Արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն ունեցել են երկնիշ աճ, շինարարությունը` երկնիշ անկում
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2011-ի հունվար-դեկտեմբեր ամիսների, այսինքնՙ տարեկան, սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվությունը (ՏԱՑ) նախորդ տարվա համեմատ աճել է 5,9 տոկոսով: Հիշեցնենք, որ սկսած այս տարվանից Ազգային վիճակագրական ծառայությունն անցնում է մակրոտնտեսական ցուցանիշների հավաքման, հրապարակման եւ ամփոփման նոր մեթոդի: Մասնավորապես, դադարեցվում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամսական հաշվարկումը, իսկ որպես տնտեսության վիճակը գնահատող ամսական ցուցանիշ ներկայացվելու է տնտեսական ակտիվության ցուցանիշը:
Վերոնշյալ ցուցանիշի մեջ ամենադրականն այն է, որ երկնիշ աճ են ունեցել տնտեսության իրական հատվածի ճյուղերը` արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը` երկուսի դեպքում էլ 14,1 տոկոս: Իսկ բացասականն այն է, որ շինարարությունն այդպես էլ չի կարողանում հասնել նախաճգնաժամային ցուցանիշին, եւ անկումն այստեղ շարունակվում է: 2011-ին` 2010-ի համեմատ, շինարարության ծավալները նվազել են 11,5 տոկոսով: Առեւտրաշրջանառությունն աճել է 3,5 տոկոսով, ծառայություններինը` 6,1 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 14,5 տոկոսով:
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2011-ին 2010-ի համեմատ աճել է 14,4 տոկոսով եւ կազմել 5 մլրդ 481 մլն դոլար: Արտահանումը կազմել է 1 մլրդ 329 մլն 500 հզ. դոլար, նախորդ տարվա համեմատ արձանագրելով 27,7 տոկոս աճ: Ներմուծումը կազմել է 4 մլրդ 151 մլն 500 հզ. դոլար, նախորդ տարվա համեմատ աճելով 10,7 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 2011-ին կազմել է 2 մլրդ 822 մլն դոլար: Գումարային առումով, սակայն, ներմուծումն ավելի մեծ աճ է ունեցել` 368 մլն դոլարով, իսկ արտահանումը` 318 մլն դոլարով: Բացասական հաշվեկշիռը խորացել է` կազմելով 2 մլրդ 822 մլն դոլար` 2010-ի 2 մլրդ 771 մլն դոլարի դիմաց:
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում 2011-ին կազմել է 115 հազար դրամ, մասնավոր հատվածումՙ 141 հազար դրամ, պետականումՙ 93 հազար դրամ:
Ինչ վերաբերում է 2011-ի միայն դեկտեմբեր ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել է 6,1 տոկոս աճ: Իսկ ահա նախորդ ամսվաՙ նոյեմբերի նկատմամբ արձանագրվել է 15 տոկոս աճ: Սա բնական պետք է համարել այն առումով, որ դեկտեմբերը տնտեսապես ավելի աշխույժ ամիս է, քան նոյեմբերը:
Արդյունաբերությունը շարունակում է տնտեսական ակտիվության աճի հիմնական շարժիչ ուժը լինել: Դեկտեմբերին աճն այստեղ կազմել է 16 տոկոս, իսկ նախորդ ամսվա նոյեմբերի համեմատՙ 7,2 տոկոս: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել է 2,3 տոկոսով, իսկ այս տարվա նոյեմբերի նկատմամբՙ 9,7 տոկոսով: Շինարարությունը նոյեմբերին արձանագրել է 16,3 տոկոս աճ, իսկ այս տարվա նոյեմբերի համեմատ` 33,5 տոկոսով: Մանրածախ առեւտրում նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 6,7 տոկոս աճ, իսկ այս տարվա նոյեմբերի նկատմամբՙ 59 տոկոս աճ: Ծառայությունների ոլորտում անցյալ տարվա դեկտեմբերի նկատմամբ աճը կազմել է 8,7 տոկոս, իսկ այս տարվա նոյեմբերի նկատմամբՙ 17,6 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 25,4 տոկոսով, իսկ նոյեմբերի նկատմամբՙ 23,7 տոկոսով:
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2011-ի դեկտեմբերին 2010-ի դեկտեմբերի նկատմամբ նվազել է 1,3 տոկոսով եւ կազմել 523,1 մլն դոլար, իսկ դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ աճել է 3,7 տոկոսով: Արտահանումը կազմել է 122,8 մլն դոլար, արձանագրելով 2,1 տոկոս աճ, իսկ դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ նվազել է 1 տոկոսով: Ներմուծումը կազմել է 400,3 մլն դոլար, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազելով 2,3 տոկոսով, իսկ այս տարվա նոյեմբերի համեմատՙ աճելով 5,2 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը դեկտեմբերին կազմել է 277,5 մլն դոլար:
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում դեկտեմբերին կազմել է 114 հազար դրամ, մասնավոր հատվածումՙ 174 հազար դրամ, պետականումՙ 118 հազար դրամ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ