«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2012-01-24 | #12, 2012-01-25 | #13, 2012-01-26


«ՍԱՐԿՈԶԻԻ ՄԵԾ ՀԱՅՐԸ ԾՆՎԵԼ Է ՍԱԼՈՆԻԿՈՒՄ»

«Իսպանիայից վտարված հրեաներից էր, որոնց գրկաբաց ընդունել է Օսմանյան կայսրությունը»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Նախորդ համարում Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների, այդ թվումՙ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը թուրքական թերթերի արձագանքը ներկայացնելիս նշել էինք, որ խորհրդարանական խմբակցությունների նիստում դրա առնչությամբ դատապարտող հայտարարությամբ հանդես կգան Թուրքիայում իշխող «Արդարություն ու բարգավաճում», ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունների ղեկավարները, իսկ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը, որը քրդական է, չի միանա նրանց:

Որքան էլ ակնկալվեին կոշտ ելույթներ, դրանք բովանդակության եւ ձեւակերպումների առումով գերազանցեցին բոլոր ենթադրությունները: Թուրքական հանրային հեռուստատեսության եւ այլ կայքէջերի վկայությամբ, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գլխավոր նախագահ, վարչապետ Էրդողանն ասաց. «Օրինագծի առնչությամբ Ֆրանսիայի Ազգային ժողովում եւ Սենատում ընդունված որոշումները մեզ համար որեւէ արժեք չունեն: Օրինագծին դեմ քվեարկող սենատորները պատրաստվում են հարցը բարձրացնել Սահմանադրական խորհրդում: Դրա համար 60 ստորագրություն է անհրաժեշտ: Այնտեղ սխալի ուղղման հույսերը դեռեւս չենք կորցրել: Այս հարցը Ֆրանսիա-Թուրքիա հարցը չէ, ոչ էլ Ֆրանսիա-Հայաստան, այլ ակնհայտ խտրականության եւ ռասիզմի խնդիր:

Սարկոզիի մեծ հայրը ծնվել է Սալոնիկում, այսինքնՙ օսմանյան երկրում: Իսպանիայից վտարված հրեաներից էր, որոնց գրկաբաց ընդունեց Օսմանյան կայսրությունը: Որքան էլ մեր դեմ թշնամանք դրսեւորի, Սարկոզին չի կարող խաչ քաշել իր անցյալի վրա: Մենք ողջամիտ եւ խոհեմ դիրքորոշում ենք որդեգրել: Առայժմ համբերում ենք: Հետագա գործողությունների մեր ծրագիրը կախված կլինի իրադարձությունների ընթացքից: Այդպիսի որոշման ընդունումը անփառունակ է ոչ այնքան մեզ, որքան Ֆրանսիայի համար: Ընտրությունների համար իսլամաֆոբիա են խթանում, ինչը մտահոգիչ է ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ ողջ Եվրոպայի համար: Վերանայում ենք Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները: Ելնելով իրավիճակից փուլ առ փուլ պատժամիջոցներ ենք կիրառելու: Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում այն սենատորներին, որոնք պատասխանատվության զգացումով դեմ քվեարկեցին օրինագծին»:

Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն պաշտպանեց Էրդողանի դիրքորոշումը, ասելով. «Մենք պատրաստ ենք աջակցել կառավարության ամեն մի գործողության: Պետք է վճռականորեն կիրառել Ֆրանսիայի դեմ նախատեսվող պատժամիջոցները եւ զգույշ լինել: Իհարկե, դա չի նշանակում, որ մենք կառավարությանը չենք քննադատում: Կքննադատենք, երբ ժամանակը գա»:

Ի տարբերություն նրան, Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին քննադատեց Էրդողանի կառավարությանը, սակայնՙ անվճռականության եւ օրինագծի ընդունման համար նախադրյալներ ստեղծելու համար: Նա նշեց. «Եթե Սարկոզիի վարչակարգը հետամուտ է կոտորածի հետքերով գնալ, ապա թող շրջվի դեպի Աֆրիկա եւ Մերձավոր Արեւելք: Այս ամբարտավանությանը արժանի պատասխան տալու հարցում կառավարությունը չպետք է երկչոտություն ցուցաբերի: Սակայն Դերսիմի ապստամբությունը կանխելու ջանքերն անգամ որպես կոտորած բնութագրող վարչապետն ու նրա կառավարությունը հազիվ թե կարողանան ի չիք դարձնել ցեղասպանության պնդումներն ու անկեղծորեն պայքարել այդ պնդումների դեմ»:

Ինչ վերաբերում է «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթդին Դեմիրթաշին, ապա նա էլ, թուրքական հանրայինի արտահայտությամբ, փոխանակ Ֆրանսիային դատապարտելու, դատապարտեց Թուրքիային: Նա, մարդու իրավունքները սակարկության առարկա դարձնելու համար մեղադրելով Ֆրանսիային, այնուամենայնիվ ասաց. «Ինչո՞վ է դրանից տարբերվում կառավարության դիրքորոշումը: Մի՞թե Թուրքիան չի սակարկում մարդու իրավունքների խնդիրը: Ֆրանսիան արգելել է Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը: Կարծես դա ազատ է Թուրքիայում: Մի՞թե մենք կարողանում ենք այդ հարցը առանց վախենալու քննարկել Թուրքիայում կամ ազատորեն արծարծել հայ ժողովրդի ողբերգությունը»:

Մինչ Թուրքիայում իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները անհավասարակշիռ հայտարարություններով սպառնում էին Ֆրանսիային, նույն օրը Ելիսեյան պալատը հաղորդագրություն տարածեցՙ ընդգծելով. «Առաջիկա 15 օրվա ընթացքում Ֆրանսիայի նախագահը կհաստատի Սենատի ընդունած օրինագիծը, եւ դա օրենքի ուժ կստանա երկրում»:

Այլ կերպ, թուրքական սպառնալիքները տեղ չեն հասնում: Գալով թուրք պետական գործիչների անհավասարակշիռ հայտարարություններին, ապա դրանց անընդմեջ կրկնությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Թուրքիայի խնդիրը ոչ այնքան Ֆրանսիայի Սենատում ընդունված օրինագիծը չեզոքացնելն է, որքան համանման օրինագծերի ընդունումն այլ երկրներում կանխելը, ինչպես նաեւ ժխտողականության քրեականացման հարցում ԵՄ-ի երկրների միասնական մոտեցման դրսեւորումները բացառելը:

Համենայն դեպս, «Եվրոնյուզի» թուրքերեն տարբերակը երեկ կայքէջում գրել էր. «Ֆրանսիայի Սենատում 1915-ի Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո ուշադրության կենտրոնում է հայտնվել այս հարցում Գերմանիայի գլխավորությամբ ԵՄ-ի մյուս երկրների հնարավոր քաղաքականությունը: Ի վերջո Գերմանիայի հայերի կենտրոնական խորհուրդն արդեն սկսել է հանդես բերել ֆրանսիականին նման օրինագծի ընդունման նախաձեռնություն»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4