Հունվարի 24-30-ը Կազանում տեղի կունենա թհեքվոնդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշար, որում խաղարկվելու են Լոնդոնի օլիմպիադայի ուղեգրերը: Դրանց կարժանանան քաշային յուրաքանչյուր կարգում լավագույն եռյակում տեղ զբաղեցրած մարզիկները:
Հայաստանն այդ մրցաշարում կներկայացնեն 2010-ի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Հայկազ Սամվելյանը (58 կգ) եւ 2008-ի Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը (80 կգ): Այս երկու մարզիկները մրցումներին նախապատրաստվելիս ուսումնամարզական 2 հավաք են անցկացրել Թեհրանում:
Թհեքվոնդոյում օլիմպիական ուղեգրերը վիճարկվում են համաշխարհային եւ աշխարհամասային մեկական մրցաշարերում: Համաշխարհայինն անցկացվեց անցյալ տարի Բաքվում: Այդ մրցումներին մեր մարզիկները հայտնի պատճառներով չմասնակցեցին: Այնպես որ ուղեգիր նվաճելու միակ հույսը Կազանում կայանալիք եվրոպական ստուգատեսն է: Մեր մարզիկները Կազան կմեկնեն հունվարի 23-ին հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ Հայաստանի մարզիկներն առայժմ օլիմպիական 11 ուղեգիր են նվաճել: