«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2012-01-24 | #12, 2012-01-25 | #13, 2012-01-26


ԳՅՈՒՄՐԻՆ` ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԱՍՊԱՐԵ՞Զ, ԹԵ՞ ԴԱՏԱՐԿՎՈՂ ՔԱՂԱՔ

«Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկումից

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Արդեն ձեւավորված խրախուսելի ավանդույթով «Սիվիլիթաս» հիմնադրամը հայաստանյան իրավիճակի իր տարեկան զեկույցը Երեւանից հետո երկրորդը ներկայացնում է Ստեփանակերտում, երրորդը` Գյումրիում, ընդհանուր համատեքստում խոսակցության ու հանրային քննարկման առարկա դարձնելով նաեւ տեղի հիմնախնդիրները:

Հունվարի 24-ին Գյումրու «Արեւամանուկ» կենտրոնում «Հայաստան 2011. Առանց պատրանքների» զեկույցի գրավոր ներկայացումից հետո ծավալվեց «Գյումրի. քաղաքական եւ տնտեսական ապակենտրոնացման հեռանկարները» թեմայով քննարկում, որը վարում էր լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը : Քննարկման սկզբում անդրադարձներ եղան եւ Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանն ու հայ-թուրքական հարաբերությունների վրա դրա հնարավոր ազդեցությանը, եւ մեզանում վաղուց խնդրահարույց դարձած ընտրություններին, որոնցով է Հայաստանում կարծես թե ամեն ինչ սկսվում ու ավարտվում: Բայց հիմնական թեման, ինչպես ասացինք, Գյումրին էր ու ապակենտրոնացման խնդիրը:

Այսօր մեր երկիրը շատերս ենք նմանեցնում մեծ գլխով ու փոքր, թույլ ոտքերով երեխայի, որտեղ գլուխը Երեւանն է, իսկ ոտքերը` մնացած հանրապետությունը: Ինչպես նշեց նաեւ Թաթուլ Հակոբյանը, Հայաստանը ռազմավարական ապագա չի կարող ունենալ այս ձեւով զարգանալու դեպքում. ամեն ինչ Երեւան, ամեն ինչ Երեւան... Տեսնո՞ւմ ենք արդյոք ապակենտրոնացման քաղաքականություն, եւ լսելով, ասենք, հանրապետության վարչապետի լավատեսական մեկնաբանությունները, թե այստեղ տեխնոպարկ են ստեղծելու, ուրիշ քաղաքում ինչ-որ ֆինանսական կենտրոն են բացելու, դեպի ապակենտրոնացում իրական ընթացք, շարժ տեսնո՞ւմ ենք: Պատասխանելով այս հարցին, քննարկման մասնակիցներից «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը նախ նկատեց, թե խնդրի իրական լուծում կարելի էր ակնկալել, եթե ապակենտրոնացում նաեւ քաղաքական համակարգում լիներ: Մինչդեռ նման խնդիր Հայաստանում չի դնում նաեւ մեր օրենսդրությունը, եւ քաղաքական համակարգն, ըստ նրա, սահմանափակված է Ազգային ժողովի շրջանակներում, նրանից դուրս քաղաքականություն ՀՀ-ում չկա: Վ. Թումասյանի գնահատմամբ` Գյումրին դատարկման վտանգի առջեւ է, եւ այս կերպ շարունակելու դեպքում այս քաղաքում կմնա ընդամենը այնքան բնակիչ, որ սպասարկի ռուսական ռազմաբազային: Այնինչ առաջին խնդիրը պետք է լիներ գյումրեցուն Գյումրիում պահելը:

Նման մտահոգություն արտահայտեց նաեւ Շիրակի մրցունակության կենտրոնի գործադիր տնօրեն Գայանե Ավագյանը . «Տեսնում ենք փակվող գործեր, գործազրկության ավելացում, ժամ առաջ հեռանալ շտապողներ...»: Ցավոք, այս իրավիճակում քաղաքն ինքը, նրա երիտասարդությունն էլ, Գ. Ավագյանի գնահատմամբ, շատ իներտ է, մինչդեռ երկկողմանի ձգտման դեպքում շատ բան կարելի էր վերականգնել: Շատ է խոսվել, օրինակ, Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու մասին, բայց խոսքը գործի չի վերածվել եւ չգիտես` նման ծրագիր դեռ կա՞ թե չկա: Քաղաքում զբոսաշրջության զարգացման եւ ընդհանրապես` Գյումրու տարբեր տեսակ հնարավորությունների օգտագործման, հարկային արտոնությունների տրամադրման նույնպես բազմիցս արծարծված խնդիրները նշեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, հավելելով սակայն, թե նման խնդիրների լուծման համար հարկավոր է դրանք խորությամբ ընկալելու ունակ իշխանություն, որը չունենք: «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող-մեկնաբան Դերենիկ Մալխասյանն էլ, մասնավորապես անդրադառնալով զարգացման հարցում փակ սահմանների հետ կապված պատճառաբանություններին, ասաց` եկեք առայժմ գոնե զարգացնենք այնքան, ինչքան հնարավոր է փակ սահմանների պայմաններում:

Ըստ քննարկման ժամանակ հնչած կարծիքների, մեր խնդիրների երեւի ավելի մեծ մասը մեր իրականության ներսում են, քան թե դրսում: Այս իրավիճակը փոխելու հարցում կարեւորելով ընտրությունների դերը, քննարկման մասնակիցներից ոմանք բավական հոռետեսական կարծիք հայտնեցին, թե գործող իշխանությունները ջանալու են ընտրությունները կեղծել մինչեւ քվեարկությունը, այսինքն այնպես անել, որ մարդիկ արդեն «զոմբիացված» գնան ընտրության...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4