«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2012-01-19 | #9, 2012-01-20 | #10, 2012-01-21


ՈՒԼԻ ՎԵԳՆԵՐԸ ՇՏԻԳԼԻՑԻՆ ԱՐԺԱՆԻ ՄՐՑԱԿԻՑ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ

Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները դեմ է Գերմանիան ներկայացնող ռուսաստանցի բռնցքամարտիկ Ռոբերտ Շտիգլիցի հետ իր սանի հնարավոր մենամարտի անցկացմանը: Նա գտնում է, որ Շտիգլիցն արժանի մրցակից չէ Աբրահամի համար: Ըստ Վեգների, Շտիգլիցի մենամարտերը դեռեւս չեն անցկացվել լեփլեցուն մարզասրահներում: Իսկ հանդիսականների մեծ քանակ ապահովելու համար Վեգներն Արթուրի համար ուժեղ մրցակից է փնտրում:

Հիշեցնենք, որ Հենրի Վեբերին հաղթելուց հետո Շտիգլիցը հայտարարել էր, թե պատրաստ է մենամարտել Արթուրի հետ, եթե վերջինս իրեն մարտահրավեր նետի:

Ի տարբերություն մարզչի, Արթուր Աբրահամը համաձայն է Շտիգլիցի հետ մենամարտել. «Հուսով եմ, որ Շտիգլիցի հետ մենամարտը կկայանա: Ճիշտ է, մինչ այդ ինձ հարկ կլինի եւս մեկ մենամարտ անցկացնել: Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, մեր պրոմոութերները կսկսեն բանակցել: Այդ մենամարտը հետաքրքրական կլինի ինչպես բռնցքամարտի սիրահարների, այնպես էլ ինձ համար»:

Ռոբերտ Շտիգլիցն ապրիլի կեսերին պետք է իր տիտղոսի հերթական պաշտպանությունն իրականացնի դանիացի Միգել Կեսլերի հետ մենամարտում: Միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել Աբրահամ-Շտիգլից մենամարտի կազմակերպման մասին:

Հարկ է նշել, որ Շտիգլիցի մարզիչ Դիրկ Ձեմսկին տարօրինակ է անվանել Արթուրի եւ Պաբլո Ֆարիասի մենամարտը. «Կարծում եմ, որ մենք տեսանք բացարձակապես տարբեր 2 մենամարտ: Մի մենամարտը Ռոբերտ Շտիգլիցի եւ Հենրի Վեբերի կատարմամբ պարզապես գերազանց էր: Մյուսըՙ Աբրահամի մենամարտը սահմանափակ հնարավորություններով արգենտինացու հետ, նույնիսկ չեմ կարող բնութագրել: Չեմ պատկերացնում, թե դա ինչ էր: Լեզուս չի պտտվում պատշաճ բառն արտահայտելու: Դրանք տրամագծորեն տարբեր մենամարտեր էին»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4