Վեյք Ան Զեեի շախմատի մրցաշարում վերելքով է հանդես գալիս Լեւոն Արոնյանը: 6-րդ տուրում սպիտակներով 48-րդ քայլին պարտության մատնելով ադրբեջանցի Վուղար Հաշիմովին, Լեւոն Արոնյանը մրցաշարում 4-րդ հաղթանակը տոնեց ու 4,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Իսկ ահա Մագնուս Կառլսենը, որ նախորդ տուրից հետո Արոնյանի հետ առաջատարն էր, միայն կես միավոր վաստակեց` հաշտություն կնքելով Դավիթ Նավարայի հետ: Կառլսենն ունի 4 միավոր: Նորվեգացի գրոսմայստերին միավորներով հավասարվեց Թեյմուր Ռաջաբովը` հաղթելով Սերգեյ Կարյակինին:
3,5-ական միավորով հաջորդ տեղերում են Հիկարու Նակամուրան, Վասիլի Իվանչուկը եւ Ֆաբիանո Կարուանան: Նակամուրան հաղթեց Գելֆանդին, Իվանչուկը հաշտություն կնքեց Թոփալովի հետ, Կարուանան էլ միավորը կիսեց վան Վելիի հետ պարտիայում:
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Վասիլի Իվանչուկի հետ, իսկ Կառլսենը սպիտակներով կմրցի Բորիս Գելֆանդի հետ:
C խմբի մրցաշարում Էլինա Դանիելյանը Սահաջ Գրովերի հետ հաշտություն կնքեց: 6 տուրից հետո Էլինան ընդամենը 1,5 միավոր է վաստակել: 5,5 միավորով առաջատարը Մաքսիմ Տուրովն է, որն առաջին կես միավորը կորցրեց Հանս Տիկանենի հետ մրցավեճում: