Ինչպես եւ ինչու է գերի հանձնվել ադրբեջանցի սերժանտը
Ադրբեջանի զինված ուժերի կրտսեր սերժանտ Մամեդբաղիր Ախունդզադեն հատել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը եւ գերի հանձնվել: Այդ մասին հաղորդել է ԼՂՀ Ռազմագերիների եւ պատանդների հարցով պետական հանձնաժողովը: Փաստը հաստատել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կատարվածը ներկայացրել է որպես կրտսեր սերժանտ Ախունդզադեին «գերի վերցնել»: Հարեւան երկրի պաշտպանական գերատեսչությունը, սակայն, «գերի վերցնելու» մասին որեւէ մանրամասնություն չի տարածել: Այդ կերպ անհասկանալի է մնում, թե ԼՂՀ ՊԲ զինծառայողներն ինչպե՞ս են «գերի վերցրել» Մամեդբաղիր Ախունզադեին, եթե վերջինս զորքերի շփման գիծը չի հատել:
APA գործակալությունը հարցազրույց է ունեցել դասալիք կրտսեր սերժանտի հոր` Թալիբ Ախունդովի հետ: Վերջինս ասել է, որ «Մամեդբաղիրը հայերին ատում էր, երազում, որ ադրբեջանական հողերն ազատագրվեն բռնազավթումից: Որդիս երբեք կամավոր հայերին չէր հանձնվի»: Նա ավելացրել է, որ անցյալ դեկտեմբերի 7-ին Մամեդբաղիրը արձակուրդ է ստացել, որից հետո վերադարձել է զորամաս: Լրատվամիջոցը հավելյալ պարզաբանել է, որ Մամեդբաղիրը մինչեւ 2010թ. հունիս ծառայել է Ադրբեջանի սահմանապահ զորքերում, որից հետո «որպես կրտսեր սերժանտ գերժամկետային ծառայության անցել Թարթառի զորամասում»:
Թալիբ Ախունդովը դա ներկայացնում է այսպես. «Եթե որդիս հայրենիքը չսիրեր, ծառայությունն ավարտելուց հետո կրկին բանակի շարքեր չէր վերադառնա»: Այստեղ ադրբեջանական լրատվամիջոցը վրիպել էՙ իր կողմից ներկայացնելով, որ Մամեդբաղիր Ախունդզադեն ժամկետային ծառայությունից հետո «մնացել է բանակում», APA-ի հեղինակը չի հասցրել խմբագրել նրա հոր խոսքը, ըստ որի որդին «կրկին վերադարձել է բանակի շարքերը»:
Իսկ սրանք տարբեր բաներ են: Թալիբ Ախունդովի ասածից հետեւում է, որ Մամեդբաղիրը, ժամկետային ծառայությունը սահմանապահ զորքերում ավարտելուց հետո մի որոշ ժամանակ ապրել է քաղաքացիական կյանքով, ապա կրկին «վերադարձել բանակի շարքերը»: Ե՞րբ է դա տեղի ունեցել` հայտնի չէ: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ եթե Մամեդբաղիր Ախունդզադեն կյանքը զինված ուժերի հետ կապելու ցանկություն ունենար, ապա կմնար սահմանապահ զորքերում: Նա, մինչդեռ, «գերժամկետային ծառայության է անցել» Թարթառի զորամասում: Այն է` մերձճակատային գծում:
Վստահաբար կարելի է պնդել, որ Մամեդբաղիր Ախունզադեն Թարթառի զորամաս է ուղարկվել իր կամքին հակառակ: Դա վկայում է, որ Ադրբեջանի զինված ուժերում սերժանտական կազմի պակաս կա, եւ դա լրացվում է զինկոմիսարիատների միջոցով` «կամավոր-պարտադիր» սկզբունքով: Մամեդբաղիր Ախունզադեն մեկն է նրանցից, որոնց հարեւան երկրի իշխանությունները ստիպողաբար քշում են մերձճակատային զորամասեր, քանի որ բանակում եւ զինկոմիսարիատներում տիրող կոռուպցիոն կապերի միջոցով «նոր ադրբեջանցիներին» հաջողվում է իրենց զավակներին հեռու պահել վտանգավոր ծառայությունից:
Դասալիք կրտսեր սերժանտի ազգանվան «զադե» վերջավորությունը հուշում է, որ նա ազգությամբ ադրբեջանցի չէ, այլ` թալիշ: Հնարավոր է, որ այս հանգամանքն էլ նրա որոշման վրա ազդեցութուն ունեցել է: Վերջապես, դատելով այս լուսանկարից, Մամեդբաղիր Ախունզադեն բոլորովին էլ «բոյեւիկ» չէ: Ինչը եւս մի ապացույց է, որ նա կամավոր է լքել զորամասն ու գերի հանձնվել:
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած «հերքումն» ավելի շուտ հաստատում է միջադեպի վերաբերյալ ԼՂՀ պատկան մարմինների տարածած տեղեկատվությունը:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ