Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ՌԴ Պետդումայում նույնպես ընդունելու հարցով Ռուսաստանի հայկական կազմակերպությունների նախաձեռնությունն, ըստ երեւույթին, լրջորեն անհանգստացրել է ոչ միայն Թուրքիային, այլեւ «կրտսեր եղբորը»: Ադրբեջանական լրատվամիջոցներն սկսել են բառիս բուն իմաստով պեղել ռուսաստանյան քաղաքագիտական եւ վերլուծաբանական հանրությունների «զիբիլանոցները», որպեսզի գտնեն համախոհներ:
Vesti.az-ի չարչարանքներին «ապաշխարանք» գտնվել է. Մոսկվայում հաջողվել է հարցազրույց ունենալ «ռուսաստանցի հայտնի պատմաբան, վերլուծաբան» Օլեգ Կուզնեցովի հետ: Վերջինս էլ բառացիորեն հետեւյալն է ասել. «Դուք, անկասկած, գիտեք, թե ինչն է սադրել թուրքական բանակի թշնամական գործողությունները հայ բնակչության հանդեպ, որ ապրում էր Օսմանյան եւ Ռուսական կայսրությունների սահմանին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Անիմաստ է մարդկանցից թաքցնել այն փաստը, որ Օսմանյան կայսրության հայ բնակչությունը գործուն համակրել է ռուսներին` XIX դարի ամբողջ ընթացքում եւ XX դարասկզբին` ամենից առաջ կրոնական հանգամանքով: Թուրքական բանակի անատոլիական 6-րդ խմբավորման, որ կազմավորված էր հայերից, ամբողջական ստորաբաժանումներ անցել են ռուսական զորքերի կողմը, որոնց հրամանատարը մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաեւիչն էր: Ազգայնականության հողի վրա դասալքությունը եւ կամավոր անցումը հակառակորդի կողմը Առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատներում միանգամայն տարածված երեւույթ էր հատկապես Ավստրո-Հունգարիայի զինված ուժերում, որի լեհերից, չեխերից, սլովակներից, սերբերից կազմված գնդերը, ոչնչացնելով ավստրիացի սպաներին եւ տիրանալով դրոշներին, անցել են ռուսների կողմը:
Կովկասյան ժողովուրդների շրջանում ազգայնականություն ու անջատողականություն հրահրելու փորձեր այդ պատերազմի պայմաններում ձեռնարկել են ե՛ւ Օսմանյան, ե՛ւ Ռուսական կայսրությունները: Այդ տարիների պատմությունից հայտնի է, որ 1916 թ. Կովկասի մուսուլմանական ժողովուրդների մի մասը կովկասյան ռուսական բանակի թիկունքում խռովություն է բարձրացրել: Դրա ճնշման համար ասպարեզ են նետվել օրենբուրգյան կազակական զորքերի երկու բրիգադ, որ հրով եւ սրով կարգուկանոն են հաստատել ներկայիս Կարաչաեւո-Չերքեզիայի եւ Կաբարդինո-Բալկարիայի տարածքում: Մոտավորապես նույն գործողություններն է իրականացրել նաեւ օսմանյան բանակը` ճնշելով հայերի խռովությունը թիկունքում` համանուն գավառի Վան քաղաքի շրջակայքում: Փաստորեն, մենք կարող ենք խոսել այն մասին, որ Ռուսական կայսրության ազգային-կրոնական քաղաքականությունը Կովկասում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մասամբ սադրել է թուրքերի պատժիչ գործողությունները Անատոլիայի հայ բնակչության նկատմամբ:
Այդ պատճառով Ռուսաստանը կրում է այդ դեպքերի համար բարոյական պատասխանատվության մի մասը: Բայց ո՛չ Խորհրդային Միությունը, ո՛չ Ռուսաստանի Դաշնությունը չեն ճանաչել Ռուսական կայսրության հանդեպ իրավահաջորդությունը` լիովին բացազատվելով այն ժամանակվա կառավարիչների քաղաքականությունից: Բայց պատմությունը վերստին գրել անհնար է, ուստի ՌԴ Դաշնային Ժողովի Պետական Դուման, մտցնելով հայերի ցեղասպանության ժխտման համար քրեական հետապնդում, պետք է որ դրա համար պատասխանատվության մի բաժին էլ վերապահի մեր երկրին: Իսկ դա իր հերթին կարող է դառնալ ներքաղաքական անկայունության եւս մի գործոն, որը նախագահական ընտրությունների շեմին բացարձակապես նրան պետք չէ»:
Որոշակի անկեղծության համար Օլեգ Կուզնեցովին գուցե արժեր շնորհակալություն հայտնել: Այդուհանդերձ. չկա որեւէ պատմական փաստ, հակառակ դեպքում թուրքական կողմը այն վաղուց հրապարակած կլիներ, որ օսմանյան զինված ուժերի անատոլիական 6-րդ բանակը «կազմված է եղել հայերից»: Բացի այդ, Կուզնեցովը նշում է, որ ռուսների կողմն են անցել լեհական, չեխական, սլովակական, սերբական գնդեր` «սպանելով ավստրիացի սպաներին եւ տիրանալով դրոշներին», սակայն Ավստրո-Հունգարիայի կայսրական կառավարությունը, դրա համար ունենալով ոչ պակաս հնարավորություն եւ ավելի «հիմնավոր պատճառ», չի կազմակերպել լեհերի, չեխերի, սլովակների եւ սերբերի զանգվածային տեղահանություն եւ սպանդ: Բռնատեղահանություն եւ Կովկասի մուսուլման ժողովուրդների զանգվածային ջարդեր չի իրականացրել նաեւ Ռուսական կայսրությունը: Համենայն դեպս, այսօր Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան եւ Սերբիան անկախ երկրներ են, իսկ հյուսիսկովկասյան մուսուլման ժողովուրդները` ՌԴ կազմում ինքնավարություն: Այնպես որ` համեմատությունն իրոք կաղում է: Մանավանդ որ, հիմնվելով «Վանի ապստամբության փաստի» վրա, Կուզնեցովը «մոռանում է», որ բռանատեղահանվել եւ սպանդի է ենթարկվել ոչ միայն այդ քաղաքի եւ համանուն նահանգի, այլեւ առհասարակ ողջ Արեւմտյան Հայաստանի հայությունը:
Խնդիրը, թերեւս, կարելի էր այսքանով էլ փակել: Բայց Օլեգ Կուզնեցովի «որակի» մասին հանգամանալի պատկերացում կազմելու համար հարկ է նշել, որ նա www. Azerros. ru կայքում ունի անձնական բլոգ եւ ադրբեջանական մեդիա-տարածքի մշտական ցանկալի հյուրն է: Այսպես, նույն օրը` ս.թ. հունվարի 18-ին նա վերոնշյալ կայքի իր բլոգում տեղադրել է «Ադրբեջանի «սեւ հունվարը». պատմության ի՞նչ դասերը պիտի հիշել» հոդվածը, որտեղ այսպիսի դատողություն է արել. «Ադրբեջանի «սեւ հունվարը» դարձավ Խորհրդային Միության, որը տաս ամիս հետո դադարեց գոյություն ունենալ իբրեւ պետական-քաղաքական կազմավորում, հոգեվարքի սկիզբը»:
Ի՞նչ ասես այն «պատմաբանին», որ սեփական երկրի ոչ այնքան հեռավոր պատմությունից է անգամ անտեղյակ: Չէ՞ որ ԽՍՀՄ-ը դադարել է գոյություն ունենալ 1991 թ. դեկտեմբերի վերջին, այլ ոչ թե «Ադրբեջանի սեւ հունվարից տասը ամիս անց»: Եվ սա Օլեգ Կուզնեցովի մտքի միակ «փայլատակումը» չէ: Նույն հոդվածում նա Բաքվի հայության ջարդերը «բացատրում» է այսպես. «Չարժե նաեւ մոռանալ, որ Բաքվում հայկական ջարդերի վարակը բերել են Սպիտակի երկրաշարժի գոտու ազգությամբ ադրբեջանցի փախստականները (կարդա` գյուղացիները), որոնց բնակության նախկին վայրերում կողոպտել են հայերը` այդպիսով փոխհատուցելով իրենց նյութական վնասներն այդ բնական աղետից»:
Նման ցինիզմ իրենց թույլ չեն տվել նույնիսկ ադրբեջանցիները: Պաշտոնական տվյալներով 25000 զոհ տված եւ անօթեւան մնացած 500000 հայերն ինչպե՞ս կարող էին «կողոպտել ազգությամբ ադրբեջանցի գյուղացիներին», երբ աղետից մի քանի ժամ անց երկրաշարժի ողջ գոտին հայտարարվել էր արտակարգ իրավիճակի շրջան եւ փաստորեն վերահսկվում էր խորհրդային բանակի եւ այլ ուժային կառույցների կողմից: Եվ հետո, աղետը մի՞թե ընտրովի էր վնասել մարդկանց, ադրբեջանցիների գույքն ու այլ ունեցվածքը մի՞թե մնացել էին անձեռնմխելի, որպեսզի հայերը «դրանք որպես կրած վնասի փոխհատուցում յուրացնեին»: Վերջապես, երկրաշարժը եղել է 1988-ին, Բաքվի հայության ջարդը` 1990 թվականին: Սպիտակից «ադրբեջանցի փախստականներն» ինչո՞ւ մեկ տարուց ավելի իրենց ներսում պահեցին «ջարդերի վարակը» եւ հանկարծ 1990 թ. հունվարին «ճարակեցին Բաքվի քաղաքակիրթ» միջավայրը:
Օլեգ Կուզնեցովի ողբերգությունն այն է, որ չի հիշում, թե երբ, ինչի մասին եւ ինչ է ասում: «Էխո»-ին տված հարցազրույցում նա ներկայանում է որպես... Սպիտակի երկրաշարժի փրկարարական-որոնողական աշխատանքների մասնակից. «...Մեր համակազմ փրկարար ջոկատը, որ կազմված էր ինստիտուտի քաղաքացիական պաշտպանության ամբիոնում սովորող ուսանողներից, այդ աղետի շրջան մեկնեց 1988 թ. դեկտեմբերի 12-ին, եւ 14-ին մենք արդեն տեղում էինք... Երկրաշարժի էպիկենտրոնում մենք մնացինք մոտ երեք ամիս: Լինելով խմբի կոմերիտկազմակերպիչ, ես ոչ միայն մասնակցել եմ փլատակների մաքրմանն ու, եթե կարելի է այսպես ասել, զոհվածների աճյունների «պահեստավորմանը» Լենինական կայարանի երկաթուղային վագոն-սառնախցիկներում, այլեւ շփվել տեղական բնակչության հետ` հականե տեսնելով մարդկային վշտի եւ տառապանքների ողջ մասշտաբները: Այդ պատճառով էլ չարժե զարմանալ, որ հայ-ադրբեջանական զինված հակամարտության ժամանակ, 1989-94թ.թ., իմ համակրանքը հայերի կողմն է եղել»:
Ի՞նչ է փոխվել դրանից հետո: Էականորեն` ոչինչ: Օլեգ Կուզնեցովն ուղղակի հանդիպել է մի խումբ «ջենտլմենների», - նույն հարցազրույցում ինքն է դա ասում,- որոնք նրան «հասկանալի լեզվով» բացատրել են, թե ինչքան «աշխատասեր եւ ձեռնբաց է ադրբեջանական ժողովուրդը»: Այլ կերպ ասած, մարդն առել է նավթադոլարների համը: Այնքան, որ Իլհամ Ալիեւին խորհուրդ է տալիս, Միացյալ Նահանգների օրինակով, որտեղ ստեղծված է ԱՄՆ հիմնադիր չորս նախագահի պանթեոն, Բաքվում էլ այդպիսին կառուցել:
Իսկ ո՞ւմ է առաջարկում պանծացնել: Հեյդար Ալիեւին` «ադրբեջանական ժամանակակից քաղաքական համակարգի (բռնապետության- Վ. Ա.) ստեղծողին, Մամեդ Էմին Ռասուլզադեին` ադրբեջանական էթնոսի քաղաքական կերտողին (հետո էլ հարեւանները դժգոհում են, երբ մենք ասում ենք, որ մինչեւ 1918 թ. ադրբեջանցիներ չեն եղել- Վ. Ա.), ռուս գեներալ Նիկոլայ Ռտիշչեւին, որն առաջին անգամ Ռուսաստանի կազմում միավորեց նախկինում ցրված ադրբեջանական հողերը` Գյուլիստանի պայմանագրի պայմանագրի տակ իր ստորագրությամբ (ողբամ զքեզ, պարոն Կուզնեցով, որ չգիտես, որ «Պետական անկախության վերականգնման մասին» 1991 թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտով Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերը ճանաչված են «Ռուսաստանի կողմից Ադրբեջանի տարածքի անեքսիա»- Վ. Ա.) եւ Խորամդին (Կուզնեցովն ինչ-որ բան շփոթել է, Բաբեկն ընդամենը համարվում է «խուրամիդյան» աղանդի հետեւորդ- Վ. Ա.») Բաբեկին` ադրբեջանական ժողովրդի (իսկ ո՞ւր մնաց ադրբեջանական էթնոս կերտելու` Մամեդ Էմին Ռասուլզադեի առաքելությունը - Վ. Ա.)ՙ 816-837 թթ. արաբական տիրապետության դեմ ապստամբության լեգենդար կազմակերպչին (իրականում` մի ավազակի - Վ. Ա.):
Կհետեւի՞ Իլհամ Ալիեւը Օլեգ Կուզնեցովի խորհրդին: Հազիվ թե: Ոչ թե այն պատճառով, որ չի ցանկանա պատվելի հորը տեսնել միջնադարյան ավազակի հետ նույն պանթեոնում: Ռուս «օկուպանտ» գեներալն էլ թերեւս խնդիրներ չհարուցի: Պարզապես Ադրբեջանի 20-րդ դարի պատմությունն «սկսվում է» 1969 թվականից, երբ Հեյդար Ալիեւն «ընտրվել է հանրապետության ղեկավար»: Այդ կերպ նա «մարմնավորում է» ե՛ւ Բաբեկի «ազատատենչ ոգին», ե՛ւ ռուս գեներալ Ռտիշչեւին, ե՛ւ Մամեդ Էմին Ռասուլզադեին, ե՛ւ, իհարկե, իրեն: Ի՞նչ կարիք կա գաղափարական «մոնոլիտը» տրոհել մանր ֆիգուրների:
«Նմանս զնմանն գտանէ»,- ասում էին հնում: Լիովին կեղծիքի վրա հիմնված ադրբեջանական քարոզչությունն, անշուշտ, «վկա» պիտի բերի Օլեգ Կուզնեցովի նման քամելեոնին:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ