային հեղինակությունները»), սակայն նաեւ մեծամասնականը չեն բացառել. մի խոսքովՙ քննարկել է պետք ու հարցին լուծում տալ:
Վահան Հովհաննիսյանը կենտրոնացավ այն հարցը հերքելու վրա, որ, այո, մեծ պետությունում մեծամասնական կարգը բացառելով` կապը տեղերի հետ կարող է կտրվել, բայց ոչ Հայաստանի նման փոքր պետությունում: ՀՀԿ-ից ելույթ ունեցած Կորյուն Նահապետյանը , որն ընտրվել է մեծամասնական կարգով, հիշեցրեց ե՛ւ այս թեմայով Ազգային ժողովի քննարկումները, ե՛ւ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը էլի նույն նախաձեռնողների առաջարկներին, թե` ոչ մի ընտրական համակարգ աշխարհում կատարյալ չէ, եւ որ յուրաքանրյուր երկրի քաղաքական ուժերը քաղաքական համաձայնությունների արդյունքում են ընտրությունների անցկացման կարգ ընտրում: Նա ասում էր, որ ժողովրդի կամքի արտահայտությունը բոլորովին էլ միայն համամասնական կարգով չի լինում, այնպես որ դա օրակարգի գլխավոր խնդիր չէ այսօր, մանավանդ ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելով` քաղաքական մեծամասնությունն արդեն կայացրել է իր որոշումը: Իսկ նրա կուսակից Հովհաննես Սահակյանը , ասես ուզենալով հստակեցնել իր կուսընկերոջ ասածը, թե` ավելի լավ է հստակեցնել այն կրեդոն, որով մեծամասնական կարգի թեկնածուներ պետք է առաջադրվեն:
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանն այնքան էր ոգեւորվել, իր բառերով, այդ կարգի աննախադեպ համաժողովի անցկացումից, որ նախ չնկատեց եւ համաժողովը հանրահավաք անվանեց: Իսկ աննախադեպ էր, քանի որ գրեթե ողջ քաղաքական սպեկտրն էր եկել` գիտակցելով ընտրությունների կեղծման վտանգը: Ըստ նրաՙ նախաձեռնությունը մի վերջին հնարավորություն է` ընտրությունների կեղծարար մեքենայի դեմն առնելու եւ լեգիտիմ իշխանություն ձեւավորելու, իսկ ՀԱԿ-ն էլ ԱԺ-ում նախաձեռնության քննարկման ժամանակ հանրահավաքներ անելով է աջակցելու:
Համարյա ներկա բոլոր ուժերը խոսեցին, մի քանի ուշագրավ մոտեցումների անդրադառնանք. ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը , որը համամասնական կարգի ընդունումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման էր համարում արդար ընտրությունների համար, առաջարկների մի խումբ հանձնեց նախաձեռնողներին` ԱԺ-ում ներկայացնելու համար, իսկ Անդրանիկ Թեւանյանն էլ, համամասնականին կողմ լինելով, այնուամենայնիվ` «120-11» մոդելն էր առաջարկում որպես կոմպրոմիս, որտեղ 11 մանդատով ներկայացված կլինեն Հայաստանի 11 մարզերը, Երեւանը ներառյալ:
ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանը նշեց, որ քաղաքական վերնախավի շահերն այսօր չեն համընկնում հասարակության մեծ մասի շահերի հետ, եւ 100 տոկոս համամասնականի գնալ պետք է, սակայն միայն ու միայն արդյունավետ եւ արդար իշխանություն ձեւավորելու համար: Եվ քաղաքական համակարգը պետք է աուդիտ անի նախ` ինչպե՞ս անել, որ համընկնեն քաղաքական վերնախավի եւ ժողովրդի շահերը:
Մյուսներից տարբեր մի միտք հնչեցրեց «Ազգային համաձայնության» Արամ Հարությունյանը , թե` եթե 100 տոկոս ընտրակարգը չընդունվի, դահլիճում ներկա քաղաքական ուժերը բոլորով թող բոյկոտեն խորհրդարանական ընտրությունները եւ ապա նախագահական ընտրություններին մասնակցեն միասնական թեկնածուվ:
Հ.Գ. ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն ու «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը հետաքրքրական ձեւակերպումներ էին տալիս մեծամասնականի 70 տոկոսով եւ համամասնականի 43 տոկոսով չաշխատող պատգամավորներին` նրանց կոչելով ոչ մի ծպտուն կամ 1-2 ծպտուն հանողներ: Իսկ ընդհանրապես` կարծես միայն ՀՀԿ-ի ոտքն է կախ 100 տոկոս համամասնականի մասով, իսկ թե որքա՞ն է կախ` ԱԺ-ում կերեւա: