Չհաշված «Ակօսի» խմբագրատան մայթին տեղադրված հայերեն եւ թուրքերեն մակագրությամբ սալաքարը
Ինչպես նշել էինք, հունվարի 19-ին Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքված հոծ բազմությունը մեր հայրենակցի հիշատակը հարգելու եւ ամբաստանյալների նկատմամբ դատարանի սկանդալային որոշումը դատապարտելու համար երթ էր կազմակերպել դեպի «Ակօսի» խմբագրություն:
Երեկ թուրքական կենտրոնական բոլոր թերթերը անդրադարձել էին Դինքի սպանության տարելիցին կազմակերպված այս երթին, որը, թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, եղել է Թուրքիայի օրակարգի առաջնահերթ խնդիրը: Դրանում, ինչ խոսք, իր դերն է կատարել երթին, թուրքական մամուլի վկայությամբ, շուրջ 50 հազար մարդկանց մասնակցությունը, դրա պայմանավորումը Դինքի գործով ամբաստանյալների նկատմամբ Ստամբուլի քրեական դատարանի որոշումով, ինչպես տարելիցի, այնպես էլ որոշման միջազգային հնչեղությունը, այդ թվումՙ որոշմանը Թուրքիայի ղեկավարության բուռն հակազդեցությունը, որը, թերեւս, կարելի է բացատրել Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրինագծի առաջիկա քննարկմամբ:
Այդ առումով պատահական չէր, որ վերջին երկու օրերին որպես առաջնահերթ լուր Դինքի սպանության 5-րդ տարելիցի երթը լուսաբանելիս, թուրքական հանրային հեռուստատեսությունը զուգահեռաբար անդրադառնում էր Սենատում օրինագծի հունվարի 23-ին նախատեսվող քննարկման հարցերին: Ավելի քան պատահական չէ, որ նախքան տարելիցը, Դինքի սպանության գործով դատավճիռը քննադատելով հանդերձ, Թուրքիայի փոխվարչապետ Արընչը, վարչապետ Էրդողանը եւ նախագահ Գյուլը հարկ են համարել դա հրապարակավ մեկ անգամ եւս քննադատել հենց տարելիցի օրըՙ ընդգծելով, որ դատական գործընթացը դեռեւս ավարտված չէ, Վճռաբեկ դատարանը հավանաբար կվերանայի ամբաստանյալների, մասնավորապեսՙ սպանության գլխավոր դերակատարներից Թունջելի նկատմամբ դատարանի որոշումը:
Քննադատության առումով հատկանշական է նախագահ Գյուլի հունվարի 19-ի ելույթը: Նա, ըստ «Ենի շաֆաքի», Թուրքիայի համար փորձաքննություն է համարել Դինքի սպանության գործի արդար եւ թափանցիկ դատաքննությունըՙ ավելացնելով. «Սպանությանը թուրք ժողովուրդը բուռն հակազդեցություն էր ցուցաբերել: Դա զարմանք էր պատճառել այն շրջանակներին, որոնք կանխակալ մոտեցում են դրսեւորում Թուրքիայի նկատմամբ: Երեւույթն ինքնին ցավալի է: Թեեւ դատարանը վճիռ կայացրեց, սակայն դեռ առջեւում է Վճռաբեկ դատարանում բողոքարկման փուլը: Դինքի գործով դատավարությունը խիստ կարեւոր է մեզ համար, նաեւ նրբազգաց, որովհետեւ առնչվում է մեր ոչ մահմեդական քաղաքացու սպանությանը»:
Ի դեպ, դատական գործընթացի բողոքարկման փուլի առնչությամբ նույն օրը հայտարարություն է արել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նյուլանդը. «Շարունակելու ենք հետեւել դատական գործընթացին եւ զերծ ենք մնալու որեւէ դատողությունից, քանի դեռ չի ավարտվել բողոքարկման փուլը»:
Այդ ընթացքում Դինքի սպանության գործով դատավարության դատախազ Հիքմեթ Ուսթան դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարանՙ բողոքարկելով ինչպես ամբաստանյալների առնչությամբ դատարանի որոշումը, այնպես էլՙ եզրակացությունը, թե սպանությունը որքան էլ լինի կազմակերպության ձեռնարկում, ձեռքի տակ չունեն դրա կազմակերպվածությունն ապացուցող փաստեր: Դատախազ Ուսթան բողոքարկման դիմումի մեջ ապօրինի է համարել ամբաստանյալների առնչությամբ քրեական դատարանի ընդունած որոշումը, ինչի հետեւանքով նրանք ազատ են արձակվել, եւ ընդգծել է. «Դատաքննության ընթացքում դատարան է ներկայացվել Դինքի սպանության կազմակերպվածությունը ապացուցող բազմաթիվ փաստեր: Դատարանը աչքաթող է արել դրանք, եւ կազմակերպվածությունն ապացուցող փաստերի բացակայության պատճառաբանությամբ, արդարացնելով ամբաստանյալներին, թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում»:
Թե ի՞նչ ընթացք կունենա Դինքի սպանության գործը Թուրքիայի Վճռաբեկ դատարանում կամ ինչպե՞ս կանդրադառնա ժխտողականությունը քրեականացնող օրինագծի քվեարկության արդյունքները այդ ընթացքի վրա, ցույց կտա ժամանակը: Բայց որ անցած հինգ տարիներին Դինքի սպանության բուն կազմակերպիչների բացահայտման առումով ոչինչ չի արվել, ակնհայտ է: Պարզապես Շիշլիի քաղաքապետ Մուստաֆա Սարըգյուլի նախաձեռնությամբ «Ակօսի» խմբագրատան մայթին տեղադրվել է սեւ մարմարե սալաքար, որի վրա թուրքերեն եւ հայերեն գրված է. «Այստեղ է սպանվել Հրանտ Դինքը 19 հունվարի 2007-ին, ժամը 15.05-ին»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ