Քննարկվել են Մանուկ Վարդանյանի եւ «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ»-ի ղեկավարների հանդիպման ժամանակ
Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարությունից, նախարար Մանուկ Վարդանյանը երեկ ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին, «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» խմբի եվրոպական շուկաների գործադիր փոխնախագահ Բենուա Շինին եւ «Օրանժ Արմենիա» ընկերության տնօրեն Բրունո Դյութուային: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Անրի Ռենոյին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար: Դեսպանն իր հերթին նշել է, որ այդ օրինագիծն ուղղված չէ ոչ մի երկրի դեմ, եւ հույս է հայտնել, որ մյուս երկրներն էլ կհետեւն Ֆրանսիայի օրինակին:
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարը գոհունակություն է հայտնել «Օրանժ Արմենիա»-ի գործունեությունից եւ «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» խմբի ներկայացուցչին առաջարկել է քննարկել ռոմինգ ծառայության սակագների նվազեցման, ինչպես նաեւ արբանյակային հեռարձակման միջոցով ինտերնետ ծառայությունների մատուցման հարցերը` օգտվելով Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից Հայաստանին հատկացված երկու արբանյակներից, ինչպես նաեւ ֆրանսիական արբանյակների համակարգից:
«Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» խմբի եվրոպական շուկաների գործադիր փոխնախագահ Բենուա Շինը կարեւորել է բջջային հեռախոսահամարների շարժականության համակարգի ներդրումը (օպերատորների փոփոխության դեպքում բջջային հեռախոսահամարները չեն փոխվում) եւ այդ հարցում նախարարության աջակցությունը: Նախարար Մանուկ Վարդանյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի այդ հարցը` հաշվի առնելով եվրոպական երկրների օրենսդրությունը, մյուս օպերատորների շահագրգռվածությունը եւ փորձը:
Ա. Մ.