ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ
Երեկ Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան մոտ բողոքի երկու ակցիա էր ծրագրված: Առաջինը, որ կազմակերպել էին իշխանամետ «նախաձեռնողները», անցել է առանց բարդությունների: Ժամեր անց ոստիկանությունը խոչընդոտել է այսպես կոչված «Հանրային պալատի» պիկետը: Այն տեղափոխվել է դեսպանատանը մերձակա պուրակ, որտեղ էլ «Հանրային պալատում» ընդգրկված կուսակցությունների երիտասարդական կառույցները հրապարակել են իշխանություններին ներկայացվող պահանջները: Դրանք հանգում են հետեւյալին.
ադրբեջանական ժողովուրդը, բոլոր հասարակական-քաղաքական ուժերը Թուրքիայի կողքին են, լիովին պաշտպանում են նրան, երկրի իշխանությունն էլ պետք է միանշանակորեն սատարի Թուրքիային,
Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման Մինսկի խմբում հրաժարվել Ֆրանսիայի միջնորդությունից, միջնորդների շարքում ընդգրկել Եվրոմիությանը եւ Թուրքիային,
հայտարարել, որ անհնար է Ֆրանսիայի հետ առեւտրատնտեսական, այդ թվում` նավթագազային ոլորտում, հարաբերությունների շարունակումը եւ դրա հետ կապված համապատասխան որոշումներ ընդունել,
լուծարել Միլլի մեջլիսի Ֆրանսիայի խորհրդարանի հետ բարեկամության խումբը, նկատի առնել Ադրբեջանի քաղաքացիների` Ֆրանսիայի պետական պարգեւներից հրաժարվելու հարցը,
Ադրբեջանում Թուրքիայի եւ Թուրքիայում Ադրբեջանի շահերը հաշվի չառնող քաղաքականությունը եւ քարոզչությունը համարել վնասաբեր,
Հանրային պալատի արտասահմանյան բյուրոներին հանձնարարել, որպեսզի Ֆրանսիայի ընդունած օրենքի դեմ բողոքի ակցիաներում թուրքական համայնքների հետ մասնակցեն միասնաբար եւ ինքնուրույն ակցիաներ կազմակերպեն:
Սույն «օրակարգում» ամենաինտրիգայինը իշխանություններին ներկայացված երեք պահանջն է` Թուրքիային միանշանակորեն սատարելու կոչը, որից ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է Իլհամ Ալիեւի կողմից պաշտոնական հայտարարություն անելուն, Ադրբեջան- Ֆրանսիա բարեկամության խորհրդարանական խմբի լուծարումը, քանի որ ադրբեջանական կողմից այդ խմբի ղեկավարը Մեհրիբան Ալիեւան է, որ անցյալ աշնանը Փարիզում էր եւ արժանացել էր Սենատի նախագահի ընդունելությանը, վերջապես` ֆրանսիական պետական պարգեւներից հրաժարվելու «հարցի նկատի առնելու» մասին ակնարկը, որ դարձյալ ուղղակի հասցեագրված է Իլհամ Ալիեւին եւ առաջին տիկնոջը, որովհետեւ նրանցից զատ Ադրբեջանում ոչ ոք Ֆրանսիայի պետական պարգեւի չի արժանացել:
Այսպիսով, ադրբեջանական ընդդիմությունը փորձում է իշխանություններին դրդել հակաֆրանսիական արմատական քայլերի` հասկանալով հանդերձ, որ լավագույն ցանկության դեպքում իսկ Իլհամ Ալիեւը չի կարող հակադրվել Ֆրանսիային: Հետեւանքները կարող են ծանր լինել հենց Ադրբեջանի նախագահի համար:
Այս պահանջների շարքում մի կատարյալ զավեշտ էլ կա. առաջարկվում է Ֆրանսիայի փոխարեն ԵԱՀԿ ՄԽ-ում «ընդգրկել Եվրոմիությանը եւ Թուրքիային»: Բայց կցանկանա՞ միացյալ Եվրոպան ցեղասպան Թուրքիայի հետ նույն կառույցում աշխատել: Էլ ինչո՞ւ է Ֆրանսիայի Սենատը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենք ընդունել:
Այս վերջին դիտարկումն արվեց «լարվածությունը լիցքաթափելու» համար: Իրականում, թվում է, ադրբեջանական իշխանությունները կարող են հանրային լուրջ ճնշման ենթարկվել: Նույնիսկ ավանդաբար զուսպ «Զերկալո»-ն է իր վերլուծականում ընդգծել, որ «եկել է պարտքերը մարելու ժամանակը»: Ի՞նչ լուծում կփնտրի Իլհամ Ալիեւը` պարզ կդառնա, հավանաբար, Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում նրա հանդիպումներից հետո: