Մոռանալ ոճիրըՙ կնշանակի նրան սպանել երկրորդ անգամ
Հունվարի 19-ինՙ անվանի հրապարակախոս, լրագրող, մտավորական, ազատության առաջամարտիկ, «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի նահատակության 5-րդ տարելիցի օրը Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում, Մեծ եղեռնի հուշակոթողի առջեւ, Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի նախագահությամբ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն, եւ հարյուրավոր վանաձորցիներ նրա հետ միասնական աղոթք բարձրացրին Հրանտ Դինքի հոգու խաղաղության համար:
- Խմբագրապետի սպանությունը ցնցեց ողջ աշխարհը, բոլոր առաջադեմ լրատվական գործակալությունները, միջազգային կառույցները դատապարտեցին ու մինչ օրս էլ դատապարտում են այս ոճրագործությունը,- ասաց Հայաստանի գրողների եւ ժուռնալիստների միությունների մարզային բաժանմունքների նախագահ, «Լոռու մարզ» եւ «Երկունք» թերթերի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Մանվել Միկոյանը :
- Նրա սպանությունից 5-6 տարի առաջ Թուրքիայում լույս տեսնող հայկական մամուլը ճգնաժամի մեջ էր: Հայկական թերթերը կորցնում էին իրենց ընթերցողներին, որովհետեւ պակասում էին հայերեն լեզվով ընթերցողները: Հ. Դինքի նախաձեռնությամբ «Ակօսը» սկսեց տպագրվել նաեւ թուրքերեն լեզվով, ընթերցողների թիվն ավելացավ մի քանի անգամ, իսկ թերթում պարբերաբար արծարծվում էր ժողովրդավարության ու ազատության գաղափարը, Հայ դատի արդարացի լուծման անհրաժեշտությունը: Նա գիտակցում էր իրեն սպառնող վտանգը. այդ մասին գրում է հոդվածներում: Թուրքիայի իշխանություններիՙ նրան լռեցնելու միակ տարբերակը դավադրաբար սպանելն էր: Ասել է թեՙ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ ժխտողականությանը,- ասաց նա:
- Երբ ականատեսներից մեկն օրեր առաջ ներկա է լինում, թե որքան մարդ է վանկարկումՙ «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», ասում էՙ «Որքա՜ն հայեր կան Թուրքիայում», սակայն երբ լսում է, թե որքան մարդ է կանչում, որ ինքն է այդ մարդասպանը, ով գնդակահարել է Դինքին, տարակուսում էՙ «Ինչքան մարդասպաններ կան Թուրքիայում»: Վստահ ենք, որ Դինքի սպանությունը պետականորեն կազմակերպված ու ծրագրված էր,- հիշատակի իր խոսքում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող Խորեն Գասպարյանը : Նա կրկնեց Եղեռնից մազապուրծ մտավորական Լեւոն-Զավեն Սյուրմելյանի խոսքերը. «Նրանք, ովքեր բռնանում են ժողովրդի հիշողության վրա, հոգեւոր ցեղասպանություն են կատարում: Նրանք, ովքեր բռնանում են մարդու հիշողության վրա, մարդկության դեմ են ոճիր գործում»:
- Այսօր Թուրքիայի իշխանությունները ոճիր են գործում ե՛ւ մարդկության, ե՛ւ ժողովրդի դեմ,- նշեց Խ. Գասպարյանը:
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողների ու երիտասարդ լրագրողների անսահման սիրո, նվիրումի ու հավատարմության առհավատչյան էր բուհի լրագրության բաժնի 5-րդ կուրսի ուսանողուհի, լրագրող Կարինե Վանեսյանի ՙ ազատության մեծ նահատակի հիշատակին ուղղված խոսքը:
- 2007-ի այս օրը թուրք մարդասպանները խլեցին խաղաղության աղավնու պարտավորություններն ստանձնած մտավորականի կյանքը: Տեղին է ասվածՙ Հ. Դինքը Հայոց ցեղասպանության վերջին զոհն է: Մոռանալՙ կնշանակի նրան սպանել երկրորդ անգամ:
Նրա մահը կորուստ էր ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ առաջադեմ ողջ մարդկության համար: Ազատության ու ժողովրդավարության մունետիկի մահը վկայեց, որ անհնար է սահմանափակել խոսքի ազատությունը: Նրա սպանությունն ստիպեց թուրքերից շատերին վերանայել իրենց դիրքորոշումը: Անցյալ դարի 90-ականներին Դինքը միակ լրագրողն էր Թուրքիայում, ով պնդում էր, որ կարելի է հասնել ազատության միայն ժողովրդին հասունացնելու միջոցով, նա կապված էր Հայաստանի հետ, մտահոգված նրա ճակատագրով, սակայն թանկ վճարեց իր առաքելության համար,- ասաց Կ. Վանեսյանը:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հրանտ Դինքի հիշատակը եւ եկեղեցու զանգերի հնչյունների ներքո ծաղիկներ դրեցին Եղեռնի անմեղ զոհերի հուշակոթողին, քանզի այդ զոհերից մեկն էլ, սակայն արդեն 21-րդ դարում, դարձավ Հրանտ Դինքը:
Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ