Վրաց դիվանագետը հակամարտությունների լուծման համար կարեւորում է խաղաղ միջոցներն ու միջազգային իրավունքը
Վրաստանը «նշանակալի բարեփոխումներ» է իրականացնում «էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների ամբողջական ինտերգրման ուղղությամբ` օրենսդրական ջանքերով, կրթական ու սոցիալական նախագծերով` նրանց ինքնության պաշտպանության եւ ինքնաիրացման նոր հնարավորությունների ստեղծման նպատակով»:
Դժվար է ասել, թե վերջին մեկ-երկու տասնամյակի ընթացքում բացի կրոնական համայնքների մասին օրենքից ինչ այլ նախաձեռնություններ այս համատեքստում նկատի ուներ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն , որ երեկ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթ էր ունենում: Ամեն դեպքում, ըստ Վաշաձեի, պարզվում է, որ Վրաստանը արդյունավետ պետական ինստիտուտներ է հիմնել, որ «հնարավորություն են տալիս քաղաքացիներին ամբողջությամբ վայելել իրենց իրավունքներն ու ազատությունները»: Եվ սա այն դեպքում, երբ մեր հարեւան երկրում, արտգործնախարարի մատուցմամբ, «քաղաքացիական հասարակությունը ուժեղ է եւ ազդեցիկ, մամուլը ազատ է, ինչն օրինակելի է տարածաշրջանում»:
Որ վրացական մամուլը կարող էր օրինակելի լինել, փաստ է, բայց այդ ժամանակները անցել են, քանի որ հարեւանների մոտ էլ հեռուստաընկերությունները լծված են նախագահականի քարոզչության գործին: Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիների «իրավունքներն ու ազատությունները վայելելուն», ապա այս պարագայում Վաշաձեն, որ Ջավախքի մասին չի լսել որպես այդպիսին, երեւի նկատի չունի առնվազն հայերին կամ թեկուզ ադրբեջանցիներին: Մինչդեռ նրանք եւս Վրաստանի քաղաքացի են, բայց իրավունքների պաշտպանված լինելու առումով մի վիճակում են, որ նման է որեւէ իրավունք չունենալուն:
Որ Վաշաձեի ելույթի հիմնական խնդիրն ու մեղավորը, դժգոհն ու սխալ քայլեր կատարողը Ռուսաստանն էր, նորությունների շարքից չէ, բայց առավել հետաքրքրական էին կարեւորումները Վրաստանի աշխարհագրական դիրքի առնչությամբ: «Վրաստանը ազգերի ժողովրդավարական համայնքի վստահելի գործընկեր է եւ իր աշխարհագրությունը չի օգտագործում որպես լծակ` իր սեփական քաղաքական օրակարգում շահ ունենալու համար», հայտարարեց Վաշաձեն: Այս հարցում էլ հստակ է, որ ազնվությունը կամ իրականությունը ներկայացնելը նախարարական ելույթի կատեգորիա չէ:
Ամեն դեպքում, Վրաստանի «ժողովրդավար» կեցվածքի ներկայացումը շարունակվեց նաեւ վեհաժողովականների հարցերի ժամանակ, որոնց մեջ, ի դեպ, հարց էր նախապատրաստել նաեւ հայաստանյան պատվիրակությունից Զարուհի Փոստանջյանը , սակայն ժամանակը չբավարարեց այն հնչեցնելու համար: Փոստանջյանը պատրաստվում էր վրացի դիվանագետից ճշտել, թե երբ է Վրաստանը միանալու տարածաշրջանային լեզուների խարտիային, երբ են վերադարձվելու հայկական եկեղեցիները եւ դադարեցվելու ջավախահայ ակտիվիստների հետապնդումները:
Իսկ հնչեցված հարցերից մասնավորապես լիտվացի պատգամավոր Էգիդիժուս Վարեակիսի հարցը վերաբերում էր Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման գործընթացի հեռանկարին, որին Վաշաձեն արձագանքեց Ռուսաստանի քաղաքացի հարկատուների միջոցները «ճանաչում գնելուն» ուղղելու մտահոգությամբ, թե, օրինակ, Նաուրուին վճարվել է 50 մլն դոլար: Ռուսաստանի քաղաքացիների միջոցներին այդքան մտահոգ վերաբերվող վրաց արտգործնախարարը այնուամենայնիվ շեշտեց, որ ոչինչ չի փոխվում անկախ նրանից, թե «քանի խաղաղօվկիանոսյան երկիր կճանաչի»:
Ադրբեջանցի խորհրդարանական Գանիրա Փաշաեւան էլ փորձեց վրացի դիվանագետից ճշտել, թե որքանով է հակամարտությունների առումով ներկա վիճակը բավարարող: Փաշաեւայի իմացությունները թերեւս սահմանափակվում են ադրբեջանական անվտանգության ծառայությունների պատրաստած տեքստերով, այլապես Վաշաձեի համար էլ կարծես տարօրինակ թվաց, որ ադրբեջանցի պատվիրակը հիշատակեց «Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ղարաբաղի» խնդիրների մասին, երբ վրացական կողմը Հարավային Օսիան առավելագույնը «Ցխինվալի շրջան» է նշում:
Վաշաձեն բոլոր հակամարտությունների առումով նշեց, որ Վրաստանի համար հակամարտությունների լուծման հիմքը միջազգային իրավունքն է, քանի որ «սահմանների միակողմանի փոփոխությունը, այսինքն` տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության խախտումը, չի կարող բերել խաղաղության»: «Մենք կողմ ենք խաղաղ միջոցներին ու միջազգային իրավունքի պահպանմանը, որքան էլ ցավալի ու երկարատեւ լինեն բանակցությունները», պարզաբանեց Վաշաձեն, ավելացնելով, որ Վրաստանը աջակցում է ղարաբաղյան հարցում Մինսկի խմբի ջանքերին:
Ռուսաստանցի պատվիրակ Վալերի Ֆեդորովն էլ Վաշաձեից հետաքրքրվեց վրացական բանտում գտնվող թուրք մեսխեթցիների «Վաթան» կազակերպության նախագահ Սուլեյման Բարբակաձեին ազատելու մասին: «Լացս գալիս է, սիրտս կտոր-կտոր է լինում, երբ Ռուսաստանը խոսում է իր իսկ տիրապետման ժամանակ մեսխեթցիների արտաքսման մասին», հարցնողին ուղղակի ծաղրեց Վաշաձեն: «Մենք մեսխեթցիներից մոտ 5000 դիմում ենք ստացել, 300-ին արդեն ընթացք է տրվել, եւ ընդունել ենք», ասաց Վաշաձեն, ավելացնելով, որ 1940-ականներին արտաքսվել են ոչ միայն թուրքեր, այլեւ ազգությամբ վրացիներ եւ այլք: «Իսկ Բարբակաձեն թող դիմի համապատասխան ատյաններ», եզրափակեց Վրաստանի արտգործնախարարը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
Հ. Գ. Զարուհի Փոստանջյանը Գրիգոլ Վաշաձեին մինչեւ ԵԽԽՎ նստաշրջանը նամակ էր ուղարկել` քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի հետ տեսակցելու խնդրանքով: Այդ առնչությամբ Փոստանջյանի առանձին հարցմանը Վաշաձեն, ըստ հայաստանցի պատգամավորի, տեղեկացրել է, որ նամակը ստացվել է եւ ուղարկվել համապատասխան գերատեսչություն: Թե երբ կլինի վերջնական պատասխանը` Վաշաձեն չի հայտնել, բայց Փոստանջյանը պնդել է, որ կցանկանար Չախալյանին այցելել արդեն փետրվարին: