«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2012-01-24 | #12, 2012-01-25 | #13, 2012-01-26


ՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԻՆՏՐԻԳՆԵՐ, «ՊՈՒՏԻՆ» ԱԿՈՒՄԲՆԵՐ, ՍԱՐԿՈԶԻ ԱՆՎԱՄԲ ՆՈՐԱԾԻՆ...

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ճիշտն ասած` համաձայն չենք Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ, թե այժմ ինտրիգներ չեն սպասվում, դրանք կլինեն պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո: Ինչո՞վ պակաս ինտրիգ չեն ամեն օր այս կամ այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին եռյակի կոնֆիգուրացիայի մասին տարածվող տարատեսակ լուրերը:

Երեկ ԶԼՄ-ներից մեկն, օրինակ, տեղեկություն էր տարածել, որ ՀՀԿ-ում որոշել են համամասնական ցուցակի առաջին եռյակին` Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան եւ Տարոն Մարգարյան: Նախորդ օրն էլ գրել էին, թե ԲՀԿ ցուցակը գլխավորելու է ինքը` Ռոբերտ Քոչարյանը, իսկ ցուցակի երկրորդ տեղում լինելու է «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը: Բնական է, որ ամեն օր որեւէ ԶԼՄ գրում է համամասնական ցուցակների մասին, քանի որ դրա մեջ քաղաքական ինտրիգ եւ ընթերցողին որեւէ կերպ հետաքրքրելու ռեսուրս է տեսնում, եւ սակայն ամեն ԶԼՄ կամ իր վերին հովանավորների իրական, իսկ ավելի շատՙ մտացածին տեղեկությունն է փոխանցում` նրա քիմքին համապատասխան, կամ հորինում է` «վիզ սենսացիա է պետք»: Ու հատկապես թիվ 1 սենսացիան այս պահին եւ դեռ մի ամիս Ռոբերտ Քոչարյանի` ցուցակ ղեկավարելու մասին լուրն է: Հիմա չգիտենք` այդ տեղեկության սկզբնաղբյուրն ո՞վ է եւ որքանով է համապատասխանում այն իրականությանը, բայց երեկ Օսկանյանի գրասենյակից հերքեցին, թե Օսկանյանը ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականում է լինելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ հերքեց, թե այդպիսի քննարկում եղել է կամ ցուցակների մասին որոշում կայացվել է, բայց որպես դասական մոտեցում հնարավոր համարեց, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Իսկ որ ԲՀԿ ցուցակում են լինելու նաեւ Գուրգեն Արսենյանն ու Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, վերջինիս մասով գոնե երեկ նրա հովանավորյալ «Սլաք.ամ»-ը գրել էր, որ նա առաջադրվելու է մեծամասնական կարգով, Տաշիրի այն ընտրատարածքում, որտեղից նախորդ ընտրություններում նրա ազգական Սուրիկ Պողոսյանն էր պատգամավոր դարձել:

Շարունակելով ՀՀԿ-ի թեման, քանի որ այս երկու օրը ՀՀԿ-ական վերնախավի ներկայացուցիչներն ակտիվ ասուլիսավոր են, նշենք, որ երեկ Գ. Սահակյանը ՀՀԿ կազմելիք ցուցակների վերաբերյալ լրագրողների հնչեցրած հարցերին ի պատասխան որոշ կանխատեսումներ արել է. երիտասարդների ներգրավման մասին ասել է` ահել-ջահելի խնդիր չէ, քաղաքականությամբ զբաղվողնե՛րը պետք է ընդգրկվեն համամասնական ցուցակում, հո գործադի՞րը չէ, որ կրտսեր մասնագետ գա, հետո ավագ ու գլխավոր մասնագետ դառնա: Իսկ թե կոնկրետ ովքեր կընդգրկվեն այդ ցուցակում նաեւ ոչ ՀՀԿ-ից (խոսվում էր, որ Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը եւ այլք) կընդգրկվե՞ն` քննարկումներ կլինեն, պարզ կլինի: Գործարարներից էլ ակտիվները կընդգրկվեն, անկախ գործարար լինելուց, իսկ գործարարների մեծամասնական առաջադրումների պարագայում էլ ՀՀԿ-ն ոմանց կպաշտպանի, ոմանց` ոչ, դեռ պետք է որոշեն: Իսկ ընդհանրապես` Գ. Սահակյանը կանխատեսում էր, որ հիմքեր կան ՀՀԿ-ի առաջատար դիրքերը քաղաքականության մեջ պահպանելու եւ առաջին տեղում լինելու համար: Նա նաեւ բացառել է մեծամասնական կարգից հրաժարվելը` այդ հարցը փակվել է ընտրական օրենսգիրքն ընդունելիս:

Վաղը «Սարկոզի ակումբ» կամ «Օբամա ակումբ» էլ կհիմնեք...

Չմեռանք, սեփական երկրում «Պուտին» ակումբներ էլ տեսանք. ԱՊՀ երկրների ինչ-որ երիտասարդական միության հաղորդագրությամբ փետրվարի երկուսին Հայաստանում բացվելու են «Պուտին» ակումբներ, դեռ քիչ է, որ բացվում են, դրանց աջակցողների թվում նշվում են կուսակցություններ` Արամ Սարգսյանի ղեկավարած ՀԴԿ-ն, Հայկ Բաբուխանյանի ղեկավարած ՍԻՄ-ը եւ ՀՌԱԿ-ի անունով հանդես եկող Հարութ Առաքելյանը, չնայած ՀՌԱԿ-ն ըստ պետական գրանցման օրինավորապես Էդ. Անտինյանն է ղեկավարում: Նախ հարցը պարզենք ՀԴԿ-ի հետ, հետո անցնենք ակումբային տրամադրություններին: ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ չգիտե` ի՞նչ բան է այդ ակումբը, դրա վերաբերյալ իր կարծիքը հարցնող չի եղել, եթե հարցնեին` գուցե կարծիք ասեր, եւ, ուրեմն, առանց իր գիտության են շահարկում իր ղեկավարած կուսակցության անունը: Բաբուխանյանն, ինչպես երեւում է, տեղյակ է, քանի որ տողերիս հեղինակի ֆեյսբուքյան էջում նրա անունից նյութ կար այդ թեմայով` «Մամուլ.ամ» կայքից հղված: Սակայն մեզ զարմացնում է այն ոգեւորությունը, որով ինչ-որ մարդիկ սեփական երկրում այլ երկրի նախագահի անվամբ ակումբներ են կազմակերպում: Է, մենք հո դեմ չե՞նք մեր ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցությանն ու բարեկամությանը, բայց իրավիճակը քծնանքի ու ստրկամտության աստիճանի հասցնել պետք չէ, սա Հայաստանն է, այստեղ պետք է սեփական շահերի ակումբներ ստեղծել: Այլապես մեկն էլ վաղը կարող է «Սարկոզի ակումբ» ստեղծել (Ռոտարի ակումբը մարսեցի՞նք), մանավանդ` ազգովին «մերսի» ասացինք Սարկոզիինՙ ցեղասպանության ժխտումն ապաքրեականացնող օրենքի համար, կամ Օբամայի ակումբ ստեղծելու գաղափարի հեղինակ էլ կճարվի (Յովանովիչի ակումբը` կուսակցության տեսքով քիչ համարելով): Ու երեկ էլ, մի գյումրեցի իր նոր ծնված որդու անունն էր Սարկոզի դրել` Սարկոզի Կարապետի Ավետիսյան: Սա ծիծաղելի է դառնում, եթե այդքան ողբերգական չլիներ: Հասկանալի է, որ մեծ, հատկապես տարածաշրջանում շահեր ունեցող երկրները մեր երկրում ուզում են նոր եւ դինամիկ աշխատող գործիքներ ունենալ, հասկանալի է, որ կոշտացել է այդ երկրների մրցակցությունը` քանի որ այդ երկրներում եւս նախագահական ընտրություններ են, եւ ամեն մեկն ուզում է մեր միջոցով իրենց երկրների հայ ընտրազանգվածին կառավարել: Բայց մերոնք էլ, կառավարվելու պատրաստակամություն հայտնելուց առաջ պետք է մտածեն, թե մեզ ինչո՞ւ եք ուզում կառավարել, կամ մեր շահը այստեղ ո՞րն է, ո՞րն է իմաստը, երբ պետությունը տարաբնույթ պայմանագրեր ու կառույցային համագործակցության հանձնաժողովներ ունի: Թե՞ մեր մտքերում ուզում են հեղափոխությունների նոր շարք է սկսել` «օրհնվի էն սհաթի» մոտիվներով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4