Վարկը կուղղվի փոքր եւ միկրո բիզնեսի ֆինանսավորմանը
Հայկական «Արարատբանկը» եւ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում պայմանագիր ստորագրեցին, համաձայն որիՙ Եվրասիական զարգացման բանկը հայկական բանկին կտրամադրի 4 մլն դոլար` Հայաստանում փոքր եւ միկրո բիզնեսի ֆինանսավորման նպատակով: Պայմանագիրը ստորագրեցին «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը եւ Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան:
Ներկայացնելով ստորագրված պայմանագիրըՙ Աշոտ Օսիպյանը նշեց, որ սա նոր հնարավորություն է եւ նոր համագործակցության ճանապարհ Եվրասիական զարգացման բանկի հետ: ԵԱԶԲ-ն վարկը տրամադրում է 3-5 տարի ժամկետով` 12-14 տոկոսով: «Արարատբանկի» վարչության նախագահը հույս հայտնեց, որ հետագայում միջազգային ֆինանսական այս կառույցի հետ «Արարատբանկը» հնարավորություն կունենա համագործակցելու նաեւ միջին եւ խոշոր բիզնեսի վարկավորման ուղղությամբ: Նա նաեւ տեղեկացրեց, որ վարկը ստացվել է դոլարով եւ տրամադրվելու է դոլարով:
ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան , տեղեկացնելով, որ այս գործարքը երկար ժամանակ էր նախապատրաստվում, ուրախալի համարեց պայմանագրի ստորագրումը: «Գիտեմ, որ «Արարատբանկը» աշխատում է այլ միջազգային ֆինանսական կառույցների հետ, իսկ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը «Արարատբանկի» բաժնետերեից է: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը կզարգանա եւ կխորանա», ընդգծեց նա: Դմիտրի Ժուրբան ավելացրեց նաեւ, որ Հայաստանում ԵԱԶԲ-ն կատարել է մոտ 80 մլն դոլարի ներդրում եւ առաջին վարկային պայմանագիրն կնքվել է 2010-ին:
«Հայաստանում եւ Ռուսաստանում ընտրությունները ինչպե՞ս կազդեն բանկերի գործունեության վրա» հարցին պատասխանելովՙ «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն ասաց, որ թեեւ բիզնեսը զգայուն է յուրաքանչյուր քաղաքական փոփոխությունների նկատմամբ եւ սպասումները կարող են որոշ ազդեցություն ունենեալ, բայց սպասվող ընտրություններն առաջինը չեն եւ մեծ փոփոխություններ չեն լինի: «Բանկային համակարգը զերծ է քաղաքական ազդեցություններից», նշեց նա: Աշոտ Օսիպյանի տեսակետին համաձայնեց Դմիտրի Ժուրբան, ավելացնելով, որ չեն սպասում այնպիսի ցնցումներ, որոնք կարող են ազդել իրենց բիզնեսի վրա:
«Ինչպիսի՞ն է եղել 2011-ը «Արարատբանկի» համար» հարցին պատասխանելովՙ Աշոտ Օսիպյանը հայյտնեց, որ անցած տարին բանկի համար հաջող տարի էր: Բանկի շահույթը կազմել է 2,2 մլրդ դրամ, վերադարձված կապիտալի շահութաբերությունը կազմել է 19,6 տոկոս, ակտիվների շահութաբերությունը` 3 տոկոս, վարկային ներդրումներն աճել են 51 տոկոսով, ակտիվները 39 տոկոսով, հաճախորդների թիվն ավելացել է 53 տոկոսով: Աշոտ Օսիպյանը նաեւ նշեց, որ 2012-ին բանկը ակտիվ գործելու է վարկավորման երկու դեռեւս ազատ գոտիներում` գյուղատնտեսությունում եւ լիզինգի ոլորտում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ