ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանելով «Ազգի» հարցերինՙ կապված հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի Ամագլեբիս թիվ 18 հասցեում գտնվող բնակարանի շուրջը պտտվող իրարամերժ լուրերին ասաց, որ Թբիլիսի է մեկնել հատուկ հանձնաժողով եւ տեղում մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո պարզ կլինի մեր հետագա անելիքները: Այն հանգամանքը, որ տարիներ շարունակ առաջարկվել է Հայաստանի կառավարությանը գնել այդ տարածքները եւ այլն, դրանք չեն համապատասխանում իրականությանը: Միայն վերջին ժամանակներում սկսեց խոսվել այն մասին, որ այդ տարածքը վաճառվում է: «Միեւնույն ժամանակ, կարծում եմ, հարկ է նշել, որ եթե նույնիսկ որեւէ մեկը ուզում է գնել այդ վաճառվող տարածքը, եթե չգնվի մյուս տարածքը, որը պատկանում է Թումանյանի ընտանիքին, չի կարողանալու օգտագործել առաջինը ինչ-ինչ պատճառներով», ասաց նախարարը եւ շարունակեց. «Ես կարծում եմ, առաջին հերթին Թումանյանի ընտանիքը երբեւիցե չմտածի վաճառքի մասին: Այս պահի դրությամբ այդ խնդիրը դրված չէ, բայց կարծում եմ, երբ ես ստանամ հստակ տեղեկություններ, որ, այո, վաճառվում է, գնորդը կա, քմ-ի արժեքը սա է եւ այլն, մենք էլ համապատասխան միջոցներ կձեռնարկենք: Այսօր այդ տարածքի վերաբերյալ կան հակասական կարծիքներ ու նաեւ գները ուռճացված են: Պատվիրակության վերադարձից հետո կհստակեցվի ամեն ինչ, քանի որ Սուրբ Նշան եկեղեցու հետ կապված այլ լուրեր տարածվեցին, իսկ տեղում այլ բան պարզվեց: Այսօր բոլորս մտահոգ ենք եւ հարցերին հստակ պատասխան կտանք մի քանի օրից», եզրակացրեց նախարարը:
Իսկ Սուրբ Նշանի հետագա վերանորոգման ու հետագա ճակատագիրը որոշվա՞ծ էՙ հարցին նախարարն ասաց, որ դիտավորյալ հրկիզում չի եղել, այլ ամանորյա հրավառությունների արդյունքում մոտ 10 օր եկեղեցու ներսում ծուխ է բարձրացել ու հրդեհ բռնկվել: «Բոլոր դեպքերում պետք է շեշտադրումները զգուշությամբ արվեն, որովհետեւ երկու հարեւան երկրների բարեկամությանն է վերաբերում: Բնականաբար, մենք հիմա մարդկանց ենք գործուղում, ճիշտ եզրակացություն ու կարծիք կազմելու համար: Եկեղեցու ամրակայման հրատապ աշխատանքների համար վրացական կողմը հատկացրել է գումարներ եւ նախագծային աշխատանքներին մասնակցում են նաեւ Հայաստանից մասնագետներ: Հետագայում կշարունակվի ամրակայման եւ վերանորոգման աշխատանքներըՙ կանխելու փլուզումները»:
Նախարարը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանի մշակույթի նախարարի հետ բոլոր նմանատիպ հարցերը լուծելու համագործակցված, եւ առաջիկայում Հասմիկ Պողոսյանը կմեկնի Վրաստան ու այդ այցի ընթացքում շատ այլ հարցերի (օրինակՙ Տերյանի տուն-թանգարանի կիսավեր կառույցի - Մ. Մ.) շուրջը կընթանան բանակցություններ:
«Ազգի» հարցին, թե Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» խնդրում եղե՞լ են որեւէ առաջարկներ, ասաց. «Այս պահի դրությամբ մեզ դիմել են միայն ստորգետնյա հատվածում ավտոկայանատեղի կառուցելու համար: Դեռեւս չկան այլ ծրագրեր: Երբ կլինեն, համապատասխան ընթացակարգով, օրենքով կիրականացվեն: Այժմ ընթանում է շուկայի միայն հատակի վերանորոգման աշխատանքները, այն էլ քաղաքապետարանը կանգնեցրել է, ու մեր մասնագետները արդեն տվել են եզրակացություն, որ որեւէ խնդիր չկա ստորգետնյա աշխատանքների հարցում»:
Իսկ այն հարցին, թե ի վերջո ե՞րբ է լուծվելու բանաստեղծ Պետրոս Դուրյանի գանգի վերաթաղման հարցը, նախարարն ասաց. «Բարդ լուծում պահանջող հարց է: Գրողների միությունը քննարկել է այդ հարցը, եզրակացությունը մեզ ուղարկել: Մշակույթի նախարարությունը մտավորականների հետ քննարկումից հանգել է այն եզրակացության, որ Պետրոս Դուրյանն ունի իր շիրիմը եւ չի բացառվում, որ մենք հետագայում այլ մշակութային ու գիտության գործիչների որոշ մասունքներ եւս պետք է ամփոփենք հայրենիքում, որոշվեց, որ Դուրյանի գանգը ամփոփվելու է Կոմիտասի անվ. Պանթեոնի տարածքումՙ պատի մեջ, համապատասխան ցուցանակով: Իսկ վերաթաղումներին ես դեմ եմ եւ պետք չէ հայկական արմատները այդ կերպ «ոչնչացնել»: Նման հարցերում պետք է շատ զգույշ ու մտածված գործենք, որ աշխարհով մեկ սփռված հայկական արմատները պահպանենք»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ